Դպրոց

ԿԳՆ–ն «գլուխգործոց» է գրել ուսուցիչների համար, բայց այնքան ծիծաղելի չէ, որքան թվում է

1866
(Թարմացված է 20:49 12.01.2019)
Աշխատանքային շաբաթվա վերջը չէր խոստացել խաղաղ լինել, բայց առանց ցնցումների հանգստյան օրեր ունենալու հույս կար։ Սակայն նախօրեին կրթության նախարարությունը հիացրեց աննման փաստաթղթով։ Այն դեռ նախագծի փուլում է, բայց մոտ ապագայում հենց դրանով կսկսեն ստուգել դպրոցի մանկավարժների մասնագիտական պիտանելիությունը։

Ռուբինա Հակոբյան, Sputnik Արմենիայի համար

Ուրբաթ կեսօրին կարդալու հետաքրքիր բան գտա՝ կրթության նախարարության գլուխգործոցը։ Փաստաթուղթն ուղղակի հիացնում է իր անթաքույց անկեղծությամբ և մաքրության ու ճշմարտության բարձր իդեալներին ձգտելու ցանկությամբ՝ կատարված հոկտեմբերիկներին ուղղված լենինյան պատգամների լավագույն ավանդույթներով։

Կրթության նախարարությունը որպես վիթխարի նախագիծ է ներկայացրել դպրոցի ուսուցիչների համար մշակված կանոնները։ Կանոններն անհրաժեշտ են, մասնավորապես, «ուսուցչի մասնագիտական էթիկան որոշելու, սովորողների, մանկավարժական կոլեկտիվի և ծնողների հետ ուսուցչի հարաբերությունները կարգավորելու» նպատակով։ Եվ այս ոգով շատ այլ բաներ․ գլուխգործոցը ծավալուն է, և նրանք, ովքեր կցանկանան ծանոթանալ դրան, բազմաթիվ անմոռանալի տպավորություններ կստանան։

Դե ինչ, կրթության նախարարությունը վերջապես կարող է ասել, որ թեկուզ ինչ-որ բան է արել, առայժմ նախագծի տեսքով, բայց, ամենայն հավանականությամբ, ստիպված չենք լինի երկար սպասել հանճարեղ մտքերի փաստաթղթային ձևակերպմանը։ Նման գոհարները չպետք է անհայտ մնան, դրանք պետք է հրապարակել հսկայական տպաքանակով, և դրանք պարտավոր են անգիր անել թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները։

Կանոնները, ավելի ճիշտ հոկտեմբերիկների իրավունքներն ու պարտականություններն ասես կոմունիզմի շինարարի բարոյական կոդեքսի շարադրում լինեն, որոնք ժամանակին տպագրվում էին տարրական դասարանների տետրերի շապիկների վերջին էջերին։ Դրանք ոչ ոք չէր կարդում, նորմալ դաստիարակված երեխաներն առանց այդ հոգեցունց կանոնների իրենց կարգին էին պահում, իսկ սրիկաներին դրանից տաք կամ ցուրտ չէր լինում։

Ահա մի քանի բնութագրական մեջբերումներ կրթության նախարարության վերոհիշյալ նախագծից․ «Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը»։ Այս հուզիչ տողերը կարդալուց հետո ուզում ես բացականչել․ «Այո, թանկագին Լեոնիդ Իլյիչ, մենք կարդարացնենք կուսակցության վստահությունը»։

Շարունակում ենք․ «Ուսուցիչը պետք է լինի ազնիվ և օրինապահ քաղաքացի։ Նրա համար պետք է անթույլատրելի լինի կոռուպցիան և պետք է զերծ մնա ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որևէ մեկին կաշառք տալուց»։

Մի կողմ թողնենք այն փաստը, որ փաստաթուղթը կազմողները աղոտ են պատկերացնում «կոռուպցիա» բառի նշանակությունը, համաձայնենք, որ այն «անթույլատրելի» է և անցնենք առաջ։

Իսկ հետո պարզվում է, որ «ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ և ձև»։ Դեռ շատ ուշագրավ կետեր կան, բայց արդեն բավական է, էլ ուժ չկա։

Փաստաթղթի համաձայն` ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվի էթիկայի հանձնաժողով, որը ուսուցիչներին գնահատելու է այդ կանոնների հիման վրա։ Այդ գնահատականները կարող են լինել ինչպես խրախուսող, այնպես էլ հանդիմանող, և եթե ուսուցիչներից մեկը երկուսից ավելի հանդիմանող գնահատականներ ունենա ուսումնական տարվա ընթացքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել վարչական միջոցներ օրենքի շրջանակում։

