Հեռակառավարվող գնդացիրի փորձարկում

Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը

139
(Թարմացված է 11:56 29.01.2019)
Տասնյակ էնտուզիաստ ինժեներներ ստեղծում են պաշտպանական տեխնոլոգիաներ։ Այդ խանդավառության միաձուլումը հստակ ծրագրի հետ կկազմակերպի ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Արդեն մի քանի տարի է` մենք լսում (և գրում) ենք բանակի համար նոր տեխնոլոգիաների մասին։ Շատերը ոգևորվում են («գոնե արագ լինի էլի»), մյուսներն էլ մտածում են, թե հերթական «շառլատանություն» է։ Իսկ ամենից հաճախ հարցում են՝ իսկ եթե այդ տեխնոլոգիաներն այդքան լավն են, ինչո՞ւ ներառված չեն Հայկական բանակում։

Дистанционный пулемет
© Photo : provided by Arman Khachatryan
Հեռակառավարվող գնդացիր

Բնականաբար, մենք շատ բան չգիտենք (և չպետք է իմանանք)։ Ստեղծվածներից որոշներն արդեն ներդրվում են, որոշներն էլ՝ ակտիվորեն փորձարկվում։ Ի՞նչ է պետք, որ պաշտպանության ոլորտի նորարարությունները դառնան օրինաչափություն։

Այս մասին զրուցել ենք «ԿԲ–Իքս» հայկական ընկերության ղեկավար Արման Խաչատրյանի հետ։ Նրա մշակումների մասին մենք մի քանի անգամ գրել ենք։ Դրանք հեռակառավարման համակարգեր են՝ հրաձգային զենքի և հրետանու համար։ Ընկերությունն արդեն տևական ժամանակ ստեղծում է դրանք և փորձարկում սովորական ու խոշոր տրամաչափի գնդացիրների վրա։

Ինչի՞ համար է դա պետք։ Ամեն ինչ պարզ է. որպեսզի դիրքերը հսկի տեխնիկան, ոչ թե մարդը։

Дистанционный пулемет
© Photo : provided by Arman Khachatryan
Հեռակառավարվող գնդացրի կառավարման վահանակ

Տարիներ շարունակ ընկերությունն իր ուժերով և իր միջոցներով փորձարկել է համակարգերը սպառազինության տարբեր տեսակների վրա։ Որոշակի հաջողություններ արդեն կան։ Գնդացիրը փորձարկվել է դաշտային պայմաններում` զորավարժարաններում։ Ի՞նչ է պետք որակական առաջընթացի համար։

«Չկարծեք, թե մենք բացառիկ ենք։ Մեր գործընկերներից շատերը նույնպես ինչ–որ նոր բան են ստեղծում։ Մենք միմյանց գիտենք, խորհրդակցում ենք իրար հետ։ Այլ կերպ ասած` մեր տեխնոլոգիական քարտեզի վրա արդեն բազմաթիվ կետեր կան։ Հիմա գլխավորն այն է, որ ինչ–որ մեկը վերցնի մատիտը և այդ բոլոր կետերը միացնի։ Այսինքն ոչ թե «ինչ–որ մեկը», այլ Պաշտպանության նախարարությունը», – նշում է Խաչատրյանը։

Հայաստանում նման էնտուզիաստներն իսկապես շատ են։ Իրենց ընկերություններում նրանք ստեղծում են համախոհների անհանգիստ «բջիջներ»։ Ամիսներով և տարիներով, հիմնական աշխատանքի հետ, նրանք «վիզ են վերցնում» նոր խնդիրներ՝ հավաքում են և անվերջ փորձարկում նոր ալգորիթմներ, զենքի կառավարման և հսկողության համակարգեր։

Дистанционный пулемет
© Photo : provided by Arman Khachatryan
Հեռակառավարվող գնդացիր

Նրանց այդ մասին չեն խնդրում, նրանք էլ խնդրանքի չեն սպասում։ Պարզապես ուզում են, որ իրենց հարազատների և մտերիմների կյանքն անվտանգ դառնա։ Նույն բանն են ուզում նաև զինվորականները։ Իսկ ինչպե՞ս ի մի բերեն այդ ջանքերը։

Զինվորականը գիտի` «ինչ», ինժեները գիտի` «ինչպես»։ Ուստի նրանք պետք է գործեն մի հանգույցի մեջ` ձիգ և ճշգրիտ, ժամացույցի մեխանիզմի պես։

«Նման հագույց կարող է դառնալ այն կենտրոնը, որը կարող է գործել Պաշտպանության նախարարությունում կամ Պաշտպանական տեխնոլոգիաների նոր ստեղծվելիք նախարարությունում։ Կարևոր չէ, թե այդ կառույցն ինչպես կկոչվի։ Կարևոր է ունենալ կենտրոն, որը հայեցակարգի մակարդակով կորոշի, թե ինչպիսի տեխնոլոգիաներ են պետք բանակին։ Հետագայում այդ հայեցակարգերով կազմվելու են տեխնիկական առաջադրանքներ, որոնք կդառնան մեր՝ ինժեներներիս գործողությունների անմիջական ծրագրերը։ Մեզ պետք է ասեն. «Պետք է այսինչ-այսինչ պարամետրերով զենք։ Եկեք, առաջարկեք ձեր նախագծերը»», – բացատրում է Խաչատրյանը։

Дистанционный пулемет
© Photo : provided by Arman Khachatryan
Հեռակառավարվող գնդացիր

Ունենալով նման հայեցակարգեր` կարելի է հրավիրել գիտնականների և գաղափարներ ունեցող ինժեներների։ Այդ գաղափարներից կընտրվի այն, ինչը կարելի է իրագործել և ոչ թե «հանուն հետաքրքրության», այլ հանուն պաշտպանության։ Գաղափարները կմարմնավորվեն «մետաղի մեջ»։ Առաջին փուլում` որպես գիտահետազոտական մշակումներ։ Երկրորդ փուլն արդեն մոտ կլինի արդյունաբերությանը. դրանք փորձարարական–կոնստրուկտորային մշակումներն են։ Եվ այստեղից նորույթները կարող են գնալ արդյունաբերություն։ Խորհրդային շրջանում նման սերիական սխեման գործել է ունեցել երկար տասնամյակներ, և այդ փորձը բոլորովին վատը չէ, վստահ են ինժեներները։

«Բացի այդ, այդ կենտրոնում հավաքվելու է պաշտպանական տեխնոլոգիաների տվյալների բազա։ Եվ եթե դուք աշխատում եք ինչ–որ նախագծի վրա, ձեզ կհուշեն. «Ահա այս ընկերությունում արդեն լուծվել է ձեր խնդրի ինչ–որ մասը։ Հեծանիվ մի հորինեք, սկզբից խորհրդակցեք նրանց հետ»։ Եվ այդ ժամանակ մենք արդեն ոչ թե հեծանիվ կհորինենք, այլ բոլորովին այլ բաներ», – ժպտում է Խաչատրյանը։

Ավելորդ աշխատանք կատարելու կարիք չկա։ Առանց դրա էլ անելիքի պակաս չկա։ Օրինակ` կարելի է մտածել, թե ինչպես փոխարինել արտասահմանյան տեխնիկան սեփականով։ Թեկուզ այնքան, որքան հնարավոր է։

«Իհարկե, կան օբյեկտիվ սահմանափակումներ։ Հայաստանում չկա պրոցեսորների արտադրություն, տեսանելի ապագայում չի էլ նախատեսվում։ Բայց կարելի է ստեղծել պրոցեսորների համար սեփական տպասալեր (պլատաներ) և ինքնուրույն, մինչև վերջ մշակել սպասարկող սոֆթ», – ընդգծում է Խաչատրյանը։

Крупнокалиберный пулемет
© Sputnik / Asatur Yesayants
Խոշոր տրամաչափի հեռակառավարվող գնդացիր

Մենք չգիտենք, թե ինչ կա սովորական քաղաքացիական անօդաչու թռչող սարքի «ուղեղում»։ Առավել ևս չգիտենք, եթե անօդաչուն ռազմական է, այն էլ՝ մեր արտադրության չէ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր հավաքած տեղեկությունները, մեզանից անկախ, մեկ այլ տեղ չեն ուղարկվում։

«Որպես ինժեներիայից մի քիչ գլուխ հանող մարդ` կարող եմ ասել, որ դա ստուգելը եթե ոչ անհնարին է, ապա շատ բարդ է։ Ուստի զարմանալի չէ, որ Ռուսաստանը սկսում է սեփական «Էլբրուս» պրոցեսորների թողարկումը՝ առաջին հերթին պաշտպանական տեխնիկայի համար», – նշում է Խաչատրյանը։

Նման միասնական կենտրոնի համար արդեն ստեղծվում է ենթակառուցվածք, լինի դա տեխնոլոգիական վաշտ զինված ուժերում կամ պաշտպանական տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելու ծրագիր։

Ինչպիսին էլ լինեն ծրագրերը, դրանք կհասնեն կոնկրետ արդյունքների։

Չէ՞ որ ինժեներները աբստրակցիա չեն սիրում։ Զինվորականները` առավել ևս։

139
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Հայաստանը վերածնում է Բաղդասարովի շափյուղաների տեխնոլոգիան
Ֆիլիպ, բայց ոչ Կիրկորով. ինչպես է «բուլղարահայը» «խաղաղ հեղափոխություն» իրականացնում
«ՊԱԿ-ի զանգերից» մինչև կոմպոզիտային թղթադրամ. Հայկական դրամը 25 տարեկան է
Նրանք յուրայիններին չեն լքում. Բաբկեն Սիմոնյանը՝ հայերի և սերբերի ճակատագրերի մասին
Օդաչուները չեն մահանում, նրանք երկինք են հառնում. սերբ օդաչուների սխրանքի 30–րդ տարելիցը
Բարև, ես կակտուսն եմ, ջրիր ինձ. հայ ինժեներները բույսերին կսովորեցնեն «խոսել» մարդկանց հետ