Այրվող ծխախոտ

Անծուխ Հայաստան. Արսեն Թորոսյանին մի կին հրավիրել է իրենց տուն`ամուսնուն բացատրելու

1153
Հակածխախոտային օրենքն արգելում է ծխել ռեստորաններում, սրճարաններում, բարերում. Սա գիտեն բոլորը: Բայց քչերին է հայտնի, որ օրենքի ընդունվելուց հետո չեն ծխելու նաև իրենց սեփական ավտոմեքենաներում, կանգառներում, այգիներում: Օրենքում արգելքները շատ են, տուգանքները` մեծ:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ծխողների ու չծխողների պայքարը Հայաստանում օրեցօր ավելի հետաքրքիր դրսևորումներ է ստանում:

Առողջ ապրելակերպի ջատագով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կանայք արդեն իրենց տուն են հրավիրում:

«Եկեք մեր տուն,ամուսնուս բացատրեք, որ տանը, այն էլ երեխաների մոտ չծխի»,- ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում նախարարի հերթական գրառման տակ գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մի կին:

Սննդի օբյեկտներն էլ հերթով նախարարին իրենց հարկի տակեն հրավիրում` համոզվելու, որ ծխելն իրենց հաստատությունում արգելված է և, ինչու չէ, ձեռքի հետ էլ գովազդելու իրենց բիզնեսը:

Հրավերների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ Թորոսյանը սկսեց հրապարակել իր այցելած «անծուխ» հաստատություններում արված լուսանկարները` նշելով նաև հաստատությունների անունները:

Ֆեյսբուքյան քարոզչության երկրորդ ալիքը «Անծուխ Հայաստան» հեշթեգի ու նույնանուն սթիքերի տարածումն էր: Բազմաթիվ օգտատերեր այսօր, նախարարի օրինակով, իրենց տեսակետներն են հայտնում հակածխախոտային նախագծի շուրջ հենց դրանց կիրառմամբ:

Ծխել, թե չծխել հարցի շուրջ կարծիքներն անշուշտ պայմանավորված են սեփական սովորույթով` ծխողը դեմ է իր իրավունքների սահմանափակմանը, չծխողն էլ ուրախ, որ այսուհետ ստիպված չի լինելու շնչել ուրիշի ծուխը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցին նայում է երկու կողմից` չծխողը պետք է պաշտպանված լինի ծխից, բայց ծխողին էլ պետք է հնարավորություն տալ ապրելու իր պատկերացումներին համահունչ:

«Այո՛, պետք է ապահովել չծխողների ծխախոտի ծխից պաշտպանվելու իրավունքը: Այո՛, պետք է անել հնարավորը, որ անձը չուզենա դառնալ ծխող: Այո՛, պետք է արգելվեն բոլոր տեսակի գովազդները: Բայց ծխողներն էլ մարդ են, և օրենքը ոչ մի կերպ չպետք է վերածվի անձերի դեմ պայքարի և վերջիններիս համար ևս պետք է ստեղծվեն որոշակի հնարավորություններ, որոնք միանշանակ չեն սահմանափակելու չծխողների իրավունքները»,- կարծում է Պիպոյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը չի թաքցնում` «ծխող զանգվածի ներկայացուցիչ» է, բայց հանրային վայրերում ծխելն իսպառ արգելելու նախաձեռնությունը ողջունում է:

«Ամոթի զգացումով եմ մտնում թեյարաններ ու ռեստորաններ որևէ արտասահմանցու հետ։ Դեմքի արտահայտություններից հասկանում եմ, որ քարանձավային տպավորություն ենք թողնում, շատ զզվելի հոտ է գալիս ծխած տարածքներում։ Ամբողջ աշխարհը նախընտրում է անծուխ հանրային միջավայր, իսկ մենք մնացել ենք 70-ականներում»,- իր տպավորություններն է կիսում պատգամավորը` միաժամանակ հռետորական հարց ուղղելով ծխողներին`դժվա՞ր է արդյոք մի երկու ժամ հանրային վայրում դիմանալ, չծխել:

«Շատ ճիշտ օրենք է, շատ սթափեցնող ու կարևոր նախաձեռնություն»,- կարծում է Անուշ Բեղլոյանը:

Հետաքրքական է, որ օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկումներն առավել ակտիվացան հատկապես վերջին օրերին, երբ դրան որոշակի ազդակ հաղորդեցին հանրային դեմքերը: Մինչդեռ առողջապահության նախարարության հակածխախոտային օրենսդրական նախաձեռնությունը հանրային քննարկմանն էր ներկայացվել դեռ 2018թ-ի օգոստոսին:

Ու թեև այն կես տարի է, ինչ հրապարակվել է, հանրությունը դրա մասին գիտի այն, որ օրենքի ընդունումից հետո ռեստորաններում այլևս չեն ծխելու:

Քչերը գիտեն, որ չեն ծխելու նաև փողոցում, ու ոչ միայն բաց սրճարաններում, այլև տրանսպորտային կանգառներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում ու մանկական պուրակներում:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել ծխելը նաև աշխատավայրերում, այդ թվում`մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում:

Ծխելը կարգելվի նաև առողջապահական, կրթական հաստատություններում, պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում, բնության հատուկ պահպանվողտարածքներում, հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան ու զբոսաշրջային տներում:

Արգելվելու է ծխելը նաև տրանսպորտային բոլոր միջոցներում` օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում, օդանավակայաններում, ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայաններում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում:

Ծխելու արգելքը խախտողների համար նաև համապատասխան տուգանքներ են սահմանվում:

Հանրային տարածքներում ծխողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի  հիսունապատիկի չափով, իսկ կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու պաշտոնյան`երկուհարյուրապատիկի չափով: Իսկ եթե խախտումը կրկնվի երեք ամսվա ընթացքում`տուգանքն արդեն կկրկնապատկվի:

Տրանսպորտում, տաքսիներում ծխողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Կտուգանվեն անգամ իրենց սեփական ավտոմեքենայի մեջ ծխողները, եթե դա արել են ընթացքի ժամանակ: Ծխող վարորդը կամ ուղևորը կտուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ծխողների կյանքը բարդացնող օրենքը նախատեսվում է կիրառել ընդունվելուց անմիջապես հետո: Բայց դա դեռ շատ շուտ չի լինի: Օրենքին դեռ պետք է հավանություն տա կառավարությունը, ապա` խորհրդարանը: Իսկ այն կառավարության օրակարգ չի ներկայացվել:

Մեկ լավ նորություն ևս` եթե անգամ օրենքն ընդունվի առաջիկա օրերին, ռեստորաններում ու այլ փակ տարածքներում ծխելը կարգելվի միայն 2019 թվականի մայիսի 1-ից, իսկ կիսափակ տարածքներում` 2022 թվականի մայիսի 1-ից:

Իսկ վաճառասրահներում ծխախոտ, սիգար, նարգիլե, այքոս և  ծխախոտի այլ փոխարինիչներ ցուցադրելու արգելքն ուժի մեջ կմտնի միայն 2020 թ- հունվարի 1-ից:

Այնպես որ ծխողների կյանքը Հայաստանում կբարդանա աստիճանաբար: Գուցե նրանք հասցնե՞ն այդ ընթացքում անցնել չծխողների շարքերը:

 

1153
թեգերը:
Հայաստան, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
«Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ. նախարարություն
Պետությունը կվճարի անապահով խավի չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման գումարը
Առողջապահության նախարարությունը մոտ 200 մլն դոլար կհատկացնի անպտղության դեմ պայքարի համար
Քարսիթները կարող են փրկել երեխաներին. Թորոսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել