Նիկոլ Փաշինյան. ՀՀ վարչապետ

Վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան

81
(Թարմացված է 21:47 31.01.2019)
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպանը կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ-ում այսօր բոլոր նախարարություններն ունեն Սփյուռքի հետ կապված գործառույթներ՝ ԱԳՆ-ն, Մշակույթը, ԿԳՆ-ն և այլն։ Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատել է, որ հայկական սփյուռքի հիմնական հատվածը ներկայացնում է խնդիրներ, որոնք հիմնականում կախված են լեզվի ու մշակույթի հետ. «Ինչո՞ւ պետք է մի երկրում լեզվով ու մշակույթով զբաղվող 2 նախարարություն լինի։ Մենք փաստորեն լեզվով ու մշակույթով զբաղվող 2 նախարարություն ունենք՝ լեզվով զբաղվող ԿԳՆ ու Սփյուռք, ունենք մշակույթով զբաղվող Մշակույթի ու Սփյուռքի նախարարություններ։

Այնպես է ստացվել, որ  կրթական քաղաքականությունը Սփյուռքի համար ուրիշ է, իսկ Հայաստանի համար՝ ուրիշ, մշակույթը սփյուռքի համար ուրիշ է, Հայաստանի համար՝ ուրիշ։ Արդյունքում Սփյուռքի ու Հայաստանի հայության ինքնության հեռացում է լինում, որովհետև ինքնության հարցն առաջնային է։ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմամբ  զբաղվում է ԿԳՆ-ն, բայց դասագրքեր կազմում է Սփյուռքի նախարարությունը, և շատ հաճախ ուսուցիչները ստանում են դասագրքեր, որոնք չենք համապատասխանում իրենց վերապատրաստմանը»,- ասել է նա։

Վարչապետը հայտարարել է, որ իր աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, որը, ըստ վարչապետի, կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Ըստ էության, մեր պատկերացումը հետևյալն է՝ Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա՝ բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց:

Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել՝ ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, որը կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

81