Քննչական կոմիտե

Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից. Քննչական ծառայության պարզաբանումը

98
Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Դիակի  դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում հայտարարված մրցույթում հաղթող  ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝  պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է  առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով , սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և  սահմանվել է փորձաշրջան՝ հինգ տարի ժամկետով:

2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել:

2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազության միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու:

2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ:

Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան,  Մհեր  Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի  դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ  նրա  մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

98
թեգերը:
Հայաստան