Ռաֆիկ Մաշադյան

Դատախազությունը պարզաբանում է Հարություն Մաշադյանի դատախազ նշանակվելու լուրը

392
(Թարմացված է 20:12 17.02.2019)
Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազ չի նշանակվել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով` դատախազ Հարություն Մաշադյանը 2018 մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արևիկ Խաչատրյանը Հարություն Մաշադյանի կենսագրական որոշ տվյալներ է ներկայացրել։

«Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը»,–գրել է նա։Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։ 2010թ․-ին նա ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։2017թ.-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ.-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։

«Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով2) տիրապետում է գրական հայերենին։

Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել»,–գրել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

392