Արկադի Դվորկովիչ. ՖԻԴԵ-ի նախագահ

FIDE նոր նախագահի նշանակումը դրական կազդի շախմատի հանրահռչակման վրա. Անատոլի Կարպով

42
(Թարմացված է 21:22 21.01.2019)
Հայտնի շախմատիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Կարպովը կարծում է, որ FIDE–ն լուրջ փոփոխությունների կարիք ուներ։ Նա աշխարհի նոր չեմպիոն է տեսնում Ուզբեկստանում, Չինաստանում և Հնդկաստանում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Արկադի Դվորկովիչին FIDE–ի նախագահ ընտրելը դրական կանդրադառնա աշխարհում շախմատի հանրահռչակման վրա։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Մոսկվա–Մինսկ–Երևան–Քիշնև տեսակամրջի ժամանակ հայտարարեց համաշխարհային ճանաչում ունեցող շախմատիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Կարպովը։

Արկադի Դվորկովիչը հոկտեմբերի 3-ին 103 կողմ ձայնով FIDE–ի նախագահ ընտրվեց։ Դվորկովիչի գլխավոր առաջնահերթություններից մեկը համարում է շախմատի ներդրումային գրավչության ավելացումը։ Նրա խոսքով` կազմակերպությունը պետք է սկսի գումար աշխատել։

Կարպովի խոսքով` ինքը երկու ձեռքով կողմ էր FIDE–ի նոր նախագահ ընտրելուն, քանի որ նախորդ նախագահ Կիրսան Իլյումժինովը իրավիճակն այն վիճակի էր հասցրել, որ ավելի վատ այլևս լինել չէր կարող։

«Համոզված եմ, որ Դվորկովիչը շախմատային հանրության աջակցությունը կստանա և ցույց կտա, որ կարող է զարգացնել շախմատը։ Նա շախմատի հեղինակավոր գործիչներից բաղկացած ուժեղ թիմ ունի և նախագահի փոփոխությունը բավականին դրական է», – նշեց Կարպովը։

Նա հայտնեց, որ շախմատի ֆեդերացիայի նոր նախագահը մտադիր է մեծ ուշադրություն դարձնել շախմատային կրթությանը, որտեղ Հայաստանը, ըստ Կարպովի, առաջատար դիրք է զբաղեցնում։ Այս համատեքստում նա բարձր գնահատեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը։

Կարպովը նաև անդրադարձավ ԱՊՀ երկրներում նոր և ստեղծագործ մոտեցումների կիրառմամբ շախմատի հանրահռչակման հարցին, պատմեց ԱՊՀ երկրներում «Շախմատ» մյուզիքլ բեմադրելու գաղափարի մասին։ Մյուզիքլի համար երաժշտությունը գրել է ԱԲԲԱ հայտնի խումբը, իսկ խոսքերը` Թիմ Ռայսը։ Այս համատեքստում նա նկատեց, որ աշխարհում արդեն մի շարք կայացած դպրոցներ կան, որոնք կարող են աշխարհի նոր չեմպիոն տալ։

«Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի տեղը կարող է զբաղեցնել Ուզբեկստանի, Չինաստանի և Հնդկաստանի տաղանդավոր երիտասարդներից մեկը», – կարծում է շախմատիստը։

Նշենք, որ Մագնուս Կարլսենը` շախմատի աշխարհի 16-րդ գործող չեմպիոնն է, շախմատի պատմության մեջ առաջին բացարձակ աշխարհի չեմպիոն է, 2013 թվականից դասական շախմատի աշխարհի չեմպիոն,  2014-2016  թվականները արագ շախմատի աշխարհի չեմպիոն և 2014-2015, 2017 թվականների` բլից շախմատի աշխարհի չեմպիոն։

Սակայն դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ 16-ամյա ուզբեկ շախմատիստ Շամսիդին Վոխիդովը հաղթանակ տարավ Կարլսենի նկատմամբ, ինչը շախմատային հանրության ներկայացուցիչները անընդունելի համարեցին։

42