Տիգրան Ղազարյան

Վիետնամական խոզերով «վարդամորու» դրախտ. հայ ծրագրավորողը յուրահատուկ բիզնես է սկսել

501
(Թարմացված է 15:17 03.04.2019)
Չարենցավանի գործիքաշինական գործարանի ծրագրավորող Տիգրան Ղազարյանն ինքնատիպ բիզնես է հիմնել, որը կապված է սարերում աճող հատապտուղների, վարդի այգիների և խոզաբուծության հետ։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Չարենցավանի գործիքաշինական գործարանի ծրագրավորող Տիգրան Ղազարյանը սկսեց օրգանական հատապտուղներ և վարդեր աճեցնել։

Հայտնի գաջեթների շարքում կան մի քանիսը, որոնք «հատապտղային » անվանում ունեն, օրինակ` Raspberry մինի–համակարգիչը (որոնցով ծրագրեր են կազմում սարքերի համար), Blackberry սմարթֆոնները։ Կա նաև Blueberry անվանումով ընկերություն, որը թողարկում է FlashBack ծրագիրը։

Եվ հայտնի չէ, թե ինչ մտահղացումներ կիրագործեր չարենցավանցի Տիգրան Ղազարյանը, եթե չփլուզվեր Խորհրդային Միությունը։ Բայց այսօր նա արտադրում է և՛ raspberry, և՛ blackberry, ընդ որում` ամենաուղիղ իմաստով։ Նա ստեղծել է ամբողջ Հայաստանում ամենախոշոր օրգանական հատապտուղների այգիներից մեկը։

Իսկ դրանից բացի ուրիշ ի՞նչ կարող էր ստեղծել Չարենցավանում։ Մի՛ ժպտացեք։ Չէ՞ որ Չարենցավանը միշտ չէր այնպիսին, ինչպիսին այսօր է։ Ժամանակին այստեղ գործել է Անդրկովկասի ամենամեծ գործիքաշինական գործարաններից մեկը։ Դրանից բացի, քաղաքում գործել են հաստոցաշինական գործարանն ու «Ցենտրոլիտը», որտեղ մետաղական իրեր էին արտադրում։

1988 թվականին Ղազարյանն ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։ Շուտով Չարենցավանի գործիքաշինական գործարանում սկսեց ալգորիթմներ կազմել խառատի և մամլիչ հաստոցների համար։

90-ականներին` տրանսպորտային շրջափակման ժամանակ, գործարանում գրեթե դադարեցվեցին մետաղի մատակարարումները։ Այսինքն` պատվերներ էլ գրեթե վերացան։ 1993 թվականին Ղազարյանը հեռացավ գործարանից, որպեսզի գոնե ինչ–որ կերպ գումար աշխատի։

«Գիտեք` հեշտ ժամանակներ չէին։ Գործարանները գրեթե քանդվում էին։ Ես էլ ինչ գործ կարողանում էի, անում էի։ Ջահեր էի պատրաստում, ոսկերչական զարդեր, հարսանեկան հուշանվերներ», – պատմում է նա։

Հոգսը փոքր–ինչ մոռացության էր տալիս մորին։ Ավելի ճիշտ ոչ այդքան հենց մորին, որքան թփերը, որոնցով նա ազատ ժամանակ զբաղվում էր տան մոտ գտնվող այգում։

«Եվ ինչ-որ պահի ես որոշեցի հատապտուղների աճեցնել։ Սկսեցի աշխատել, լրացուցիչ հողեր վարձակալեցի, հետո գնեցի դրանք։ Հետո նորից։ Այսօր մենք 15 հեկտար ունենք։ Իսկ սկսել ենք 500 քմ–ից», – պատմում է նա։

Նրան օգնեց ալգորիթմային մտածողությունը։ Մորու կողքին նաև մոշ ու այլ հատապտուղներ տնկեց։ Իսկ տեսնելով, թե քաղհանից հետո որքան մոլախոտ է հավաքվում, սկսեց դրանք թափելու փոխարեն խոզ պահել։

«Ես վերցրի ոչ թե սպիտակ, այլ սև, վիետնամականներից։ Եվ չզղջացի։ Բարձր իմունիտետ ունեն, արագ են քաշ հավաքում և հանգիստ են. ցանկապատ չեն կոտրում, չեն փորձում փախչել, ուր ասես չեն մտնում։ Մոլախոտը հավաքում, դնում ես դիմացները, իրենց համար ուտում են», – ասում է նա։

Խոզերի կողքին (դե, իհարկե, ոչ շատ մոտ) վարդերի թփեր տնկեց։ Եվ սա էլ զվարճանքի համար չէր, այլ հստակ հաշվարկով արված գործ։

Թոշնած վարդն ավելի շուտ բանաստեղծական չափազանցություն է, համոզված է նա։ Իրականում վարդը շատ դիմացկուն բույս է, ոչ մի հիվանդություն չի կպչում, և նույնիսկ շատ ջուր էլ պետք չէ։ Այժմ իր ծաղկանոցից վարդեր է մատակարարում պահածոների մի քանի գործարանների, որոնք վերջին տարիներին ավելացնում են վարդի մուրաբայի արտադրությունը։

Այժմ ուզում է ընդլայնել վարդերի թիվը` օծանելիքի արտադրության մեջ օգտագործվող հայտնի եթերային յուղ ստանալու համար։ Այդ յուղի մեկ կիլոգրամն ավելի քան 10 հազար եվրո արժե։ Ճիշտ է` արդեն ծավալները պետք է զգալի մեծացնել։

«4 տոննա վարդից մեկ կիլոգրամ յուղ է ստացվում։ Իսկ 1-2 կիլոգրամի համար ոչ ոք պայմանագիր չի կնքի։ Այսօր իմ մոտ ամենաշատը 2-3 է ստացվում։ Այդ պատճառով ավելացնում եմ թփերը։ Շուտով դաշտերն ավելի վարդագույն կդառնան», – ժպտում է նա։

Իսկ չի ցանկանո՞ւմ նաև մեղվաբուծական տնտեսություն հիմնել` աշխատանքի նույն ալգորիթմով։ Պարզվու է` այդ դեպքում ավելի կարևոր է մարդկային կապերի ալգորիթմը։

«Կարիք չկա։ Հարևաններն արդեն զբաղվում են դրանով, իմ դաշտերի շուրջ։ Ինչո՞ւ խանգարեմ նրանց։ Իմ գործն ինձ հերիք է», – ասում է Ղազարյանը։

Վերջերս գրավիչ բույրը զգալով` մի փարիզցի է այցելել նրան։ Ֆրանսիս Քյուրքջյանը, որը Jean-Paul Gautier, Burberry և Nina Ricci ապրանքանիշների համար օծանելիքներ է ստեղծում, հետաքրքրվել է, թե արդյո՞ք հնարավոր է հումք ձեռք բերել հայրենակցից։

«Սպասում ենք, որ կրկին գա։ Այնպես որ աշխատելու իմաստ կա», – ասում է Ղազարյանը։

Փարիզը` Փարիզ, բայց ուրիշ գործեր էլ կան։ Այդ թվում` նաև հատապտուղների հետ կապված (որից էլ սկսել էինք մեր պատմությունը)։ 2005 թվականին նա հատապտղային այգիների համար օրգանական արտոնագիր է ստացել։ Այստեղ ո՛չ պեստիցիդներ, ո՛չ քիմիական պարարտանյութեր չեն օգտագործվում։ Պեստիցիդներ կարիք առանձնապես ոչ էլ կա։ Այստեղ` լեռներում, հատապտուղների վնասատուներ գրեթե չկան, վստահեցնում է նա։

Մորու հետ նույն պատմությունն է, ինչ վարդերի. միայն թե արտաքինից ավելի փափուկ է։ Թփերը դիմանում են և՛ ցրտին, և՛ կարկուտին։

«Կարկտակայուն են նաև, քանի որ այդքան վաղ չեն ծաղկում։ Միայն շատ ջուր է ուզում։ Ուրիշ ոչինչ պետք չէ», – ասում է Ղազարյանը։

Նա և՛ տեղական տեսակներ է աճեցնում, և՛ արտասահմանյան. դրանք չեն թոշնում, եթե երկար ճանապարհ են գալիս։ Համը, իհարկե, այն չէ, բայց դա էլ է հնարավոր շտկել, վստահեցնում է նա։

«Սկզբում տնկեցի, այդքան էլ համով չէին։ Իսկ 2-3 տարի անց տեսնեմ` համը փոխվում է։ Մեր արևը, հողը իրենցն անում են», – ժպտում է ծրագրավորող գյուղացին։

Այսօր նա հատապտուղների տնկարան է ստեղծել (նույնպես օրգանական)։ Եվ սա նրա ալգորիթմի վերջին տողը չէ. պատրաստվում է կաթիլային ոռոգում անցկացնել, որպեսզի ջուրն էլ իզուր չկորչի։

Օրգանական տնկարան ստեղծելու հարցում Ղազարյանն աջակցություն է ստացել գյուղատնտեսության աջակցման նախաձեռնության շրջանակում, որի ֆինանսավորել է ԵՄ–ն և իրականացրել Զարգացման ավստրիական գործակալությունը։ Մնացած ամեն բան նա մենակ է արել` առանց կողմնակի օգնության։

501
Ըստ թեմայի
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ
Ռուս-հուդայական հետք Սևանի ափին. ի՞նչ է թաքցնում Երշովի տունը