ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Անվանի դերասան Սոս Սարգսյանի երազանքը կատարվեց` այսօր տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը։ Թատրոնի հիմքում տեղադրեցին Սարգսյանի մասունքներից։ Դերասանի այրին` Նելլի Սարգսյանը, նշեց, որ երջանիկ է, քանի որ երկար-երկար տարիներ այսօրվա մասին էր երազում Սոս Սարգսյանը։
«Սարգսյանը վերջին տարիներին հիվանդ էր ու երազելով ասում էր` մի հատ տեսնեմ, թե թատրոնի հիմքը ոնց են դնում ու հանգիստ կարող եմ մահանալ։ Այսօր այդ հիմքը դրվեց ու դրվեց իր անունով։ Կարծում եմ` թատրոնը պատվով կկրի իր անունով, ինչպես արել են մինչ այս»,–ասաց տիկին Նելլին։
Նա ասաց նաև, թե ինչ մասունք են տեղադրել թատրոնի հիմքում. Սարգսյանը կյանքի վերջին տարիներին, երբ այցելել էր թատրոն, ինչ–որ բաներ էր գրել։ Ինչպես տիկին Նելլին նշեց, թատրոնի հիմքում դրել են Սարգսյանի ձեռագրով գրված, ծուռ–ծուռ տառերով գրությունը։

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանի խոսքով էլ` առավելագույնը երկու տարի հետո թատրոնի շենքը պատրաստ կլինի։ Նավասարդյանը նշեց, որ այժմ, թատերական ինստիտուտի տարածքում աշխատելով, ուղղակի չեն հասցնում մի շարք բաներ անել։ «Ամսական ընդամենը 15 օր է մեզ տրամադրվում, իսկ եթե մենք մեր թատրոնն ունենանք
, շատ արագ կաշխատենք ու բարձր մակարդակով ավելի շատ ներկայացումներ կհասցնենք բեմադրել»,–ասաց Նավասարդյանը։

Թատրոնը, ըստ տնօրենի պաշտոնակատարի, չորսհարկանի է լինելու, իսկ դահլիճը` 250-300–տեղանոց։

Թատրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ հնչեց նաև Համո Սահյանի «Ինձ բաց թողեք, ես գնամ» բանաստեղծությունը` Սոս Սարգսյանի կատարմամբ։ Նավասարդյանի խոսքով` բանաստեղծության տողերից մեկը` «Ինչ իմ աչքով չտեսա, ձեր աչքերով կտեսնեմ», կարծես հենց թատրոնի մասին լիներ։
«Սոս Սարգսյանը երազում էր թատրոնի շենքը տեսնել ու ասում էր` ես կմեռնեմ ու այդպես էլ չեմ տեսնի թատրոնի շենքը կանգուն։ Հիմա նա մեր աչքերով է նայում թատրոնի շենքի կառուցմանը»,–ասաց Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները։

Ի դեպ, թատրոնի կառուցվելիք շենքի ճարտարապետն Իսահակ Ներսիսյանն է, կառուցապատողն ու ներդրողը` «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:



