Սուրճ

Կադաստրում սուրճ վաճառելը կարգելվի. պետը կրճատումներ ու ծառայողական քննություն է խոստացել

116
(Թարմացված է 19:38 21.01.2019)
Անշարժ գույքի կադաստրի պետն աշխատանքային խիստ խորհրդակցություն է ունեցել աշխատակիցների հետ։ Վանաձորի գրասենյակի պետի գործերը լավ չեն։ Ընթանում է ծառայողական քննություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Արդյոք անշարժ գույքի կադաստրն այդքան վարչությունների ու այդքան աշխատակիցների կարիք ունի։ Այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում կանցկացվի ատեստավորում, «կոֆե խմողների» թիվը կկրճատվի։

«Եվ կհասկանանք՝ կա՞ն արդյոք այստեղ «միայն կոֆե խմողներ», ու արդյո՞ք այդ մարդիկ մեզ պետք են։  Մեր ուշադրության թիրախում է աշխատողը, մարդակենտրոն քաղաքականություն ենք վարում այստեղ, բայց թույլ չենք տա, որ մեկը շատ աշխատի, մյուսը՝ քիչ, բայց երկուսն էլ ստանան նույնչափ խրախուսում»,– կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքի փոխանցմամբ ասել է Սարհատ Պետրոսյանը։

Պետրոսյանն անդրադարձել է նաև աշխատանքային կարգապահությանն ու հայտարարել, որ  առավոտյան 09։00-ին կադաստրի աշխատակցի համակարգիչը պետք է լինի միացած, երեկոյան 17։59-ին նա պետք է պատասխանի վերջին նամակին, սպասարկի վերջին  քաղաքացուն և միայն ժամը 18։00-ին կամ 18։10 դուրս գա շենքից»։

Պետրոսյանը խոստովանել է` տեսախցիկներով հետևել է կոմիտեի անցուդարձին և այլ պատկեր արձանագրել` ոմանք աշխատավայրը լքում են 17։50-ին։ Ղեկավարին բացատրել են, որ շուտ գնացողները մարզեր մեկնող աշխատակիցներն են, ինչին վերջինը պատասխանել է. «Մենք բարեգործական կազմակերպություն չենք։ Ովքեր մարզերից համաձայնել են գալ այստեղ աշխատելու, նրանք այն մարդիկ են, որոնք պետք է աշխատեն ժամը 9-ից 18-ը»։

Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է նաև կադաստրի որոշ ստորաբաժանումներում իր արձանագրած բիզնեսի տեսակին։

Բանն այն է, որ ինչպես նախկինում` Արաբկիրի գրասենյակում, այնպես էլ Վանաձորի կառույցում Սարհատ Պետրոսյանն արձանագրել էր սուրճի մասնավոր տեղադրված ավտոմատ սարքեր։ Պետրոսյանին զեկուցել են, որ սարքերն ապամոնտաժվել են ու դրանց տեղադրման շուրջ ծառայողական քննություն սկսել։

Հիշեցնենք, Վանաձորի գրասենյակում սարքը կոմիտեի ղեկավարը հերթական այցին էր հայտնաբերել։ Նրան նախ ասել էին, որ չգիտեն, թե «ով է աշխատեցնում», հետո զեկուցել, որ այն ապամոնտաժվել է։ Բայց Սարհատ Պետրոսյանը պարզել էր, որ գրասենյակից հանվելուց հետո սարքը տեղադրվել է կադաստրի շենքի դիմաց՝ նույն մայթին։ Պետրոսյանը հանձնարարել է այն հանել Կադաստրի մայթից, իսկ եթե սեփականատերը չհամաձայնի, դիմել քաղաքապետարան։

116
Ըստ թեմայի
Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»
Կադաստրային ծառայությունների գները կնվազեն, բայց ոչ շուտ
Ովքեր նոր պայմաններին չեն հարմարվի, կլքեն համակարգը. Կադաստրի նոր պետի նոր պայմանները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի