Մեղրի քաղաքը

Որպես «յախշի»` համազգեստ է կրել, որի գրպանը հանած է եղել. մանրամասներ «Մեղրիի գնդի» դեպքից

451
(Թարմացված է 18:59 27.03.2019)
Զինծառայողը նոր էր «կուբախտից» դուրս եկել, նրա հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել։ Տեսնելով, որ այդ ամենը նրան չեն ուղղում` այլ զորամաս տեղափոխելու որոշում են կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը սերտ կապ ունի Մեղրիի աղմկահարույց զորամասի հետ, զինվորներից շատերին անձամբ է ճանաչում ու հեռու է այն կարծիքից, որ զորամասը լքած 200-250 զինվորներն էլ կարգազանց են։ Զաքարյանցն այս մասին ասաց  Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Վերջերս Մեղրիի զորամասը լքել էին 200-250 զինվորներ` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով զինծառայողներից մեկին` Կ. Մուսայելյանին այլ զորամաս տեղափոխելու հրամանատարության որոշման դեմ։ Զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է առաջնագիծ. մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Առաջնագիծ, մասնավորապես` Արցախ տեղափոխված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին կազմակերպել` նշելով, որ դեմ են տեղափոխմանը։

«Ես աշխատանքի բերումով և ոչ միայն այդ պատճառով սերտ կապ ունեմ այդ զորամասի հետ։ Համոզված եմ, որ զորամասը լքած զինծառայողների 95 տոկոսից ավելին նորմալ տղաներ են, կարգին ընտանիքներից։ Նրանք 18-20 տարեկան են, ու այդ պահին գործել է «տարիքը», ընկերության ֆակտորը։ Տղաները նաև «հանրային կարծիքի» ճնշման տակ են գործել. գուցե ընկերության մասին իրենց պատկերացումների ուղղությամբ քիչ աշխատանք է տարվել»,–ասաց Զաքարյանը։

Երբ քաղաքապետն իմացել է, որ զինծառայողները լքել են զորամասը, այցելել է զորամաս, զրուցել նրանց հետ, համոզել, որ դադարեցնեն անհնազանդության գործողությունները։ Նրա խոսքով`իր համար անընդունելի է զինծառայողների քայլը, քանի որ մեր երկրի իրավիճակից ելնելով գոնե չպետք է այդպես վարվեին։ «Զինծառայողներին ես խորհուրդ տվեցի զանգել իրենց ավագ եղբայրներին, ընտանիքներին ու կարծիք հարցնել իրենց պահվածքի վերաբերյալ»,–ասաց Զաքարյանը։

Նա, անդրադառնալով զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանի` զինծառայող Մուսայելյանի համազգեստը պատռելու լուրերին, նշեց, որ խնդիրն այն է, որ զինծառայողը փորձել է տարբերվել մյուսներից։ Ըստ Զաքարյանի` Մուսայելյանը տնից մի համազգեստ է ուզել, որի գրպանները հանած են եղել կտորի վրայից. իբրև թե՝ «յախշիները» այդպես են անում։ Մեղրիի քաղաքապետի հավաստմամբ` զինծառայողին մի քանի անգամ զգուշացվել է, որ չի կարելի նման համազգեստ կրել, սակայն երբ երևույթը կրկնվել է, ոչնչացվել է այդ զգեստը։

«Այդ զինծառայողը նոր էր «կուբախտից» դուրս եկել, նրա հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել։ Իսկ Արմեն Գասպարյանի մասին, որ այդքան խոսում են, այսքան տարի իր հետ շփումից ելնելով, տեսնելով նրա տարած աշխատանքը` կարող եմ վստահ ասել, որ նա իմ հանդիպած լավագույն սպաներից է»,–ասաց Զաքարյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, վերջինս չի՞ կարծում, որ սպայական կազմում թերացողներ հաստատ եղել են, եթե զորամասում, ինչպես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր հայտարարել, արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայող է եղել, Մեղրիի քաղաքապետը հայտարարեց, որ իրականում խնդիրը խորքային է։ Ըստ նրա` այս ամենը մի քանի ամսվա ու մի երկու տարվա հետևանք չէ. ինչ–որ տեղ վակուում է առաջացած եղել, որը լցվել է «կեղտով»։

«Բացի այդ, ծնողներից մեկը, որը բողոքում էր իր տղայի` առաջնագիծ տեղափոխելու դեմ, մի երկու շաբաթ առաջ հեռուստահաղորդումներից մեկով նկարահանվելով, օգնություն էր խնդրում, իսկ հետո 13 000 դրամ է տվել, տղայի համար արտոնյալ համազգեստ կարել տվել ու ուղարկել զորամաս։ Կարծում եմ` բանակն ուժեղ է այնքանով, ինչքանով հրամանները չեն քննարկվում, և եթե ասել են չի կարելի նման համազգեստ կրել, տարբերվել մյուսներից, ուրեմն ենթարկվել էր պետք»,–ասաց Մեղրիի քաղաքապետը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասը լքելու դեպքի հետ կապված Գորիսի կայազորի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի կողմից երկու քրեական գործ է հարուցվել: «Մեկը  հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)»,- ասաց Խաչատրյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գործն ուղարկվել է նախաքննության։

Ի դեպ, «Մեղրիի գնդի» հրամանատարը 3-4 ամիս է` ինչ փոխվել է, և Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` նոր հրամանատարությունը փորձել է պայքարել այդ զինծառայողի արտոնյալ կարգավիճակի դեմ` կարգապահական մեկուսարաններ ուղարկելով, նկատողություններ անելով։ Սակայն այդ ամենն էլ չի ազդել զինծառայողի վրա, ինչի համար էլ որոշել են նրան տեղափոխել այլ զորամաս։

Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ այժմ դեպքի վերաբերյալ քննություն է տարվում, քանի որ լուրեր կան, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող այդ զինծառայողը հանցավոր աշխարհից որոշակի հովանավորներ ունի։

451
թեգերը:
Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Մի զինծառայող ամբողջ ստորաբաժանմանը սաբոտաժի է տարել. մանրամասներ` «Մեղրու գնդի» դեպքից
Մեղրու գնդի դեպքը խիստ մտահոգիչ ահազանգ է. ի՞նչ հարցեր է ծնում զինվորների հետ կապված դեպքը
Հայաստանը կարող է Գոլանի բարձունքի ճանաչման քաղաքականության «շահառու» դառնալ. Էսկին
Սպառնալիք կարմրուկի տեսքով. նախարարը պնդում է, որ պետք է պատվաստում ստանալ, եթե չեք ստացել