Արայիկ Հարությունյան

Դպրոցներում նոր դասագրքերով ու նոր առարկաներ կդասավանդվեն. նախարարը հայտնեց` երբվանից

974
Կրթության և գիտության նախարարը հայտարարեց, որ դպրոցական դասագրքերը կթեթևանան, հնարավոր է` բաժանվեն երկու հատորի։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Դպրոցական ուսումնական բոլոր ծրագրերը վերանայվելու են, և մինչև 2023թ–ը լինելու է միանգամայն նոր առարկայացանկ։ Այս մասին այսօր` հունվարի 31-ին, կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Վերանայվելու են բոլոր առարկաները, որովհետև կան բողոքներ ծանրաբեռնվածության հետ կապված, ծրագրերի անհամապատասխանության հետ կապված, առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված։ Այսինքն` եկեղեցու պատմության, հայ ժողովրդի պատմության, հայրենագիտության առարկաներում, նույնիսկ ռազմագիտության ու երգի դասագրքերում կրկնություններ կան, որոնք պետք է վերցնենք»,– ասաց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ ծնողները հիմնականում դժգոհում են սրանից և դասագրքերի ծանրությունից։

Հարությունյանը հայտնեց, որ վաղը` փետրվարի 1-ին, նախարարությունում դասագրքերի վերանայման թեմայով քննարկում կա, որտեղ քննարկվելու է դասագրքերը ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկապես թեթևացնելու հարցը։

«Գուցե որոշում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր, այսինքն` առաջին կիսամյակի համար լինի առաջին հատորը, երկրորդի համար` երկրորդը»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` դեռ պաշտոնավարման առաջին օրերին` 2018թ–ի հուլիսին, ԱՐայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դպրոցական ծրագրերը չեն բավարարում ներկա պահանջներին, անհրաժեշտ է վերանայել դասավանդման ծրագրերն ու դասագրքերը։ Նախարարը կարևորել էր նաև դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում մրցակցության ապահովումն ու սուբյեկտիվ մոտեցման բացառումը։

974
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դպրոցն ամեն պահի կարող է փլվել երեխաների վրա. լուսանկարներ
9-րդ դասարանցիներն այս տարի քննություն կհանձնեն իրենց դպրոցներից դուրս
Քաղաքապետն աշխատանքից ազատել է Պուշկինի և այլ դպրոցների տնօրեններին