Կոնդ

«Հին Երևանը» 2–րդ սերիա կունենա. իշխանությունը համուհոտը վերադարձնելու նոր տարբերակ ունի

195
Երևանի դեմքը փորձել են փչացնել, բայց կենտրոնն իր շունչը պահել է։ Քաղաքաշինության կոմիտեն հին Երևանին թարմ շունչ հաղորդելու նոր գաղափարներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հին Երևանի դեռ պահպանված որոշ հատվածները փրկելու համար քաղաքաշինության կոմիտեն ծրագրում է առաջիկայում քաղաքաշինական մրցույթներ հայտարարել Երևանի մի քանի հին թաղամասերի` Ֆիրդուսի, Կոնդի, Նորագյուղի վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը։

«Երևանն ունի և կունենա իր դեմքը։ Իհարկե, շատ բաներ ենք կորցրել, բայց որքան էլ փորձել են Երևանի դեմքը փչացնել, կարևորը` կենտրոնն իր շունչը չի կորցրել»,- ասաց նա։

Վերմիշյանի խոսքով` ՀՀ կառավարությունն այս ծրագրին լուրջ ուշադրություն է դարձնում, արտերկրում էլ կան ծրագրով հետաքրքրված ներդրողներ, հիմնականում` ծագումով հայեր։

«Մենք կարող ենք վերադարձնել Երևանի համն ու հոտը ու ինչ–որ բան ցույց տալ։ Որովհետև շատերն ասում են` 2800 տարեկան քաղաք ենք, բայց Երևանի բերդն ենք քանդել, Կարմիր կամրջից էլ 3 հատ քար է մնացել։ Այդ ամեն ինչը ուրիշ երկրներում մասունքի պես կպահեին»,– ասում է Վերմիշյանն ու ի հակադրություն քանդված և քանդվող Երևանի` մատնացույց անում պահպանվող հին Թբիլիսին։

«Պետք էր վերցնել Թբիլիսիի օրինակը, որտեղ, ասենք, գերան են դնում, որ պատշգամբը չընկնի, բայց չեն փոխում այդ պատշգամբը, որովհետև այն թանկ է, որովհետև դրանով քայլել է չգիտեմ ով, այն պատմություն ունի, շունչ ունի, համ ունի, հոտ ունի։ Երևանի այդ համն ու հոտն են կորցրել»,– ասում է ճարտարապետը։

Անդրադառնալով Երևանի կենտրոնում իրականացվող «Հին Երևան» նախագծին`Վահագն Վերմիշյանը նշեց, որ այն ինչ–որ փորձ էր, որը կարող էր իրականացվել, բայց իրականում այն չէր, ինչ ներկայացվում էր։

«Հին Երևանի այդ մի փոքր հատվածը դա դեռ հին Երևանը չէ, շատ էլ թե անունը դրել են «Հին Երևան»»,– ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` «Հին Երևան» նախագիծը Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք է ընդգրկում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոց։ Նախագծի շրջանակում նախատեսված էր վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2010-2011 թվականներին, բայց կառավարությունը որոշակի խնդիրների պատճառով միայն 2014 թվականին պայմանագիր կնքեց Multicontinental distribution հետ։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին միայն 2017 թվականին և առ այսօր ընթացքի մեջ են։

195
Ըստ թեմայի
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար
Ժամանակին Երևանի փողոցներով աստղեր էին քայլում, կամ ո՞վ արգելեց խորովածը «Հայֆիլմում»
«Հին Երևանի» ճակատագիրը վստահվեց Հայկ Մարությանին. հուշարձան շենքերը չեն քանդվի