Հայաստանում համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կառուցվելիք տարածք էր այցելել։ Sputnik Արմենիան Երևանի քաղաքապետին աղբահանության կազմակերպման հետ կապված մի քանի հարց է ուղղել։
–Աղբի վերամշակման հետ կապված` արդյո՞ք սկզբի համար աղբի տեսակավորման կարիք չունենք, և այդ ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք։
-Աղբի տեսակավորմանը պետք է հասնենք։ Երբ աղբահանության խնդիրը լուծվի, մյուս փուլն աղբի տեսակավորումը կլինի։ Առանց աղբահանության խնդիրը լուծելու` տեսակավորման հարցը չի լուծվի։ Պատկերացրեք` աղբահանությունը լավ վիճակում չլինի, ու մենք դնենք աղբի տեսակավորման համար մի քանի աղբամաններ։ Ուղղակի այն չի էլ տեսակավորվի, և մեկ աղբամանի մեջ կլցնեն ինչ ուզում են, այսինքն` սխալ աղբը կլցվի սխալ աղբամաններ։ Աղբահանության խնդիրը լուծելուց հետո աղբի տեսակավորումն անպայմանորեն երկրորդ փուլում պետք է լինի։ Աղբի տեսակավորում պետք է իրականացնենք նախ աղբավայրերում և հետո արդեն սկսենք փողոցներում էլ աղբամանների թիվն ավելացնել։
–Երկրորդ օպերատոր ունենալու խնդրով աշխատանքներ տարվո՞ւմ են։
–Մենք պետք է նախ տեխնիկա ձեռք բերենք, ինչի համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Մի ընկերություն, որը մրցույթի պայմանների հետ համաձայն չէր, բողոքարկել է, ինչը 2 ամսով մեր գործերը հետ է գցել։ Փաստացի ստացվում է այնպես, որ դեռ երկու ամիս պետք է սպասենք մինչև երկրորդ օպերատորի ի հայտ գալը։ Սակայն մինչ այդ «Սանիթեքը» պետք է շարունակի իր գործունեությունը, ավելին` հորդորում եմ նորմալ աշխատանքային գրաֆիկով իրականացնել աղբահանման աշխատանքները։ Գիտե՞ք` երկրորդ օպերատորը դեռ տարիներ առաջ պետք է գործի մեջ մտած լիներ, սակայն չգիտեմ, թե ինչ պայմաններում և ինչպես երկու պայմանագիրն էլ մեկ ընկերության հետ է կնքվել։ Աղբահանության, երկրորդ օպերատոր ունենալուց բացի, քաղաքացիների հետ էլ որոշակի աշխատանքներ պետք է տարվեն։
–Այսինքն` բացի աղբահանության հարցը լուծելուց, պետք է նաև քաղաքացիների մոտ աղբը գետնին չնետելու մշակո՞ւյթը փորձենք ձևավորել։
–Այո, քանի որ ես իմ աչքով քանիցս տեսել եմ, որ աղբամանը դատարկ է եղել, երկու երիտասարդ եկել են աղբի տոպրակներով, աղբը դրել են աղբամանի կողքն ու գնացել։ Հետո ձայնել եմ այդ տղաներին, հետ կանչել ու խնդրել, որ աղբամանը գցեն աղբը։ Սա աբսուրդ է։ Այսինքն` այո, երկկողմանի լուծում է պետք` առաջինը, որ աղբահանությունը նորմալ աշխատի, և մեր բնակիչների մոտեցումը պետք է փոխվի։ Եթե մի հարցը լուծենք, մյուս չլուծենք, միևնույն է, կեղտոտ էլ մնալու է մեր քաղաքը։ Սակայն առաջնայինն այս պահին աղբահանությունը ճիշտ կազմակերպելն է։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 23-ին, Հայաստանում համապետական շաբաթօրյակ է անցկացվում։
Մարտի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 000 քաղաքացու մասնակցություն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:



