Սմարթֆոնով տղամարդ

Այ քեզ բան. էժան սմարթֆոնը վերանում է, մեքենան` թռչում, տիեզերագնացն էլ տպած միս է ուտում

459
Հստակ հայտնի է, թե որքան գումար է պետք թռչող ավտոմեքենա գնելու համար, տիեզերագնացներն ինչ են ուտելու տիեզերքում և որքան կարժենա Xiaomi–ի ամենաէժան սմարթֆոնը։ Անցնող շաբաթվա ընթացքում, ինչպես միշտ, մի շարք հետաքրքիր իրադարձություններ են գրանցվել ինովացիոն ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում համացանցում հայտնված ամենավառ լուրերը, որոնք սերտորեն կապված էին ինովացիոն ոլորտի հետ, վերաբերում էին թռիչք և էլեկտրականություն «սիրող» ավտոմեքենաներին, մսին և, ինչպես միշտ, սմարթֆոններին։

Տիեզերագնացներին տպած սնունդ են մատակարարելու

Մեր մոլորակի մշտական բնակիչների համար արված հայտնագործություններով ու նորարություններով գիտնականները չեն բավարարվում։ Նրանք փորձում են կերակրել տիեզերքում գտնվող մարդկանց։ Տիեզերական բիոտպիչներ արտադրող 3D Bioprinting Solutions ընկերությունը որոշել է տավարի մսի և ձկան բջիջներ ուղարկել տիեզերակայան, որտեղ փորձելու են դրանց միջոցով միս ստանալ։ Ընկերության ներկայացուցիչն այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

Ընկերության աշխատակիցները հույս ունեն, որ իրենց մտադրությունը կհաջողվի իրականացնել այս տարվա օգոստոսին։

Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ տիեզերագնացը մոտենում է սարքին ու իր համար մի գեղեցիկ համբուրգեր տպում։ Չգիտեմ էլ` ինչ համ կարող է ունենալ այդ սնունդը, այն էլ այդպիսի հսկայական տարածություն անցնելուց հետո. միայն պատկերացնելիս արդեն թղթի ու թանաքի համ եմ զգում։ Բայց դե հուսով եմ, որ գիտական միտքը, որը կենտրոնացել է նախագծի վրա, հաջողության կհասնի ու կգոհացնի «տիեզերական էմիգրանտներին» ու մենք էլ մի օր, երբ զբոսաշրջային նպատակով այցելենք տիեզերք, տպած սնունդ կհամտեսենք և գոհ կմնանք։

Xiaomi–ն առաջվանը չէ

Եթե մինչ վերջերս վստահ էինք, որ շատ քիչ գումարով կկարողանանք գերհզոր սմարթֆոն գնել, ապա այդ վստահությունը քիչ–քիչ վերանում է, մանավանդ Xiaomi-ի գործադիր տնօրեն Լեյ Ցզունի արած հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Xiaomi Mi 9 սմարթֆոնը կդառնա ընկերության վերջին ֆլագմանը, որը 500 դոլարից քիչ կարժենա։

Անկեղծ ասած` չնայած չինական ընկերության հաջողություններին այդքան էլ վստահ չեմ, որ այս նորությունը կուրախացնի Xiaomi–ի երկրպագուներին, քանի որ ավելի մեծ տարածում ու հարգանք վայելող ընկերությունների սմարթֆոնները նույնպես թանկ են, և ավելի ձեռնտու կլինի ձեռք բերել ավելի ճանաչված բրենդի վերջին մոդելի գաջեթը։ Օրինակ` ընկերության վերջին մատչելի ֆլագմանը վաճառքի ցուցանիշով գերազանցեց բոլոր սպասումները։ Ես գրեթե վստահ եմ, որ սմարթֆոնն այդքան հանրահայտ չէր լինի, եթե մի քանի հարյուր դոլարով թանկ լիներ։

Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին ճիշտ ընկերության մարքեթոլոգները և արդյո՞ք այս որոշումը մեծամտություն չէր։

Էլեկտրամոբիլները հնարավոր կլինի լիցքավորել ճանապարհ գնալիս

Էլեկտրամեքենաշինությունը զարգանում է խոստումնալից արագությամբ։ Էլեկտրամեքենաները էկոլոգիապես անհամեմատ մաքուր են և ավելի հարմար օգտագործելի, սակայն կա մի բայց` լիցքավորման կայանների հասանելիությունը... ի՞նչ անել, եթե ճանապարհին նստել է մեքենայիդ մարտկոցը։ Խնդիրը փորձում է լուծել Tesla ընկերությունը, որի հիմնական նպատակն է մոլորակը լցնել էլեկտրամոբիլներով։

Ընկերությունը նոր` Supercharger V3 կայաններ է տեղադրել Կալիֆոռնիայի Ֆրիմոնտ քաղաքում և աստիճանաբար կտարածի իր կայանները աշխարհով մեկ։ Հույս կա, որ տարեվերջին դրանք կտեղադրվեն նաև Եվրոպայի և Ասիայի տարածքում։

Այս կայաններում մեքենան հնարավոր կլինի լիցքավորել ընդամենը 15 րոպեում։ Ծառայությունից դեռևս կարող են օգտվել միայն Tesla Model 3 մեքենայի սեփականատերերը, սակայն ծրագրային ապահովման թարմացման արդյունքում Tesla–ի հին մոդելները ևս կկարողանան լիցքավորվել նոր կայաններում:

Թռչող մեքենաներ. բառերն ավելորդ են

Քանի խոսեցինք մեքենաների մասին, անդրադառնամ նաև մի «թռչնակի», որը միակն է իր տեսակի մեջ։ Խոսքն առաջին իրական թռչող մեքենայի մասին է, այո–այո, ֆենթզի ֆիլմերում զարմացնող ավտոմեքենաներն արդեն գոյություն ունեն։ Օդում նրանց պահողը կախարդանքը չէ, ինչպես շատերիս համար սիրելի Հարի Փոթերի ֆիլմաշարում, այլ գիտությունը։

Թռչող ավտոմեքենան` PAL-V Liberty Pioneer Edition–ը, ներկայացվել է Ժնևի միջազգային ավտոսալոնում։ Ընկերությունը մտադիր է թողարկել 90 թռչող մեքենա։ Ապարատն ունի ավտոժիրի կառուցվածք, վրան հսկայական պտուտակ կա, որի միջոցով սարքը օդ է բարձրանում։ Մեքենայի կառուցվածքը անվտանգ վայրէջք է երաշխավորում անգամ շատ լուրջ խափանման դեպքում։ Եթե ինչ–որ հանգամանքների բերումով թռիչքն անհնար է դառնում, ապա պտուտակը խնամքով ծալվում է, և այն կարելի է օգտագործել որպես սովորական ավտոմեքենա։ Եթե սկզբում հայտնի չէր, թե որքան է այս մեքենաների գինը, ապա այժմ PAL-V–ի պաշտոնական կայքում կարելի է տեսնել, որ այն «ընդամենը» 499 000 դոլար արժի։

459
թեմա:
ՏՏ նորություններ (13)