ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը Գյումրիում երրորդ անգամ սոցիալական բնակարաններ կկառուցի: Այս ծրագրի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց այսօր`մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև: Ծրագիրը երկու կարևոր խնդիր է լուծում՝ քաղաքն ազատում է կիսակառույց շենքերից և անապահով ընտանիքներին՝ հիմնականում միայնակ ծերերին, օթևան է տալիս:
Ի տարբերություն նախորդ երկու փուլերի, այս անգամ սոցիալապես անապահով ավելի շատ ընտանիք տանիք կունենա: Նոր փուլով Գյումրիում կիսակառույց շենքերի վերակառուցման արդյունքում 18 բնակարան շահագործման կհանձնվի, որից 14-ը մեկսենյականոց, 4-ը երկուսենյականոց:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից: Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կմեկնարկեն հիմա և կավարտվեն մինչև տարեվերջ:
«Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին և ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ սա բարեգործական կազմակերպության լավագույն և հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ փոխադարձ վստահությունը քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա ավելի լուրջ ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարները պատրաստակամություն են հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը:
Նշենք, որ ԱՌԴԱ-ի աջակցությամբ Գյումրիում 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան, ևս 12 բնակարան շահագործման էր հանձնվել 2018 թվականին: