Դեպի Լոռու մարզ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինաշխատանքների հետ կապված ՏԿՏՏՆ-ն ներողամտություն է հայցում

94
Նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում բնակիչներից և տնտեսվարողներից բազմաթիվ դժգոհություններ են ստացել:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ դժգոհություններ են ստացվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների պայմանագրերը ստորագրվել են 2017թ․ նոյեմբերի 30-ին, աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում։

Նախագծով նախատեսված են մեծածավալ հողային և հորատապայթեցման աշխատանքներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղափոխում, ջրահեռացման համակարգի վերակառուցում, մայթերի, ճանապարհների վերակառուցում և այլն։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։

Թեև Մ6 ճանապարհի սկզբնամասում (Ստեփանավանի խաչմերուկ) և Մ6-Նոյեմբերյան խաչմերուկում արդեն տեղադրված են տարանցիկ բեռնատարների մուտքը Մ6 ճանապարհ արգելող և այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշաններ, սակայն տարանցիկ բեռնատարները շարունակում են երթևեկել հիմնանորոգվող ճանապարհով՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով աշխատանքների տեմպերը և արդյունավետությունը նախատեսվածից զգալիորեն նվազել են։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի և հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետև եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Ներկայում Ալավերդի քաղաքի այլ տեղամասերում իրականացվում են հողային և հորատապայթեցման աշխատանքներ։ Իսկ Սանահին-Բաղրամյան հատվածում ճանապարհի նոր հիմքի և պատվածքի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել միայն հողի օպտիմալ խոնավության և բարենպաստ եղանակի դեպքում։ Ճանապարհի անցանելիությունն ապահովելու նպատակով շինարարները պարբերաբար սպասարկման աշխատանքներ են իրականացնում:

Նախարարությունը և իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու և հնարավորին բացառելու ուղղությամբ:

Պատճառվող անհարմարությունների համար նախարարությունից հայցում են համայնքի բնակչության և երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

94
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը
SOS-Գյումրի. գնալ, թե չգնալ Գյումրի. լուսանկարներ