Վիրահատարանում

Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան

172
(Թարմացված է 19:57 07.05.2019)
Նախարարի խոսքով` դիակային փոխպատվաստման ողջ գործընթացը խիստ կանոնակարգված է լինելու։ Բացի այդ, մարդիկ կարող են նաև հրաժարվել իրենց օրգանները տրամադրել, ինչն օրենքով է ամրագրված լինելու։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը։ Այս մասին Sputnik Արմենիայի և «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը Հայաստանում նախատեսում է առաջիկայում դիակային փոխպատվաստում սկսել։

Арсен Торосян
© Sputnik / Asatur Yesayants.
Արսեն Թորոսյան. ՀՀ առողջապահության նախարար

«Փոխպատվաստման օրենքը վաղուց կա, պարզապես որևէ բան չի արվել համակարգը Հայաստանում ներդնելու համար։ Այսինքն` մենք ոչինչ չենք հնարել, բայց գտնում ենք, որ մարդկանց փրկելու համար պետք է նաև դիակային փոխպատվաստում իրականացնել։ Սա, իսկապես, տասնյակ կյանքեր է փրկելու։ Վստահեցնում եմ` դիակային փոխպատվաստման հետ կապված անհանգստանալու որևէ առիթ չկա, և ինքս էլ պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` դիակային փոխպատվաստման ողջ գործընթացը խիստ կանոնակարգված է լինելու։ Բացի այդ, ըստ նրա, մարդիկ կարող են նաև հրաժարվել իրենց օրգանները տրամադրել, ինչն օրենքով է ամրագրված լինելու։

Սակայն մինչև դիակային փոխպատվաստմանն անցնելուն` դեռ մի շարք անելիքներ կան։ Թորոսյանը նշեց, որ նախ պետք է ռեեստր ստեղծեն, վերապատրաստեն այն ԲԿ–ների բժիշկներին, որտեղից պետք է վերցվեն այդ օրգանները, ինչպես նաև նրանց, որոնք պետք է փոխպատվաստումներ իրականացնեն։ «Դիակային փոխպատվաստման առնչությամբ հնչող «մտահոգությունների» մեծ մասը գալիս է նրանից, որ Հայաստանում որոշ մարդիկ ամեն հաջորդ օրն ապոկալիպսիս են կանխատեսում։ Իսկ ես հույս ունեմ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում մեզ կհաջողվի ծրագիրը կյանքի կոչել` նախապատրաստված ու ապահովելով դրա թափանցիկությունը»,–ասաց նա։

Նկատառմանը, թե քաղաքացիների մտահոգությունը հիմնականում կախված է անընդմեջ շրջանառվող լուրերից, որ մի շարք առաջատար երկրներում օրգանների վաճառքի մաֆիա կա և ինչպե՞ս է Հայաստանում վերահսկողությունը կազմակերպվելու` Թորոսյանն արձագանքեց, թե շատ երկրներում տարբեր բացասական երևույթներ կան, այլ հարց է` մենք ինչ արդյունք ենք ուզում ունենալ և ինչի հասնել. «Դիակային փոխպատվաստում իրականացվում է Բելառուսում, ՌԴ–ում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում... Սովորաբար դիակային փոխպատվաստման համար օգտագործվում են դժբախտ պատահարների հետևանքով մահացած քաղաքացիների օրգանները, մասնավորապես` գլխուղեղի վնասվածք ստացած մարդկանց օրգանները, քանի որ նրանց այլ օրգանները վնասված չեն լինում»։

Նա նշեց նաև, որ դիակային փոխպատվաստման մեկնարկից սկսած` պետությունն, ամենակարևորը, պետք է ապահովի այդ պրոցեսի թափանցիկությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24–ին Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետները։

172
թեգերը:
Հայաստան, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն
Ըստ թեմայի
Այ քեզ բան. դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը
Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից
Հայաստանում մտածում են խթանել դիակային փոխպատվաստումը. Հելեն Նազարյան
ՀՀ–ում լյարդի փոխպատվաստում կարվի կենդանի դոնորից. ինչպես վերահսկել օրգանների առևտուրը
Օրգանների փոխպատվաստումը կվերահսկի անձամբ նախարարը