Արտակ Զեյնալյան

Մհեր Ենոքյանին ազատե՞լ են. նախարարի ու ցմահ դատապարտվածի կնոջ մեկնաբանությունները

1747
(Թարմացված է 19:28 02.02.2019)
Արդարադատության նախարարը կարծում է, որ հայ հասարակությունն առայժմ պատրաստ չէ առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է։ 1in.am–ի եթերում, անդրադառնալով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ այդ որոշումը բացատրման, մեկնաբանման ու պարզաբանման ենթակա չէ։

23–ամյա վաղեմությամբ սպանության համար մեղադրված, նախ մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հնարավորության մասին լուրը հանրային մեծ իրարանցում է առաջացրել։ Սոցիալական կայքերում օգտատերերի երկու ճամբար է ձևավորվել` առաջինները հանդես են գալիս դատապարտվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի տեսանկյունից` պաշտպանելով նրանց` ներման արժանանալու իրավունքը, մյուսներն աջակցում են սպանվածի ընտանիքին` կտրականապես մերժելով «հրեշ մարդասպանին» ազատ արձակելու գաղափարը։

«Հայ հասարակությունն առայժմ պատրաստ չէ առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով»,– ասել է արդարադատության նախարարը` պատասխանելով հաղորդավարի դիտարկմանը, երբ նա հայտնում է, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին վարչապետը մերժում է տվել։

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ ՀՀ վարչապետի ու նախագահի պատասխանի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև դատապարտյալի կնոջը` Զարուհի Մեջլումյանին։

«Չեմ մեկնաբանում»,– ասաց նա։

1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը`Արամ Հարությունյանին։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։

1747
Ըստ թեմայի
Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցին
«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից
Մհեր Ենոքյանի կինը չի հավատում Աղաջանովներին. սպանվածի ընտանիքը որոշել է դատի տալ նրան