Իրականում այդ ամենն այդքան ծիծաղելի չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ավելին` չափազանց տհաճ է և նույնիսկ վիրավորական ուսուցիչների համար․ ինչ կարծիք ունի նախարարությունը հայ մանկավարժների բարոյական որակների և մակարդակի մասին, որ անհրաժեշտ է համարել նրանց վարվելակերպի հատուկ կանոններ սովորեցնելը։ Կանոններ, որոնք տարրական դաստիարակություն ունեցող մարդու համար բնական են, ձևավորվում են ընտանիքում դեռ վաղ տարիքում և մնում ամբողջ կյանքի ընթացքում։

Արժե՞ր արդյոք թուղթ փչացնել հանուն ոչ մի բանի մասին մանկական թոթովանքի․ «Ուսուցիչը պետք է լինի ազնիվ և օրինապաշտ քաղաքացի, ուսուցիչը պետք է հետևի իր արտաքին տեսքին և հագուստին»։ Միգուցե այդ պարզ ճշմարտությունները նորություն են նախագիծը կազմողների համար, բայց հայ մանկավարժների մեծամասնությանը դրանք հիանալի գիտեն։

Քանի՞ ուսուցիչ է Հայաստանում դասի գնում նանո-կիսաշրջազգեստներով և չափազանց մեծ լանջաբացվածքով, որպեսզի թույլ տա կոռուպցիա և նվերներ ու փող պոկի (հավանաբար աշակերտների հայրիկներից)։ Բացառված չէ, որ ամբողջ երկրում մի երկու նման ուսուցիչներ կգտնվեն, բայց նրանց պատճառով անթույլատրելի է բոլոր մանկավարժներին վիրավորելը՝ անդաստիարակության և իրենց պահելու անկարողության մեջ կասկածելով։

Պարոնայք, դուք իսկապես չեք հասկանո՞ւմ, որ պաշտոնապես «խրախուսող» և «կշտամբող» գնահատականներ տալով` դուք փաստացի հիանալի հնարավորություն եք տալիս հաշվեհարդար տեսնելու ոչ ցանկալի ուսուցիչների հետ, որոնք համարձակվում են հակառակվել ղեկավարությանը կամ ուղղակի նրանց փոխարեն ավելի լավ կլիներ վերցնել դպրոցի տնօրենի հարևանին կամ աղջկան։

Գնահատման այդպիսի, մեղմ ասած, աղոտ չափանիշների դեպքում որևէ մեկի հասցեին մի քանի կշտամբանք ասելը, նրա նկատմամբ «վարչական մեթոդներ» կիրառելը դժվար չէ, ընդհուպ մինչև այն, որ մարդը գերադասի հեռանալ աշխատանքից, ոչ թե ապացուցի, որ ինքը ուղտ չէ, ինչպես հին անեկդոտում։ Իսկ նրա փոխարեն կգա տնօրենի կամ փոխնախարարի ազգականը կամ ավելի «կարևոր և անհրաժեշտ» մեկը, քան նա, ով հեռացել է։

Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք փաստել, որ սա առաջին խոշոր նախագիծն է՝ իրագործված կրթության նախարարության կողմից 7-8 ամիսների ընթացքում։ Ինչ անենք, որ նախագիծը ոչ միայն անօգուտ է, ինչպես, օրինակ, ֆիզկուլտուրայի դասագիրքը, այլ նաև շատ առումներով վիրավորական մանկավարժների բանակի համար։ Փոխարենը կարելի է զեկուցել կատարված աշխատանքի մասին։ Միգուցե հեղինակներին հավելավճարներ տան, բացառված չէ։

Ինչ անենք, որ նման նախագծերը համարվում են կատարված աշխատանք։ Աշխատել են, չէ՞, ջանասիրաբար արտագրել են հին տետրերից․․․

1866
թեգերը:
Հայաստան
Ձմեռ

Մարզերում զգալի կցրտի. եղանակի տեսություն

1
(Թարմացված է 16:06 04.12.2020)
Օդերեևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին որոշ մարզերում տեղումներ կգրանցվեն, իսկ մայրաքաղաքում` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում երթևեկությունը միակողմանի կդադարեցվի

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի  5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Դավթաշեն կամ Զովունի հասնելն ավելի արագ կլինի

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 5–ի գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։

1
թեգերը:
ձմեռ, Արցախ, Երևան, ձյուն, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Առաջնագծում

Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ

562
Արմեն Կապրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին ու գնահատել ՀՀ կառավարության քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայ գերիների խնդրին ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքին անդրադառնալը միջազգային հեղինակավոր հասարակական կառույցի կողմից ողջունելի է, բայց նման զեկույցները սովորաբար դեկլարատիվ բնույթ են կրում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին:

«Իհարկե, շատ լավ է որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում  է տվյալ խնդրի վրա, բայց ցավոք, միջազգային կառույցների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը և այլն, նման զեկույցները պարզապես դեկլարատիվ բնույթ են կրում: Իմ պրակտիկայում չի եղել դեպք, երբ պետությունը դասեր քաղի ու փորձի նվազեցնել  գերիների նկատմամբ իր այդ կարգի վերաբերմունքի դեպքերը»,- ասաց  Կապրիելյանը:

Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Մյուս կողմից, սակայն, նրա խոսքով, այսօրինակ զեկույցների քննարկումը միջազգային ատյաններում չի կարող չնպաստել խնդրի հայանպաստ զարգացումներին:

Այդուհանդերձ, Կապրիելյանը միջազգային հանրության կողմից անտարբերություն է նկատում: Իսկ Ադրբեջանի իշխանությունները, նրա դիտարկմամբ, իրենց անմարդկային գործելաոճը հայ գերիների նկատմամբ որդեգրել են 2000 թթ-ի կեսերից և գնալով ավեի են կատարելագործում:

«Սոցկայքերում տարածված որոշակի նյութերից դատելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի վայրագությունները սաստկացել են»,- ասաց նա:

Նշենք, որ Human Rights Watch-ի զեկույցը ևս հիմնված է համացանցում առկա տեսանյութերի վրա: Կազմակերպությունը գրում է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին ֆիզիկական բռնության և նվաստացման է ենթարկել, տեսագրություններում պատկերված է, թե ադրբեջանցի զավթիչներն ինչպես են ապտակում, հարվածում ու ստիպում հայ ռազմագերիներին՝ համբուրել Ադրբեջանի դրոշը, գովերգել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայհոյել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսագրությունների մեծ մասում երևւում են առևանգողների դեմքերը, ինչը վկայում է, որ նրանք չեն վախեցել պատասխանատվության ենթարկվելուց»,-ասված է զեկույցում:

Իսկ Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է, որ ռազմագերիների նկատմամբ դաժան եւ նվաստացուցիչ վերաբերմունքի ոչ մի արդարացում չի կարող լինել: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն նման վարվելակերպի անհապաղ դադարեցումը»,- ասել է նա:

Նրա խոսքով, անկախ այն բանից, թե ինչու են ազերի զինվորներն իրենց այդ կերպ պահում, չափազանց կարեւոր է այդ հանցագործությունների մեղավորներին ու նրանց հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են համացանցում հրապարակված հայ գերիների մասնակցությամբ 14 տեսանյութեր, կապ հաստատել ու խոսել նրանցից 5-ի ընտանիքների հետ:

Human Rights Watch-ը խոսել է նաև փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հետ, ովքեր ՄԻԵԴ-ում ներկայացնում են շուրջ 40 ռազմագերիների ընտանիքների շահերը:

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

Մինչդեռ ադրբեջանական կողմից, կազմակերպության տեղեկություններով, Հայաստանում միայն մի քանի ադրբեջանցի ռազմագերիներ ու երեք օտարերկրյա վարձկաններ են պահվում:

Խոսելով գերիների փոխանակման մասին Արմեն Կապրիելյանը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ այդ հարցի որոշակի ժամանակ, գուցե և ամիսներ է պահանջելու:

Կապրիելյանը  նաև չթաքցրեց, որ զարմացած է մեր երկրի կառավարության մոտեցումից:

«Թվում է, թե կառավարությունն օր ու գիշեր պետք է մտածեր ու զբաղվեր այս հարցով: Բայց հանրությունը, համենայնդեպս, այդ աշխատանքի արդյունքը չի տեսնում: Թե անցած 2 տարում, թե հիմա, երբ այս հարցն արդեն լուրջ մարմնավորում է ստանում ու շատ ակտուալ է, ոչ այդ հանձնաժողովի աշխատանքներն ենք տեսել, ոչ արդյունքները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապրիելյանը:

Նա հիշեցրեց, որ ստեղծվելուց 17 տարի հետո՝  2018-ի գարնանը, հանձնաժողովը լուծարվել էր: Հետագայում այն նորից վերակազմավորվեց արդեն որպես կառավարական հանձնաժողով: Բայց իր աշխատանքի 2 տարվա ընթացքում, ըստ Կապրիելյանի, այն թափանցիկ ու հաշվետու չի եղել հանրության առջև (հանձնաժողովի հետ կապ հաստատելու մեր փորձերը ևս ապարդյուն էին - Ն. Դ.)։

Իսկ գերիների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ու փրկության հարցով, Կապրիելյանի տպավորությամբ, Հայաստանում այսօր ավելի շատ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է աշխատում, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ:

Գերիների հարցով զբաղվող հիմնական միջազգային կառույցը, Կապրիելյանի խոսքով, ԿԽՄԿ-ն է՝ իր առաջնային մանդատով, նաև՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ:

Բայց այս հարցում էական է նաև միջազգային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը, նույնիսկ՝ հեղինակավոր անձանց հետ անձնական կապերը, որոնց շնորհիվ Արմեն Կապրիելյանն իր 17-ամյա գործունեության ընթացքում ականատես է եղել գերիների վերադարձի առանձին օրինակների:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

562
թեգերը:
Ադրբեջան, Արմեն Կապրիելյան, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով