Շահումյանի հրապարակը

Քաղաքապետարանի՝ սխալը ոչնչով փոխարինելու հանճարեղ լուծումը. որտե՞ղ կապեմ նժույգս

277
Ռուբեն Գյուլմիսարյան
Երևանի կենտրոնը վաղուց հսկայական ավտոկայանատեղի է դարձել, որից այն կողմ քաղաքը երբեմն չի երևում։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և արդեն հրապարակներում մեքենան կանգնեցնելու տեղ չկա, ավելին, որոշ տարածքներ վերածվել են գերատեսչական կայանատեղիների։ Խնդիրն առավել քան հասունացել է, և ավագանին փորձում է դրա լուծման ռազմավարություն մշակել։

Երևանի ավագանին, երևում է, սկսել է սևեռուն ուշադրություն դարձնել քաղաքում կայանելու տեղերի հետ կապված աննորմալ վիճակին, հատկապես Երևանի կենտրոնում։ Օրերս շատ վարորդների համար անակնկալ է դարձել Շահումյանի հրապարակում ավտոմեքենաները կայանելու արգելքը. գրեթե ոչ ոք չի իմացել այդ նորամուծության մասին։ Բայց բանն այն է, որ մեկ հարթակի բեռնաթափումը չի լուծի  խնդիրը. ավտոմեքենաների վարորդները կսկսեն տեղեր որոնել հարևան փողոցներում` ավելի շատ ծանրաբեռնելով դրանք։

Դա հենց այն դեպքն է, երբ կարելի է և պետք է ասել, որ Երևանը ռետինից չէ։ Ավագանու անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գայանե Մելքոմյանն ասում է, որ քաղաքապետարանը լի է հրապարակները քաղաքին վերադարձնելու վճռականությամբ, մասնավորապես` Շահումյանի հրապարակը։ Իսկապես այդ վայրը նույնիսկ դադարել է ընկալվել որպես քաղաքի հրապարակներից մեկը` վաղուց վերածվելով սովորական հարմար ավտոկայանատեղի։

Այնուամենայնիվ, այնտեղ կայանած մեքենաներն արգելքից հետո հօդս չեն ցնդում, տերերը դրանցից չեն հրաժարվի և հազիվ թե դուրս գան աշխատանքից միայն այն պատճառով, որ հիմա չեն կարող հրապարակում թողնել իրենց տրանսպորտը։ Այնուամենայնիվ, քաղաքապետարանի հետ պայմանագրերի համաձայն, հրապարակի տարածքը` հուշարձանին անմիջականորեն հարող հատվածը, գործում է որպես գերատեսչական ավտոկայանատեղի, որը սպասարկում է մոտակայքում գտնվող երկու բիզնես կենտրոնները։

Պայմանագիրը երկարացվում է տարեկան մեկ անգամ, և այս անգամ հարցը բուռն քննարկումներ է առաջացրել ավագանում, ասում է Մելքոմյանը։ Մոտեցումը, իհարկե, ճիշտ է ձևակերպվել, քաղաքի հասարակական տարածքները, որոնք մի ժամանակ հանձնվել են մասնավոր շահագործման, պետք է վերադարձվեն քաղաքին և հասարակությանը։

Սակայն դա հեշտ է ասել, բայց շատ դժվար է իրականացնել, առավել ևս, որ  գերատեսչական կայանատեղերում տեղ են գտել նաև մարդկանց ավտոմեքենաները, որոնք կապ չեն ունեցել այդ գերատեսչությունների հետ։ Գայանե Մելքոմյանը օրինակ է բերում նաև Հանրապետության հրապարակը, որտեղ կայանատեղերից բացի ակնհայտորեն առկա է մեկ այլ խնդիր. փողոցային, անկանոն առևտուրը, որն անտանելի է դառնում հատկապես տոնական օրերին։

