Գևորգ Ստեփանյանը՝ վիրահատարանում

Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին

1148
ՀՀ քաղաքացի, վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը անցնում է քրեական գործով. բժշկի արած վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ Կվինկեի այտուց էր սկսել: Նրա ընկերների ու փաստաբանների հույսը Ռուսաստանի արդարադատությունն է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում վիրահատություն իրականացնելուց հետո հայաստանցի երիտասարդ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանն անցնում է քրեական գործով և այժմ նա մեկուսարանում է։ Բանն այն է, որ բժիշկն արդեն մի քանի ամիս է գտնվում է «Բուտիրկայում»,  իսկ նրա հիվանդը վերականգնվում վիրահատությանը հաջորդած սարսափելի բարդացումից, որը կարող էր ողբերգական ելք ունենալ։

Геворг Степанян
© Photo : Gevorg Stepanyan's personal archive
Վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը

Կարոլինա Սարգսյանի պատմության մասին մենք արդեն գրել ենք հոդվածներից մեկում։

Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին 25-ամյա Կարոլինա Սարգսյանը որոշել էր վիրահատել քիթը։ Աղջիկը դիմել էր Մոսկվայի կլինիկաներից մեկին։ Վիրահատությունն իրականացրել էր Ստեփանյանը։ Վիրահատությունից երեք օր հետո հիվանդի մոտ առատ արնահոսություն է սկսվել. շտապօգնությամբ աղջկան հիվանդանոց են տեղափոխել։ Աղջկա մոտ Կվինկեի այտուց էր սկսել. այտուցվել էին գանգից սկսած մյուս բոլոր օրգանները։

Այս ամենից հետո քրեական գործ է հարուցվել, որով անցնում են Ստեփանյանը, կլինիկայի գլխավոր բժիշկ ու ղեկավար Գյուլնարա Շախը և անեսթեզիոլոգ Լև Խիտրինը։ Նրանց բոլորին կալանավորել էին։ Սակայն որոշ ժամանակ անց Շախի և Խիտրինի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, իսկ ՀՀ քաղաքացիություն ունեցող Ստեփանյանը մնացել մեկուսարանում։ Ստեփանյանի ընկերները այժմ դիմել են Ռուսաստանի դատական իշխանություններին, ստորագրահավաք կազմակերպել` վիրաբույժին ազատ արձակելու և նրա նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքի փոխարինելու համար։

Տուժածն իր ցուցմունքներում  ի սկզբանե անեսթեզիոլոգին է մեղադրել։ Սակայն Ստեփանյանի շրջապատից Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով` Կարոլինա Սարգսյանը հիմա անհասկանալի պատճառներով բոլոր սլաքները ուղղել է Ստեփանյանի կողմը։

Ստորագրահավաքի ներկայացվող նպատակում նշված է, որ քննությունն ու դատախազությունը, խափանման միջոց առաջարկելիս, դատարանում հիմնավորել են, որ Ստեփանյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, մշտական բնակություն և աշխատանք չունի Ռուսաստանում, իսկ, հետևաբար, կարող է թաքնվել քննությունից։ Սակայն հիմա գտնվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել տնային կալանքի շրջանում իրենց բնակարանը տրամադրել Ստեփանյանին։ Կալանքը երկարաձգելու վերաբերյալ վերջին դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում ներկա էր ինչպես բնակարանի սեփականատերը, այնպես էլ Հայաստանի հյուպատոսը, որը Հայաստանի դեսպանի անունից երաշխավորագիր էր բերել Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու նպատակով։

«Սակայն, կա՛մ անհրաժեշտ կանոնակարգի բացակայության, կա՛մ պաշտպանության բացթողումների պատճառով, նրանք որպես դատավարության մասնակից չէին ներկայացվել, և չէին կարողացել հնչեցնել իրենց կարծիքը։ Դատարանը միայն ընդունել և գործին է կցել նրանց գրավոր միջնորդությունները», – գրված է ստորագրահավաքին մասնակցելու դիմումի մեջ։

Ստորագրահավաքի հեղինակները շահագրգռված են միջադեպի մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննության մեջ, սակայն պատճառներ չեն տեսնում, որոնց համաձայն Ստեփանյանը հետաքննության ընթացքում պարտադիր պետք է ճաղերի հետևում մնա։

Մեկուսարանում մնալով` մարդը կարող է հոգեբանորեն կոտրվել և ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Դա ինքնին արդեն իսկ բացառում է որևէ օբյեկտիվ հետաքննության հավանականություն, կարծում են վիրաբույժի համախոհները։

Ստորագրահավաքի հեղինակները դիմում են բոլոր նրանց, «ովքեր անտարբեր չեն մարդու ճակատագրի նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր Ռուսաստանում հայտնի և հարգված մարդիկ են, փետրվարին գալ դատարան, երաշխավորագիր ներկայացնել միջնորդությունով այն մասին, որ Ստեփանյանը կսպասի դատին նաև տնային կալանքի տակ գտնվելով»։

Նրանց կարծիքով, նման հանրային մարդու, որը բազմապիսի մրցանակների դափնեկիր է, տարբեր գիտաժողովների մասնակից, նույնիսկ մտքով չի անցնի առանց անձնագրի որևէ տեղ փախչել։

Վիրաբույժի օրինակով կարելի է ցույց տալ ռուսական դատարանի մարդկությունը և  օբյեկտիվությունը, համոզված են դիմումի հեղինակները։

Հեղինակներից մեկը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց, որ առաջիկայում ակտիվիստները կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով նրան միջամտել իրավիճակին և անել հնարավոր ամեն բան մեկուսարանից ազատելու համար 3 անչափահաս երեխաների հորը։

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանն իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ Ստեփանյանի հարցով հիմա զբաղվում է նաև ՌԴ Քննչական կոմիտեում Հայաստանի ՔԿ ներկայացուցիչը։

«ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությամբ զբաղվում է  ՌԴ ՔԿ Հայաստանի ՔԿ ներկայացուցիչը, ինչպես նաև դեսպանատան հյուպատոսական բաժինը։ Դեսպանատունը, ինչպես հայտնի է, երաշխավորագիր է ներկայացրել խափանման միջոցը փոխելու նպատակով։ Սակայն քննչական կառույցներին որոշակի ժամանակ կպահանջվի այս հարցը լուծելու համար», – նշեց Թորգոմյանը։

Նա վստահեցրեց, որ գործը գտնվում է հայկական դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում, և դեսպանատունն անհրաժեշտության դեպքում կտեղեկացնի աշխատանքների արդյունքների մասին։

1148
Ըստ թեմայի
Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով
Պետք է առանց նախարարի միջամտության լավ աշխատի. Արսեն Թորոսյանին չճանաչեցին Արմավիր ԲԿ–ում
Լյուդմիլա Նորսոյանը քաղցկեղի դեմ պայքարում է «Լույսի 12 հրեշտակները» հավաքածուով
Մարմինը հազիվ են հանել երախից. Ինդոնեզիայում կոկորդիլոսը խժռել է կենսաբանին