Աշոտ Ավագյանի կազմակերպած ծիսակատարությունը

Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում

1759
Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը նկարիչ Աշոտ Ավագյանին մեղադրում է Սյունիքի մարզի հեթանոսական հուշարձանների տարածքում պիղծ ծիսակարգեր անցկացնելու մեջ։ Աշոտ Ավագյանն ունի իր բացատրությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Քարահունջ» հնավայր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանը հուշարձանի տարածքում կազմակերպում է աղանդավորական օրգիաներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությամբ հանդես եկավ մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը։

«Նայեք, թե ինչ սիմվոլներ է նկարում նա կանանց մերկ մարմինների վրա ու կհասկանաք, թե որ կազմակերպությունն է նա ներկայացնում։ Անգլիական Վիկայի աղանդ կա։ Նայեք ու ինքներդ համոզվեք դրանում»,– ասաց Վահրադյանը։

Նրա խոսքով` «Զորաց քարերի» վրա ներկով սատանայական սիմվոլներ նկարելուց զատ, Աշոտ Ավագյանը նաև Սիսիանի 7 կմ հեռավորության վրա գտնվող Պորտաքարի վրա սեռական բնույթի ծիսակարգեր է իրականացնում։

Վահրադյանն ընդունում է այդ քարի հետ կապված ժողովրդական հավատալիքն այն մասին, որ անզավակ կանանց մայրանալու կարողությամբ է օժտում, բայց չի ընդունում այս հավատալիքի վերաբերյալ Ավագյանի ծիսակարգերը` նրա մեկնաբանությունները կոչելով «ապուշություն»։

Այդուհանդերձ, հնչած մեղադրանքը միակողմանի չհնչեցնելու համար Sputnik Արմենիան դիմեց նաև Աշոտ Ավագյանին` իր հասցեին հնչած մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

«Երևի թե ինքը կուզեր, որ մենք օրգիաներ կազմակերպեինք, ինքն էլ ներկա լիներ ու հիանար, բայց նման բան չկա, ինքը ստում է։ Երևի չգիտի, թե Պորտաքարն ինչ է, ինչ սիմվոլիկա ունի, ինչի համար է ծառայել, դրա համար էլ փորձում է դա օրգիայի վերածել»,– ասաց Ավագյանը` հավելելով, որ մեր նախնիների համար Պորտաքարը պտղաբերության, բերրիության խորհրդանիշ է եղել, որը մեր հեթանոս նախնիները պաշտել են։

«Ասեմ, որ մինչև 1960թթ–ն այնտեղ չբեր կանանց հետ կապված ծիսակատարություններ էին անում։ Նաև բերքի հետ կապված` հողը հերկելուց հետո, երբ որ սերմն արդեն պիտի գցեին հողի մեջ, այստեղ ծիսակատարություն էին կատարում, որպեսզի տարին բերրի լիներ և այլն։ Հայրս 1944թ–ին, երբ Գորիսում ուսանող էր, 2 անգամ հանդիպել է այս ծիսակատարությանը, որովհետև այն ժամանակ մեքենա չկար, և ոտքով դասի գնալ–գալիս երկու անգամ հանդիպել է»,– ասաց Ավագյանը։

Ашот Авагян
© Sputnik / Karen Yepremyan
Աշոտ Ավագյան

Հնավայր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանն արդեն ավելի 10 տարի պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում Սյունիքի մարզի հեթանոսական խորհրդանիշ–հուշարձանների տարածքում, որոնց ընթացքում փորձում է ներկայացնել, թե հայերի հեթանոս նախնիները հազարավոր տարիներ առաջ ինչ ծեսեր են մատուցել իրենց հավատալիքներին։

1759
Ըստ թեմայի
National Geographic–ը Քարահունջը ներառել է 8 հնագույն աստղադիտարանների ցանկում
Քարահունջ․ Հայաստանի «խոսող» քարերն ու նրանց կապը Քեոփսի բուրգի հետ
Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են