Մելքոմյանը խոստովանում է, որ տվյալ պահին պատասխան չկա այն հարցին, թե այսօր ինչ անեն նրանք, ովքեր տարիներով ավտոմեքենաները թողել են Շահումյանի հրապարակում։ Գայանե Մելքոմյանն առաջարկում է նրանց տեղեր որոնել հրապարակի շրջակայքում, թեև գիտի, որ դա անելը դժվար կլինի։

Մեր անունից ասենք, որ դեմ չենք քաղաքի այդ և այլ հրապարակները ավտոմեքենաների կուտակումներից ազատելուն։ Բայց որքանո՞վ է ճիշտ իրագործել կամային որոշումներ` մարդկանց չառաջարկելով ոչ մի այլընտրանք։ Ցանկացած երևանցի հիանալի գիտի, որ Շահումյան հրապարակի շրջակայքը, որտեղ երաշխավորված կարելի է տեղ գտնել կայանելու համար, դա, հավանաբար, Իսակովի պողոտան է։

Փոքր կենտրոնի այդ շրջանում գտնվում են նախարարություններ, Կենտրոնական բանկը, բիզնես կենտրոններ, թատրոններ, ուր գալիս են բազմաթիվ մարդիկ։ Պետք չէ պայծառատես լինել` քաղաքապետարանի արգելքից հետո հասարակական դժգոհության մեծ ալիքը կանխատեսելու համար։ Ամենատխուրն այն է, որ այլընտրանք ոչ միայն չի երևում, այլ, դատելով Մելքոնյանի խուսափողական պատասխաններից, հարցը ավագանում չի էլ քննարկվել։

Մելքոմյանն ասում է, որ քաղաքապետարանը կմնա սկզբունքային դիրքերում, բայց, հարգելիներս, եթե դուք այլընտրանք չեք տրամադրում, ապա «սկզբունքայնությունը» ավելի շատ նմանվում է վոլյունտարիզմի։

Գայանե Մելքոմյանը հաղորդել է, որ քննարկվում է Շահումյանի հրապարակի շրջանում ստորգետնյա կայանատեղի շինարարության հնարավորությունը։

Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ նման արգելքներ պետք է դրվեն միայն այն բանից հետո, երբ ստորգետնյա կայանատեղին շահագործման հանձնվի։

Այլապես անցկացնելով ցուցադրական–պոպուլիստական ակցիա, արգելելով կայանել հրապարակում` քաղաքը չի լուծի ոչ մի խնդիր, փոխարենը ձեռք կբերի նորերը։ Եվ այդ իրավիճակը շատ նման է Օպերային թատրոնի հարակից սրճարաններն ապամոնտաժելու պահանջներին, որոնք շատերին դուր կգան, բայց անհույս ուշացած են։ Հիմա ավելի ճիշտ կլինի այդ սրճարաններին ձեռք չտալ, քան դրանց փոխարեն անհայտ ինչ–որ բան ստանալ։

Այդ ընթացքում քաղաքում արդեն լուրեր են տարածվել, որ Շահումյանի հրապարակում կայանելու արգելքը ժամանակավոր է, և կապված է սեփականության փոփոխության հետ. իբր ուզում են ավտոկայանատեղի շահագործման իրավունքը խլել մեկից և տրամադրել մյուսին։ Չենք կարող ասել, թե որքանով են հիմնավորված այդ լուրերը, բայց պարզ է մի բան.  նման խոսակցություններ ծագում են միշտ, երբ հասարակությունը բախվում է իշխանությունների տարօրինակ և անտրամաբանական որոշումների հետ։

Այդ իրավիճակը նման է նրան, որ ասենք ինչ–որ մեկը վերցներ ու աղբանոց տաներ սեփական մահճակալը` տանը չունենալով պառկելու համար նախատեսված որևէ բան և պատկերացում չունենալով, թե ինչպես է գնելու փոխարենը։

277
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Որսագողության և Սևանի սիգի խնդիրներն ինքնուրույն կլուծվեն. «հիանալի դեղատոմս» կա
Միայն ու միայն Փաշինյանը. ու՞մ են պետք էթնոհոգեբանները
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում