Սրճարան

Որոշումը վերջնական է. քաղաքապետարանը չի հրաժարվի Երևանի կենտրոնի սրճարանները քանդելուց

220
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քաղաքային իշխանություններն ընդամենը կատարում են քաղաքացիների ցանկությունը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի որոշումը` Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքը կանաչապատելու և «առաջին գծում» գտնվող սրճարանները քանդելու մասին, վերջնական է և անբեկանելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ նման որոշումն ընդունվել է հատուկ մի քանի օբյեկտներ քանդելու համար, որոնք, ոչ պաշտոնական վարկածով, պատկանում են նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Մարությանի խոսքով`Հայաստանում պետական կառույցները չեն կատարում քայլեր` ուղղված ընկերության դեմ, եթե այն չի խախտում օրենքը ։

«Տարիներ շարունակ խոսակցություններ կան, որ գրավել են օպերայի հարակից տարածքները, սա մշակութային օջախ է։ Դուք շատ լավ ծանոթ եք երևանցիների վերաբերմունքին, և վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կապված չէ ոչ մեկից և ոչ մի բանից, և նա կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը», – բացատրեց քաղաքապետը։

Նա չհերքեց, որ այդ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտները պայմանագրեր ունեն քաղաքապետարանի հետ։ Մարությանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները գործելու են օրենքի շրջանակում և փաստաթղթերին համապատասխան։

Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել օպերային և բալետի թատրոնի շենքի մոտ գտնվող բոլոր սրճարանները և ռեստորանները քանդելու մասին։ Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման որոշման նախագծի շրջանակում։ Հաստատությունների տերերի մեծ մասը համաձայն չէ քաղաքապետարանի որոշման հետ։ Քանդելու դեպքում գործարարները մտադիր են փոխհատուցում պահանջել։

220
թեգերը:
Երևան, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Երջանիկ դեմքեր. նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը` լուսանկարներով
Երևանի կենտրոնից վերացնել «Քոբուլեթ» վիճակը. քաղաքապետարանում լուրջ են տրամադրված
Ամռանը Օպերայի շրջակայքը նման է Քոբուլեթի լողափերին. Արմեն Սարգսյան