Ռենտգեն

Քաղցկեղից կբուժե՞ն սոդան և նավթը. հայ բժիշկները դիմակազերծում են դեմագոգներին

228
Ուռուցքաբանական հիվանդությունների անժամանակ ախտորոշումը հանգեցնում է մահացության բարձր մակարդակի։ Դա Հայաստանի առողջապահական ոլորտի գլխավոր խնդիրն է։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. «Ժողովրդական մեթոդներով» ինքնաբուժությունն ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ հանգեցնում է ամենաթանկին` ժամանակի կորստին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ-ամերիկյան կենտրոնի հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Հայաստանի բժիշկները, մեղմ ասած, հոռետեսորեն են վերաբերվում սոցիալական ցանցերում տարածված ժողովրդական մեթոդներով քաղցկեղի բուժման «հրաշք» բաղադրատոմսերին։

Վերջին շրջանում համացանցում հաճախ կարելի է հանդիպել խորհուրդների, թե ինչպես բուժել քաղցկեղը սոդայի կամ նավթի օգնությամբ, շատերը խորհուրդ են տալիս սովորական սիսեռով բուժել այն։

Այդ հակագիտական «մեթոդների» հեղինակները հավաստիացնում են, որ վերոհիշյալ «հրաշք միջոցները» կօգնեն մեկընդմիշտ մոռանալ սարսափելի հիվանդության մասին։

«Մենք մեր կենտրոնում այցելուներին բացատրում ենք, որ անհնար է բուժվել` կաղամբ դնելով կամ օգտագործելով ինչ-որ ժողովրդական բաղադրատոմս», – ասաց Հակոբյանը։

Չարորակ նորագոյացությունների դեպքում ամենագլխավորը ժամանակին կատարվող ախտորոշումն է։ Նրա խոսքով` վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման հավանականությունը։ Բժիշկը խորհուրդ է տալիս հետազոտություն անցնել առնվազն տարին մեկ անգամ` կախված ինքնազգացողությունից։

Ինչի՞ մասին է խոսում վիճակագրությունը

Վիճակագրությունը նախկինի նման պնդում է, որ կանանց ուռուցքաբանական հիվանդությունների և մահացության մեջ կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է։ Դրան հետևում են հաստ աղիքի և արգանդի վզիկի քաղցկեղը։

Տղամարդիկ ամենից հաճախ տառապում են թոքերի, միզապարկի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղից։

2018 թ.–ին կենտրոնում անցկացվել է 60 հազար հետազոտություն, որից 23 հազար 916–ը բաժին է ընկել կաթնագեղձին։ Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշել են 1 575 կին հիվանդների մոտ, որից 1 139-ը` վաղ փուլում։

Ի դեպ, 2018 թ.–ին կրծքագեղձի քաղկցեղ է ախտորոշվել 12 տղամարդու մոտ։

«2018 թ.–ին անցկացվել է վահանաձև գեղձի 3 հազար 131 հետազոտություն, որից վահանաձև գեղձի քաղցկեղ է ախտորոշել 400–ի մոտ», – ասաց Հակոբյանը։

Ընդհանուր առմամբ, 2018թ.–ին 16 հազար 90 գինեկոլոգիական հետազոտություններ են անցկացրել 9 931 կանանց շարքում։ 38–ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 56–ի մոտ նախաքաղցկեղային վիճակ է։

Հակոբյանը նշում է, որ ըստ քաղցկեղով հիվանդացության մակարդակի շարունակում է առաջատար մնալ Գեղարքունիքի մարզը։ Նման ցուցանիշների պատճառը մինչև հիմա չի պարզվել։

Իսկ առողջապահության նախարարությո՞ւնը

Վիճակագրության համաձայն` հրապարակված առողջապահության նախարարության կողմից, մեր երկրում քաղցկեղից ամեն տարի մահանում է մոտ 5600 մարդ։ Չարորակ նորագոյացությունները երկրորդ տեղն են զբաղեցնում մահացության հիմնական պատճառների շարքում։ Դրանց բաժին է ընկնում մահերի 20,4 տոկոսը` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո։

Վերջին 20 տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության և մահացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ։ Այսպես, 2018 թ.–ի դրությամբ Հայաստանի դիսպանսերներում հսկողության տակ են գտնվում 43 830 հիվանդներ։ Ամեն տարի գրանցվում է 8 500 նոր դեպք։

Առողջապահության նախարարությունում նշում են, որ չարորակ նորագոյացությունների 30-50 տոկոսը կարելի է կանխել վաղ փուլերում ախտորոշման դեպքում։

Սակայն դեպքերի 60 տոկոսի դեպքում հիվանդությունն ախտորոշվում է 3–րդ և 4–րդ փուլերում, իսկ դա բարդացնում է բուժումը։

Վերջին տարիներին կանանց և տղամարդկանց շարքում աճել է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը, ինչ կարող է պայմանավորված լինել նստակյաց կենսակերպով և անառողջ սնունդով։

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս վարել առողջ և ակտիվ կենսակերպ, չծխել, ճիշտ սնվել, սպորտով զբաղվել և անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն։

228
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Բելառուսի հաջողությունները քաղցկեղի բուժման հարցում. Աղաբեկովն աշխատում է նոր դեղի վրա
Ժողովուրդը կորցրել է վստահությունը առողջապահության նկատմամբ. Ներսես Բերբերյան
Լյուդմիլա Նորսոյանը քաղցկեղի դեմ պայքարում է «Լույսի 12 հրեշտակները» հավաքածուով