Երևանի Պետական Համալսարան

Անմեղության կանխավարկածը խախտվել է. ԵՊՀ–ն հերքում է ոստիկանության հայտարարությունը

152
(Թարմացված է 21:35 20.02.2019)
Երևանի պետական համալսարանը հերքել է ոստիկանության կատարած բացահայտումներն ու դրանց մասին տարածված տեղեկատվությունը։ ԵՊՀ–ում հորդորում են սպասել քրեական գործի ավարտին։

ԵՐԵՎԱՆ, 20 Փետրվար — Sputnik. Երևանի պետական համալսարանը հերքում է ոստիկանության այսօրվա հայտարարությունը ԵՊՀ ռեկտորի կողմից թույլ տված չարաշահումների մասին։

«Հայտնում ենք, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար: Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես գտնվելու (հեռավար մեթոդով)»,– ասված է համալսարանի պարզաբանման մեջ։

ԵՊՀ–ն նաև հայտարարում է, որ համալսարանի ոչ մի աշխատող անհիմն աշխատավարձ չի ստացել և ոստիկանության «կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ»:

Հայտարարության մեջ հիմնազուրկ է որակվում նաև համալսարանի վարձակալների վճարած գումարների` համալսարանի բյուջե չմուտքագրելու մասին հաղորդագրությունը։ Համալսարանից հայտնում են, որ այդ ձևակերպումները մանրամասն պարզաբանումներով ներկայացվել են ոստիկանությանը:

Միաժամանակ ասվում է, որ ՀՀ ոստիկանությունը` տարածած տեսանյութով ու դրանում ներկայացված փաստերով խախտել է անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքը։

Ուստի ԵՊՀ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ անելուց և սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը:

Հիշեցնենք, Ոստիկանությունն այսօր հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորի նկատմամբ  քրեական գործ է հարուցվել` խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով:

Հաղորդագրության մեջ ասված էր, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից, բայց ընդհանուր առմամբ 18 մլն դրամ են ստացել։

Բացի այդ` համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից  մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել  համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

Իսկ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի ղեկավարը հաղորդում է տվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտորն իրենից 10 000 դոլար կաշառք է ստացել։ Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա  բնակարանն ու առանձնատունը,տեղադրել ջեռուցման համակարգ։ Իսկ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքվել:

152
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան
Ըստ թեմայի
«Դավիթ Սանասարյանն իրեն վերագրել է ՀՀ վարչապետի գործառույթը». ԵՊՀ ռեկտոր . տեսանյութ
ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան. ռեկտոր
ԵՊՀ–ի ռեկտորին հիվանդանոց են տեղափոխել
ԵՊՀ ռեկտորի մասին լուրն ուսանողներին ստիպեց դադարեցնել դասադուլը