Կիբեռսպորտ

Հայերը հաղթելու հնարավորություն դեռ ունեն. նժարին 1 միլիոն դոլար է դրված

80
Տեսախաղերը կարող են ագրեսիվ վարքի կարգավորման ու վստահելի հարաբերություններ հաստատելու ինքնատիպ մեթոդ համարվել։ Կլինիկական հոգեբանները նույնիսկ այնպիսի խաղերի ցանկ են կազմել, որոնք օգտագործվում են թերապևտիկ նպատակներով։

Գեորգի Մուրադյան, Sputnik.

Virtus Pro ռուսական թիմը, որի կազմում խաղում է Վլադիմիր Նիկողոսյանը, երկրորդ տեղն է գրավել DreamLeague Major կիբեռսպորտային մրցաշարում։

Կանադական Evil Geniuses-ը, որի կազմում ևս հայրենակից ունենք` Արթուր Բաբաևը, փլեյ-օֆի լարված պայքարում 2:1 հաշվով պարտվել է Virtus Prо-ին։ Այդ հաղթանակից հետո Virtus Pro-ն կարողացավ համեմատաբար հեշտ հասնել եզրափակիչ, որտեղ Վլադիմիր Նիկողոսյանի թիմը խաղաց չինական Vici Gaming-ի դեմ։ Արդյունքում հաղթեցին չինացիները, բայց Virtus Pro-ի խաղն իսկապես ուշագրավ էր` հաշվի առնելով նրանց համառությունն ու 2:3 հաշիվը (հօգուտ չինացիների)։

Հիշեցնենք՝ մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար էր, որի կեսը խաղարկվում էր բոլոր մասնակիցների միջև, մյուս կեսը՝ առաջատար չորս թիմերի։ Այսպես՝ չինական Vici Gaming-ը հեռացավ 350 000 դոլարով, Virtus Pro-ին բաժին ընկավ 170 000 դոլար, որը կա՛մ կբաժանվի թիմի բոլոր մասնակիցների միջև, կա՛մ կուղղվի թիմի ընդհանուր ծախսերին (նոր խաղացողների տրանսֆերտ կամ նոր սարքավորման գնում)։

Վաղուց է հայտնի, որ կիբեռսպորտային մարզաձևերը, ինչպիսին Dota 2–ն է (Dreamleague Major մրցաշարում հենց այս խաղով էին մրցում), զարգացնում են խաղացողների ռեակցիան ու կոգնիտիվ ֆունկցիաները, սակայն Variety–ում վերջերս հրապարակված հոդվածում կլինիկական հոգեբանները խոսում են նաև տեսախաղերի թերապևտիկ ազդեցության մասին։ Բժիշկ Ռայան Քելին ասում է, որ թեև ծնողները սովորաբար տեսախաղերի հանդեպ սերը կապում են համակարգչային կախվածության հետ, այդուհանդերձ խաղն ավելի շուտ այլ կենցաղային խնդիրներից փախչելու միջոց է, քան նման պահվածքի սկզբնապատճառ։

Այսպիսով, տեսախաղերը կարող են ագրեսիվ վարքի կարգավորման ու վստահելի հարաբերություններ հաստատելու ինքնատիպ մեթոդ համարվել։ Կլինիկական հոգեբանները նույնիսկ այնպիսի խաղերի ցանկ են կազմել, որոնք օգտագործվում են թերապևտիկ նպատակներով։ Այդ ցանկում և՛ երեխաների ու պատանիների համար նախատեսված մրցավազքեր ու sandbox խաղեր կան, ինչպիսիք են Mario Kart-ն ու Minecraft-ը, և՛ ավանդականորեն «ագրեսիվ» համարվող Overwatch-ի ու Destiny –ի տիպի շութերներ, որոնք նաև կիբեռսպորտային մարզաձև են համարվում։

Եթե որոշ խաղեր դիզայնի, խաղի ընթացքի կամ որևէ այլ ասպեկտներով օգնում են խաղացողներին տարատեսակ հոգեբանական խնդիրներ հաղթահարել, ապա դժվար է ասել՝ ինչպես երկար աշխատանքային օրվանից հետո մարդ կարող է հանգստանալ, խաղալով այնպիսի բարդ խաղեր, ինչպիսին է Sekiro: Shadows Die Twice խաղը։ Խաղացողների մեծ մասն արձագանքում է այդ խաղին այնպես՝ ինչպես ցույց է տված ստորև ներկայացված տեսանյութում։

Խաղը մի քանի օր առաջ է թողարկվել, սակայն գեյմերներն արդեն հասցրել են այն որակել որպես «տեսախաղերի պատմության մեջ բարդագույնը», նրանք կոտրում են ստեղնաշարերն ու գեյփադները՝ փորձելով անցնել գոնե առաջին խաղային բոսերին։ Սակայն համառ ու համբերատար խաղացողներին Sekiro-ն պարգևատրում է խորը մթնոլորտով ու սյուժեի մեջ շատ գրագետ կերպով մտցված ճապոնական առասպելաբանությամբ, որտեղ միահյուսվում են ավատատիրական շրջանի Ճապոնիայի լեգենդները` կապված Յոկայի ոգիների հետ, և մահկանացուների ու աստվածների հակամարտությունը։ Նրանք, ովքեր ուզում են սուզվել Ճապոնիայի առեղծվածային աշխարհում, կարող են այդ խաղը փորձել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ խաղային վահանակներով համապատասխան պաշտոնական հարթակներում։

Wolfenstein: Youngblood-ը մեկ այլ խաղ է` գիտական ֆանտաստիկայի տարրերով։ Wolfenstein խաղի սյուժեի համաձայն՝ նացիստական Գերմանիան հաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ու պայքարում է դիմակայության վերջին օջախների դեմ։ Wolfenstein: Youngblood սերիայի նոր խաղում խաղացողները կհայտնվեն այլընտրանքային ութսունականներում ու կդիմադրեն նացիստներին Փարիզում և այլ մեգապոլիսներում։ Այնպես որ եթե ձեզ հետաքրքիր է տեսնել նացիստների գրաված 80-ականների Փարիզը կամ Երրորդ ռայխում ստեղծված դիսկո ժանրի երաժշտություն լսել, ապա արժե այդ խաղին սպասել։

Թեև Արթուր Բաբաևի թիմը դուրս է մնացել փլեյ-օֆից, այդուհանդերձ դեռ Virtus Pro–ից ռևանշ վերցնելու հնարավորություն ունի։ Մարտի վերջից մինչև ապրիլի վերջը Dota 2 կիբեռսպորտի չորրորդ մրցաշարի որակավորման ընտրությունն է անցկացվելու, ու երկու թիմն էլ առաջատար են ԱՊՀ–ի ու Հյուսիսային Ամերիկայի վարկանիշային աղյուսակներում։ Բուն մրցաշարը կանցկացվի Փարիզում մայիսի 4–12–ը, մրցանակային ֆոնդը նույնն է՝ մեկ միլիոն դոլար։

80
Ըստ թեմայի
Այ քեզ բան. տղամարդիկ կկարողանան հանգիստ հայհոյել, Instagram-ը խանութ կդառնա, մենք էլ` Բախ
Այ քեզ բան. մետրոն դառնում է «խելացի», իսկ տաքսու վարորդը նոր աշխատանք պիտի փնտրի
Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում