Մասիսի աղբավայր

Գոնե Երևանի աղբը այստեղ չհասներ. աղբավայրի պատճառով Մասիսում սովորում են չշնչել

1456
Մասիսի տարածաշրջանում աղբն ամենուր է, վաղուց դուրս է եկել աղբանոցի տարածքից ու լցվել հարակից ճանապարհները, դաշտերն ու հարևանությամբ հոսող գետը: Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը պատկանող աղբանոցը դարձել է նոր քաղաքապետի լրջագույն խնդիրը:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակիչները Հայաստանում թերևս այն եզակի մարդկանցից են, որոնք ոչ միայն չեն սպասում գարնան գալուն, այլև սարսափում են մոտեցող ամռան հեռանկարից:

Սահմանամերձ Ռանչպար գյուղի բնակիչ Սիմոն Քարամյանը Sputnik Արմենիային պատմեց, որ գյուղի հարևանությամբ գտնվող աղբավայրի պատճառով տարվա շոգ եղանակին իրենք ուղղակի չեն կարողանում շնչել:

Житель села Ранчпар Симон Карамян
© Sputnik / Aram Nersesyan ,
Սիմոն Քարամյան

«Ամառը, որ աղբը վառում են, մեր ամբողջ գյուղը ծխի մեջ կորում է: Ծուխը մառախուղի պես գյուղը պատում է։ Ուղղակի անհնար է լինում դիմանալ էդ հոտին ու ծխին։ Մայիսից հետո` մինչև հոկտեմբեր, անտանելի է լինում, չենք կարողանում շնչել»,- ասաց նա։

Գյուղի բնակիչներն աղբավայրի խնդիրը լուծելու խնդրանքով բազմիցս դիմել են տեղական իշխանությանը, բայց արդյունք չի տվել։

Ռանչպարցիների տեղեկություններով` աղբավայրի սեփականատերը Մասիսի նախկին քաղաքապետի բարեկամն է, որը տարիներ շարունակ դուրս է եղել որևէ հսկողությունից:

Мусорная свалка города Масис
© Sputnik / Aram Nersesyan ,
Մասիսի աղբավայր

Մասիսի քաղաքապետարանում ևս հաստատեցին այս տեղեկությունը: Քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը Sputnik Արմենիային պատմեց, որ աղբավայրը 99 տարով շահագործման է հանձնվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին, որի սեփականատերը Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբայր Միշա Հակոբյանն է: Աղբավայրի վարձակալության դիմաց տարեկան 276 000 դրամ է վճարում։

«Ժամանակին այնպիսի պայմանագիր են ստորագրել, որ քաղաքապետարանն ավելի շատ պարտավորություն ունի, քան իրավունք»,– ասաց Հակոբյանը։

Մասիսի փոխքաղաքապետը չի բացառում, որ քաղաքապետարանը կդիմի դատարան` վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով։

Мусорная свалка города Масис
© Sputnik / Aram Nersesyan ,
Մասիսի աղբավայր

Սակայն Հակոբյանի խոսքով` պայմանագիրը լուծելով ու աղբանոցը փակելով` խնդիրը չի լուծվի։ Աղբանոցը փակելուց բացի, անհրաժեշտ է նաև տարածքը մաքրել տարիներով այդտեղ կուտակված աղբից։ Թե ինչ ծավալի աղբ է կուտակված տարածքում, մասնագիտական գնահատում չի արվել, բայց Հակոբյանը համոզված է` աղբն օր օրի ավելանում է՝ ոչ միայն Մասիս քաղաքից ու հարակից գյուղերից, այլև Երևանից ամեն օր այստեղ տեղափոխվող աղբի հաշվին։

«Այստեղ աղբը բերում, թափում է նաև Երևան քաղաքը սպասարկող «Սանիթեքը», որի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք։ Փորձում ենք հիմա գոնե հասնել նրան, որ շահագործողին արգելենք Երևանից աղբը բերել այստեղ»,– ասաց նա։

Мусорная свалка города Масис
© Sputnik / Aram Nersesyan ,
Մասիսի աղբավայր

Աղբավայրն այսօր գերակա խնդիր է դարձել Մասիսի քաղաքապետարանի համար: Նորայր Հակոբյանի խոսքով` Մասիսի քաղաքապետարանը բազմիցս դիմել է ՀՀ տարբեր կառավարություններին` աղբավայրի շահագործումը դադարեցնելու առաջարկով, բայց ապարդյուն։

«Թող առայժմ տանեն Նուբարաշենի կամ որևէ այլ աղբավայր, իսկ այս աղբավայրը շահագործվի, երբ աղբի վերամշակման գործարան կկառուցվի։ Հիմա աղբն ուղղակի լցվում է այդ տարածքում, և ամառվա շոգին աղբի այրման հետևանքով առաջացած ծուխը պատում է ամբողջ Մասիս քաղաքն ու հարակից գյուղերը»,– ասաց Հակոբյանը։

Մասիսում աղբի վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը պարբերաբար քննարկվում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, բայց փոխքաղաքապետի խոսքով՝ «բոլորը ծրագիրը տալիս են, գումարը չեն տալիս»։

Մինչ քաղաքային իշխանությունը փորձում է պայքարել տարածքին սպառնացող բնապահպանական ու առողջապահական սպառնալիքի դեմ, Մասիսի աղբավայրն օր օրի ընդլայնում է իր սահմանները:

Աղբավայրը տեղակայված է Ռանչպար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում, չնկատել պարզապես հնարավոր չէ։ Հեռվից արդեն նկատելի են աղբավայրի վրա պտտվող անհամար թռչունների երամները։ Մասիսի աղբանոցը գրավում է նաև Արարատյան դաշտի արագիլներին։

Мусорная свалка города Масис
© Sputnik / Aram Nersesyan ,
Մասիսի աղբավայր

Մեր այցելության պահին աղբանոցում բավական ակտիվ եռուզեռ էր: Մի կողմից բեռնատարներով նոր աղբ էր բերվում, մյուս կողմից աղբանոցում աշխատող մարդիկ զբաղված էին աղբը տեսակավորելով:

Աղբն այստեղ ամենուր է. ոչ միայն աղբանոցի տարածքում, այլև հարակից ճանապարհներին, դաշտերում ու նույնիսկ հարևանությամբ հոսող Սևջուր գետում: Գետի հունը որոշ հատվածներում ամբողջությամբ ծածկված է պլաստիկե շշերով: Դաշտերը պատված են պլաստիկե տոպրակներով: Քամին դրանք թռցնում է ու շաղ տալիս աղբանոցից մի քանի կիլոմետր հեռու՝ չքայքայվող ու հավերժ մնայուն աղբով ծածկելով Արարատյան դաշտի բերրի հողերը:

1456
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է ծախել Աբովյանի հողերը. մարզպետը հող է պատրաստում իրավապահների համար, իսկ քաղաքապե՞տը
Կենտրոնական փողոցն իր անունով կոչած գյուղապետը կհայտնվի՞ դատարանում. մարզպետը դատի է տվել
Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը
Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին
Նիկոլ Փաշինյան

«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

54
(Թարմացված է 19:31 05.06.2020)
ՀՀ վարչապետի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առայժմ դեռ ծանրանում է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց` այն կարծիքին են, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին։

«Սակայն ոչ ոք վստահ չէ, որ պիկը կլինի ոչ թե հոկտեմբերին, այլ հունիսի վերջին»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգն ունենա մահճակալային տեղ։

Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին, երբ քաղաքացիները սկսեցին իրեն լուսանկարներ ուղարկել, բացահայտվեց, որ ՀՀ–ում կա ընդհատակյա կյանք` ի հեճուկս հակահամաճարակային կանոնների։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ըստ նրա, առայժմ դեռ ծանրանում է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

54
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
Դիլիջան ազգային պարկ

«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը բռնվել է անտառը «ծախելիս»

20
(Թարմացված է 19:02 05.06.2020)
Դիլիջանի բնակիչը մեկ անգամ հասցրել է անտառից 4 խմ փայտ դուրս բերել, սակայն երկրորդ անգամ նա արդեն բռնվել է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  կաշառք ստանալու համար քրեական գործ է հարուցվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի դեմ։

«2020թ. մայիսին Դիլիջանի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ նույն ամսվա վերջերին 2 անգամ «Ֆորդով» շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից։ Դրա դիմաց անտառապահին կաշառքի գումարի մի մասն է տվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դիլիջանի բնակիչը հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ։ Սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի հասցրել անտառապահին տալ կաշառքի գումարի մնացած մասը:

Նորքի նախկին անտառի նոր սեփականատերերին կպարտադրեն ծառ տնկել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ անտառապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Փաշինյանի նոր թվերը

20
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Կաշառք, փայտ, անտառապահ, Անտառ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ
Ըստ թեմայի
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ
Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել
Կաշառք են վերցրել. Մարտունու և Սևանի անձնագրայինների պետերի պաշտոնավարումը դադարեցվել է
Արթուր Ասոյան

Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան

0
(Թարմացված է 19:37 05.06.2020)
Ստուգայցերի մասին նախապես չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մարտի սկզբից մինչ օրս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 22 000 ստուգողական այց է կատարել, որոնց արդյունքում 1490 տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Միայն այսօր 796 ստուգում է իրականացվել, ինչի արդյունքում 220 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել։ Մեկ շաբաթ է` հատուկ գործողություններ ենք կատարում ոստիկանության հետ, և արդեն եղել ենք Դավթաշեն, Նորք–Մարաշ, Արաբկիր համայնքներում»,–ասաց Ասոյանը։

Նրա խոսքով` իրենց ստուգայցերի մասին տնտեսվարողներին կանխավ չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։

Ասոյանը նշեց, որ տնտեսվարողների գործունեության կասեցման սահմանափակումները գնալով խստացվել են` 6 ժամից 72 ժամի հասնելով։ Ի դեպ, պետական կառույցները նույնպես ներառված են ստուգման ենթակա կառույցների ցանկում։ Ասոյանը հայտնեց` այսօր կասեցրել են կառավարության 1, 3 տներում գործող հանրային սննդի կետերը, բուժհաստատության գործունեություն է կասեցվել։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին

0
թեգերը:
ստուգումներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
«էս սաղ ապրանքը բդի թափե՞նք». Գյումրին «ստուգումների տակ» է
«Ոստիկանների գործողությունն իրավաչափ եմ համարում». Սարգսյանը` աղմկահարույց դեպքի մասին
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում