Մարիամ Սաֆարյան. երկրաշարժից 30 տարի անց նրա ընտանիքը բնակվում է խոնավ դոմիկում

Տուն, որը չկա. ի՞նչն է հուսահատության հասցրել գյումրեցի ընտանիքին

235
1988թ–ի ավերիչ երկրաշարժից ավելի քան 30 տարի անց Գյումրիում դեռ մնացել են մարդիկ, որոնք ապրում են տնակներում։ Մարիամ Սաֆարյանը նրանցից է։ Պատմությունը, թե ինչու է նրա բազմանդամ ընտանիքը այսքան երկար ժամանակ «դոմիկի» հույսին, բացառիկ է։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Գյումրու մոտակայքում Մայիսյան անունով մի գյուղ կա։ Հենց այստեղ է տեղափոխվել Լենինականի բնակչուհի Մարիամ Սաֆարյանն ամուսնությունից հետո։ Բայց, չնայած, որ ամուսիններն ապրել են գյուղում, նրանք աշխատել են քաղաքում։ Սարսափելի երկրաշարժն ավերել է նրանց երեքսենյականոց տունը, որում ապրում էին։

Домик-времянка Мариам Сафарян в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Մարիամի ընտանիքի 30-ամյա ժամանակավոր կացարանը

Կառավարությունը խոստացել էր փոխհատուցել վնասը երկու տարվա ընթացքում, իսկ մինչև այդ ընտանիքին տնակ էր հատկացվել ժամանակավոր բնակության համար։ Բայց այդ ժամանակավորը, որը նախատեսվում էր լինել 2 տարի, դարձել է 20, այնուհետև` 30 տարի, և իսկական տուն ստանալու հույսը կամաց–կամաց մարել է։

Ոչ այստեղից, ոչ այնտեղից

Մարիամի ընտանիքի դրության բարդությունն այն է, որ նրանք տնակ են ստացել Գյումրիում, բայց տունը կորցրել են Մայիսյանում։

«Երբ մենք դիմում ենք քաղաքային իշխանություններին, մեզ ուղարկում են գյուղապետարան, իսկ այնտեղից` կրկին քաղաք», – ասում է մեր զրուցակիցը։

«Մեզ ի՞նչ օգուտ եք տվել, որ հիմա ձեզ օգնենք», – գյուղապետարանից ասել են կնոջը` ակնարկելով, որ նա և ամուսինը գյուղում չեն աշխատել։

Ինչ վերաբերում է քաղաքային իշխանություններին, ապա նրանք սկզբից խոստացել են չորսսենյականոց տուն կառուցել մեծացող ընտանիքի համար (զույգը չորս երեխա ունի)։ Սակայն այս խոստումը նույնպես ոչ թե ձգվել է տարիներ, այլ տասնամյակներ։ Միաժամանակ, տան նախագիծը «փոքրացել» է մինչև մեկ սենյակ, և առաջարկել են սպասել մինչև 2020 թ.։

«Մենք արդեն ոչ մի բանի չենք հավատում... նույնիսկ եթե մեկսենյականոց տան, ի՞նչ ենք անելու դրա հետ։ Ես երեք տղա ու մի աղջիկ ունեմ», – ասում է կինը։

Քիչ չեն դեպքերը, երբ  բարեգործները բնակարան են նվիրում գյումրեցիներին, որոնք անօթևան են մնացել ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Բայց այստեղ, որպես կանոն, գործում է մի պայման. անչափահաս երեխաների առկայությունը։Մարիամի երեխաներն այդ տարիների ընթացքում արդեն մեծացել են. ավագը 30 անց է, կրտսերը` 20։ Բոլոր երեք տղաներն արդեն ծառայել են բանակում։

«Երբ բանակ տանելու ժամանակն է, դա պետության առջև պարտք է, իսկ հիմա մենք պետք չենք պետությանը։ Նրան նույնիսկ չի հուզում, թե որտեղ են մեծացել այդ երեխաները», – տարակուսում է մայրը։

Երբ տունը բորբոսի թագավորություն է

Տնակը, որտեղ ապրում է Մարիամի ընտանիքը, այդ սարսափելի տարիներին Անգլիայից էին ուղարկել` որպես ժամանակավոր կացարան։ Իր նշանակությամբ դա ամառանոց է, որի պատերի հաստությունը չորս սանտիմետր է։

Թե ինչ է նշանակում անցկացնել շիրակյան ձմեռը նման կացարանում, կհասկանա միայն նա, ով թեկուզ մեկ անգամ ձմռանը կգիշերի այդտեղ. թիթեղյա վառարանից երկու մետր շառավղով տարածվող անտանելի շոգ և հավերժ սառը պատեր ու հատակ։

Ջերմաստիճանների տարբերության պատճառով թունավոր բորբոսի հետ ապրելն անխուսափելի է։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ է նշանակում այդ պայմաններում երեխա մեծացնելը։

Домик-времянка Мариам Сафарян в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Մարիամի ընտանիքի 30-ամյա ժամանակավոր կացարանը

«Մի անգամ, երբ աղջկաս պառկեցնում էի սայլակի մեջ, բորբոսի հաստ շերտ նկատեցի հենց ծածկոցի տակ։ Դրանից հետո նրան քնեցնում էի միայն մեր անկողնում։ Ինչ անեի, ընտրություն չկար...», – պատմեց նա։

Домик-времянка Мариам Сафарян в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Մարիամի ընտանիքի 30-ամյա ժամանակավոր կացարանը` դրսից

Ամեն օր ներքնակները և վերմակները քնելուց առաջ պետք է երկար թողնել վառարանի մոտ, այլապես տաքանալն անհնար կլինի։ Չնայած բոլոր ջանքերին` չի հաջողվել խուսափել խոնավության պատճառով առաջացած առողջական խնդիրներից. Մարիամի կրտսեր որդին և ամուսինը հոդերի հիվանդություն ունեն, իսկ նա` բրոնխների։

«Տնակի բարդույթ» կամ արտագաղթը` որպես փրկություն

«Երեխաները նույնիսկ ընկերներին չէին հրավիրում մեր տուն, ամաչում էին մեր պայմաններից», – հիշում է Մարիամը...

Մեր զրուցակցի ավագ որդին չի ամուսնացել, այդպես էլ ասել է. «Ո՞ւր բերեմ կնոջս»։ Իսկ հետո մեկնել է Ռուսաստան և չի պատրաստվում վերադառնալ։

Միջնեկ որդու համար դժվարությամբ են հարսնացու գտել. աղջկա ծնողները չեն ցանկացել, որ իրենց երեխան տնակում ապրի։ Հարսանիքից հետո որդին ու նրա կինը մեկնել են Ռուսաստան։ Տեսականորեն նա ուզում է վերադառնալ, բայց այստեղ ոչ տուն ունի, ոչ աշխատանք։

Կրտսեր որդին նույնպես ստիպված է եղել մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Թեև բանակից հետո նա շատ է ցանկացել բարձրագույն կրթություն ստանալ (նա սիրում է բնական գիտություններ)։ Երիտասարդը 24 տարեկան է, հիմա օրնիբուն աշխատում է, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան։

Պետության սուտը

Մարիամին մշտապես տանջում են վիրավորվածությունն ու ափսոսանքը։

«Եթե անվերջ խոստումները չլինեին, մենք դեռ այդ ժամանակ` երկրաշարժից հետո, կփորձեինք մեր տունը կառուցել։ Իհարկե, դժվար կլիներ, երեխաները փոքր էին, բայց շինանյութը մատչելի էր, հիմա դա արդեն անհնար է», – ասում է նա...

Իրականում Գյումրիում նույնիսկ ավելի շատ տներ ու բնակարաններ են կառուցվել, քան քանդվել է, բայց «բնակարանային հարցը» մինչև օրս արդիական է։ Բանն այն է, որ բնակարանների մեծամասնությունը վաճառվել է, հատկապես «հնարամիտներն» իրենց կապերի շնորհիվ կարողացել են վաճառել ոչ մեկ բնակարան։

Домик-времянка Мариам Сафарян в Гюмри
© Sputnik / Lilit Harutyunyan
Մարիամի ընտանիքի 30-ամյա ժամանակավոր կացարանը` դրսից

Սակայն կան մարդիկ, որոնք երազում են իսկական տան մասին` իսկական պատերով և նորմալ բնակարանային պայմաններով, բայց մի խնդիր ունեն` չափազանց երկար են վստահել պետությանը։

235
թեգերը:
Սպիտակի երկրաշարժ 1988, Երկրաշարժ, Գյումրի
թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
Ըստ թեմայի
Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի սարսափելի վիճակը հիշում են միայն նրա մեդալներից հետո
Ճապոնացիները Գյումրիում սակուրա կտնկեն. դեսպանատունը ծրագրեր է իրականացնում Շիրակում
Անվերջանալի ձնաբուքն ու Լենինականի փակ ճամփան, կամ ինչու լանջիկցի փոքրիկին Ավերյան կոչեցին
Այրված խրտվիլակ, չաստուշկա և բլիթներ. ինչպես Գյումրիում նշեցին ռուսական Բարեկենդանը
Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին