Թանդոյանց եկեղեցի

Վրացական դատարանը մերժեց հայկական եկեղեցու հայցը. ի՞նչ ճակատագիր կունենա Թանդոյանցը

176
(Թարմացված է 17:57 29.01.2019)
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը պատրաստ է վիճարկել Վրաստանի առաջին ատյանի դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի առաջին ատյանի դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի հայցը Թանդոյանց հայկական եկեղեցու վերաբերյալ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Դատավորը վճիռ է կայացրել այդ գործով ամփոփիչ նիստում, որը կայացել է հունվարի 24–ին։ Վիրահայոց թեմի հայցն ուղղված էր Վրաստանի պետական ռեեստրի որոշման դեմ, ըստ որի` Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) եկեղեցին փոխանցվում է Վրացական ուղղափառ եկեղեցուն։

«Փոխանցումն իրականացվել է առանց գործը պատշաճ քննելու։ Մենք պահանջում էինք չեղարկել ռեեստրի որոշումը, քանի որ այն սխալ ենք համարում», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` դատարանն օրինական է համարել եկեղեցու փոխանցումը վրացական պատրիարքարանին, քանի որ Թանդոյանցը պետական ռեեստրինն էր պատկանում։ Կառույցն իրավունք ուներ եկեղեցին փոխանցել ցանկացած կազմակերպության։

Հայցի մերժման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ եկեղեցին, ինչպես Վրաստանի այլ տաճարներ, ԽՍՀՄ իշխանությունները առգրավել էին, այնտեղ 100 տարի ժամերգություն չի անցկացվել, ու Հայ առաքելական եկեղեցին սեփականատեր լինելու իրավունք չունի։

Բնականաբար Հայ առաքելական եկեղեցին համաձայն չէ վճռի հետ, պատրաստ է բողոքարկել որոշումը, սակայն միայն այն ժամանակ, երբ կհրապարակվի դատարանի վճռի գրավոր տարբերակը։

«Այդ ամենը բանավոր է ասվել։ Մենք դատարանի որոշումը վերին ատյաններում բողոքարկելու իրավունք ունենք, բայց սպասում ենք գրավոր վճռին։ Օրերս այն կհրապարակվի», – ասաց Խաչատրյանը։

591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։

Ավելի վաղ վրացական Պատրիարքարանը հայտարարել էր, թե Թանդոյանցի տեղում ուղղափառ եկեղեցի է եղել։ Որպես ապացույց նրանք ներկայացնում են վրացերեն գրություններով տապանաքարերը։ Հայ առաքելական եկեղեցին արդեն հերքել է դա` նշելով, որ XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տեղում գերեզմանատուն է եղել, իսկ այն ժամանակ գերեզմանատները հայկականի ու վրացականի չէին տարանջատում։

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1866 թվականին։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ից եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական նպատակներով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, բայց ապարդյուն։

176
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ ճանապարհով Հայաստանից հասնել Դոմինիկանա և ինչպես վայելել դրախտային հանգիստ
Հայկակա՞ն, թե՞ վրացական. ի՞նչ որոշում է կայացրել դատարանը Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ
«Աշխարհի ոչ մի երկրում նման բան չեմ տեսել». ռուս լրագրողին հիացրել է Հայաստանը
Արդյո՞ք Թբիլիսիում հայկական թատրոնի նոր շենքը կկառուցվի. փակագծերը բացեց Բայանդուրյանը