Միշել Լեգրանը` կնոջ հետ

Հայտնի հայերի սիրո պատմությունները. 5 սիրավեպ, որոնք կհուզեին անգամ Շեքսպիրին

757
(Թարմացված է 14:22 29.01.2019)
Միշել Լեգրան, Հովհաննես Բաղրամյան, Մոնթե Մելքոնյան, Հովհաննես Այվազովսկի, Առնո Բաբաջանյան... Նրանց անգնահատելի արժանիքների հիմքում ընկած է ոչ միայն տաղանդը և անհավանական աշխատասիրությունը, այլ նաև զարմանալի սերը, որը ոմանց ոգեշնչել է գլուխգործոցներ ստեղծելու, իսկ ոմանց` մարտական սխրանքների։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մեծ անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի հերոսները` Ռոմեոն և Ջուլիետը, անմահացրել են իրենց սերը` հանուն դրա գնալով մահվան։ Սակայն իրական կյանքում, երբեմն, ավելի դժվար է լինում ապրել հանուն սիրո, և հիրավի անմահ կարելի է համարել այն զգացմունքը, որը կարողացել են կրել սրտում կյանքի ընթացքում` չնայած այնպիսի խոչընդոտներին, ինչպիսիք են ժամանակը, հեռավորությունը, պատերազմները և հիվանդությունները։ Sputnik Արմենիան ներկայացնում է ականավոր հայերի հինգ սիրավեպերը, որոնք կարող են ոգեշնչել անգամ անհույս հոռետեսներին։

Հովհաննես Բաղրամյան

Մի կողմից խիզախ հերոս և անվախ հրամանատար, մյուս կողմից` ամբողջ կյանքում սիրահարված և նուրբ ռոմանտիկ, որը հանուն սիրելի կնոջ կարող է հաղթահարել ցանկացած արգելք և պայմանականություն։

Маршал Баграмян с женой
© Photo : Из личного архива семьи Маршала Баграмяна
Հովհաննես Բաղրամյանը` կնոջ հետ

Ապագա մարշալը դեռ 20 տարեկան էր, երբ սիրահարվեց գեղեցկուհի Թամարային։ Սակայն աղջիկը նշանված էր մեկ ուրիշի հետ։ Բայց, հավանաբար, նախախնամությունը որոշել էր ամեն գնով միավորել նրանց։ Կարճ ժամանակ անց Թամարայի ամուսինը մահանում է։ Իմանալով այդ մասին` Բաղրամյանը վերադառնում է հայրենիք և, ուշադրություն չդարձնելով բամբասանքներին, ամուսնանում է արդեն հղի Թամարայի հետ, որի որդուն` Մովսես Բաղրամյանին, դաստիարակում է իր հարազատ երեխայի նման։ Որոշ ժամանակ անց ծնվում է մարշալի դուստրը` Մարգարիտան։

ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալի անունն այնքան հստակ է ասոցացվում ռազմական սխրանքի և արիության հետ, որ շատ բարդ է նրան պատկերացնել որպես ռոմանտիկ մարդ։ Այնուամենայնիվ, Թամարային նա սիրել է մինչև կյանքի վերջը։ Նույնիսկ հեռու լինելով սիրելիից` Բաղրամյանը ռազմաճակատում ընկերուհիներ չի ունեցել։ Դրա փոխարեն կրքոտ և խորաթափանց նամակներ է գրել կնոջը։ Ժամանակակիցները զարմացնում էին` ինչպես են միմյանց նման տողեր գրում ամուսինները, որոնք արդեն 20 տարի ամուսնացած են և երկու երեխա ունեն։

«Նրանք այնպիսի լուսավոր զգացմունքներ ունեին։ Նույնիսկ պատկառելի տարիքում տատիկն ու պապիկը պահպանել էին հարաբերությունների ռոմանտիզմը։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր պապիկն աշխատանքի գնալիս սիրո խոստովանությամբ գրություն թողնում տատիկի համար», – հիշել է մարշալի թոռնուհին` Կարինան։

Երբ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո Թամարա Հմայակովնան մահացել է, Բաղրամյանը մոսկովյան բնակարանից տեղափոխվել է ամառանոց և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջ։

Մոնթե Մելքոնյան

Դեգերումներ, զրկանքներ, հեղափոխություն, կալանք, պատերազմ... Ոչ, դա հնդկական ֆիլմի սցենար չէ, դա Մոնթեի և Սեդայի իրական կյանքն է։ Հավանաբար, քչերը կարող են պահպանել իրենց զգացմունքները` անցնելով նման փորձությունների միջով։ Բայց Մոնթեն և Սեդան ոչ միայն պահպանեցին իրենց սերը, նրանք վառ, կենսուրախ մարդիկ էին, որ չնեղվեցին այս ամենից, ավելին, գիտակցաբար կատարեցին իրենց ընտրությունը։

Հայաստանի ազգային հերոս, ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանն այլ կերպ ապրել չէր կարող, իսկ նրա սիրելին ոչ միայն հիանալի հասկացել էր դա, այլ նաև հենց դրա համար էլ սիրել է նրան։

«Այո, մեզ համար դժվար է, մենք ծանր ուղի ենք ընտրել։ Հազվադեպ ենք միասին լինում, բայց դա նշանակություն չունի։ Ես երջանիկ եմ, որ իմ ամուսինը Մոնթեն է։ Նման երկրորդ մարդ չկա», – ասել է Սեդան իր ամուսնու մասին։

Մոնթեն սիրելիին ուղղված նամակներում խոստովանել է, որ իր կյանքում երկու սեր կա, որոնք անհնար է տարանջատել միմյանցից` սերը հայրենիքի և սերը Սեդայի նկատմամբ։

Մոնթեն Սեդայի հետ ծանոթացել է Լիբանանում 1978թ.–ին, երբ աղջիկը դեռ 15 տարեկան էր, իսկ նա` 21։ 1991թ.–ին նա Սեդայի հետ միասին եկել է Երևան։ Նրանք ապրել են հանրակացարանում։ Մոնթեն, լինելով բանտարկված, սկսել է ծրագրել իրենց հարսանիքը։ Մեկ տարի անց նրանք պսակադրվել են Գեղարդում և շուտով միասին մեկնել Արցախ, որտեղ Մոնթեն իսկույն մեկնել է մարտի դաշտ։

Մի անգամ հարցին, թե որտեղ կլիներ հիմա Մոնթեն, եթե ողջ լիներ, Սեդան պատասխանել է` «Նա ողջ չէր մնա»։ Միաժամանակ նա խոստովանել է, որ առանց նրա կյանք չկա. «Մոնթեն այստեղ է։ Ես նրան զգում եմ»։

Հովհաննես Այվազովսկի

Մեծ ծովանկարիչը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունը` անգլուհի Յուլյա Գրևզի հետ, նրան երջանկություն չի բերել։ Իր իսկական մուսային գեղանկարիչը հանդիպել է բավական պատկառելի տարիքում։ Նա 65 տարեկան էր, իսկ 25–ամյա Աննա Սարգիսովա–Բուռնազյանը հասցրել էր այրիանալ։ Հենց ամուսնու` թեոդոսիացի հայտնի վաճառականի հուղարկավորության ժամանակ են նրանք առաջին անգամ տեսել են միմյանց։ Ամուսնու դագաղի հետևից գնացող երիտասարդ հայուհու գեղեցկությունը ցնցել է Այվազովսկուն։

 Анна Никитична Бурназян-Саркисова, вторая жена И. К. Айвазовского
Աննա Բուրնազյան–Սարգիսովան` Հովհաննես Այվազովսկու 2–րդ կինը

Մեկ տարի անց ծովանկարիչն Աննային առաջարկություն է արել, վերջինս ընդունել է այն։ Այվազովսկին կնոջ դիմանկարը` մետաքսե թափանցիկ գլխաշորով, հայկական տարազով, նկարել է հարսանիքի տարում։

«Իմ հոգին պետք է մշտապես կլանի գեղեցկությունը, որպեսզի հետո վերարտադրեմ այն նկարներում։ Ես սիրում եմ քեզ, և քո խորը աչքերից փայլատակում է մի ամբողջ առեղծվածային աշխարհ, որը կախարդական իշխանություն ունի։ Եվ երբ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, նկարը խամրած է ստացվում», – ծովանկարիչն այդպես է սեր խոստովանել կնոջը, որը նրան 18 տարի շարունակ երջանկություն է պարգևել։

Նկարիչը հաճախ է ասել, որ այդ ամուսնության շնորհիվ նա մոտեցել է իր ժողովրդին։ Աննայի հայտնվելուց հետո Այվազովսկու տունը կենդանացել է և դարձել ուխտագնացության վայր բազմաթիվ հայերի համար. երջանիկ զույգին հյուրընկալել են դերասաններ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ` ստանալով օրհնություն, երբեմն էլ նյութական աջակցություն։

Միշել Լեգրան

Հայտի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» վեպում նկարագրված պատմությունը, երբ զույգը 50 տարի անց վերադարձնում է իր կորսված սերը, ֆանտաստիկ է թվում։ Հավանաբար, շատերը կզարմանան` իմանալով, որ Մարկեսն ասես պատմել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանի ճակատագիրը, որը, ցավոք, օրերս է հեռացել կյանքից։ Ոչ, այդ ժամանակ արդեն խոլերա չկար, բայց 50 տարի շարունակ սպասումներ եղել են։

Իր վերջին կնոջ` Մաշա Մերիլի հետ հայտնի դաշնակահարը ծանոթացել է 32 տարեկանում։ Կայացած երաժշտի և 24–ամյա դերասանուհու միջև ծագած զգացմունքը նրանք բնութագրում են որպես սեր առաջին հայացքից։ Դա տեղի է ունեցել ռոմանտիկ Ռիո դե Ժանեյրոյում կինոփառատոնի ժամանակ։

Французские актриса и режиссер Маша Мериль и композитор Мишель Легран
© Sputnik / Екатерина Чеснокова
Միշել Լեգրանը` կնոջ հետ

«Անհնար է բառերով նկարագրել այդ օրերը։ Երջանկության տարափ։ Թվում էր` մի հավերժություն միասին ենք, բայց անցել էր ընդամենը մի քանի օր` ցնցող, վառ, խելահեղ օրեր», – ավելի ուշ խոստովանել է օսկարակիր կոմպոզիտորը։

Բայց տանը նրան սպասում էին կինը և երեխաները, իսկ դերասանուհուն` նշանածը։ Սիրահարները չեն կարողացել չարաշահել մտերիմ մարդկանց վստահությունը, և նրանցից յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով։ Միշելն անընդհատ հիշել է Մաշային, իսկ նա հետևել է նրա հաջողություններին մամուլի միջոցով... Նրանց հաջորդ հանդիպումը կայացել է արդեն կես դար անց, այն թատրոնում, որտեղ խաղացել է Մերիլը։

«Անցել էին տարիներ, և այդքան ժամանակ անց, տեսնելով Մաշային, ես հանկարծ հասկացա, որ այդ 50 տարիները մենք անցկացրել ենք` պատրաստվելով այս հանդիպմանը։ Մենք շարունակել ենք սիրել իրար։ Եվ ինչ-որ մեկը վերևում հստակ հասկացնել է տվել, նշել մեր ուղին, այդ երեկո կազմակերպել մեր հանդիպումը թատրոնում, ստիպել ինձ ասել. «Մաշա, դարձի՛ր իմ կինը»», – հիշել է երաժիշտը։

Դերասանուհին խոստովանել է, որ իրենց պատահական հանդիպումից հետո այդ 50 տարին ասես չի էլ եղել։

«Եվ երբ նա այդ երեկո մտավ թատրոն, ես էլ մտածեցի, որ գերագույն ուժն է միավորել մեզ»։

Նրանք անհապաղ ամուսնացել են` յուրահատուկ թալիսման դառնալով բոլոր սիրահարների համար։

Առնո Բաբաջանյան

Թերեզա Բաբաջանյանը (աղջկական ազգանունը` Հովհաննիսյան) հայտնի է որպես հանճարեղ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կին։ Քչերը գիտեն, որ Թերեզան շատ տաղանդավոր դաշնակահարուհի էր, նա խոստումնալից ապագա ուներ։ Սակայն ամուսնությունից հետո զոհաբերել է դաշնակահարուհու իր կարիերան` իրեն նվիրելով ընտանիքին և իսկական պահապան հրեշտակ դառնալով իր ամուսնու համար։

Армянский композитор Арно Бабаджанян.
© Sputnik / Э. Габриэлян
Առնո Բաբաջանյան

Երբ 1953թ.–ին երաժշտի մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ, բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք են տվել։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարում մեծ դեր է խաղացել ականավոր ֆրանսիացի ուռուցքաբանը, որն այդ ժամանակ երջանիկ պատահականությամբ եկել էր ԽՍՀՄ։ Բայց մի քանի ամսվա փոխարեն բոլորի կողմից սիրված կոմպոզիտորն ապրել է 30 տարի, և դրանում, անշուշտ, մեծ էր նրա կնոջ դերը։

Ժամանակակիցների հիշողությունների համաձայն`Թերեզա Սոկրատովնան ամուսնուն շրջապատել է հոգատարությամբ և հեռու պահել նրան տհաճ և բացասական երևույթներից, նույնիսկ վատ լուրերից։ Հենց նրան է Բաբաջանյանը նվիրել իր հայտնի «Նոկտյուրնը»` ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը։

757
Ըստ թեմայի
Այվազովսկին և հանգստավայրերը. ինչ գիտեն հայերը Ղրիմի մասին
Մարդասեր և հեռատես. Մոնթեն, որը կարող էր փոխել այսօրվա Հայաստանը
Անարդարացիորեն մոռացված Առնո Բաբաջանյանը, կամ ումից պետք է օրինակ վերցնեն հայ մագնատները
Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը
Ի՞նչը ստիպեց Միշել Լեգրանին այլևս մեջքով չնստել հանդիսատեսին