Նոր տարի

Շատ կերանք, ժամանակն է լիցքաթափվելու. ինչպե՞ս վերականգնվել Նոր տարվանից հետո

376
(Թարմացված է 14:17 07.01.2019)
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Sputnik Արմենիայի ընթերցողներին խորհուրդ է տալիս՝ ինչպես վերականգնվել Նոր տարվա կերուխումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Նոր տարվա տոների ընթացքում մեր օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, դրանից հետո անհրաժեշտ է ռելաքս: Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հետտոնական ծանրաբեռնվածությանը, ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Շատերին կարող է թվալ, թե տոնական օրերին հանգստացել են: Իրականում, այն, ինչ մենք ենք արել, օրգանիզմի համար բավականին հեռու է հանգիստ լինելուց, որովհետև գուցե հանգստացել ենք, բայց աղեստամոքսային տրակտին ոչ թե տանջել ենք, այլ մի լավ կտտանքների ենք ենթարկել»,- ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով` տոնական ռեժիմի ընթացքում խախտվում է ոչ միայն սննդի, այլև քնի ռեժիմը, երբ մարդիկ սկսում են ուշ քնել, ուշ արթնանալ: Իսկ օրն անցկացնում են ծանրաբեռնված սեղանների շուրջ՝ օգտագործելով մեծ քանակությամբ յուղոտ և քաղցր սնունդ:

«Օրգանիզմն այժմ պետք է ազատվի այն բոլոր նյութերից, որոնք տոնական օրերին կուտակել են: Գաղտնիք չէ, որ տոնական սեղաններից դեռևս մնացել են մեծ քանակությամբ ծանր ուտելիքներ: Ես դրանք անվանում եմ մեր տունը քանդող ուտելիքներ: Հիմնականում դրանք թխվածքներն են, կոնֆետները, չարազը, գազավորված ու ալկոհոլային ըմպելիքները»,- ասաց Պիպոյանը՝ առաջարկելով դրանք չուտել, իսկ եթե ափսոսում եք, գոնե կիսվեք այլոց հետ:

Давид Пипоян
© Sputnik / Asatur Yesayants
Դավիթ Պիպոյան

Փոխարենը մասնագետն առաջարկում է մեծ քանակությամբ ջուր ու թեյ օգտագործել՝ աղեստամոքսային տրակտը «լվանալու» համար:

«Օրինակ` կարելի է օգտագործել կիտրոնաջուր, որը դրական ազդեցություն է թողնում ճարպերի այրման ու նյութափոխանակության վրա: Բացի այդ, կարելի է օգտագործել թեյեր, հատկապես՝ այնպիսիք, որոնք մարսողությունը կարգավորելու ու ճարպերն այրելու հատկություններ ունեն: Օրինակ՝ հիանալի համադրություն է կոճապղպեղն ու հայկական դաղձը, որը շատ համեղ թեյ է ստացվում և ունի աղեստամոքսային տրակտը մաքրելու հատկանիշ»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ զուգահեռ պետք է հրաժարվել նաև գազավորված ու ալկոհոլային խմիչքներից:

Իսկ սովորական աշխատանքային  առօրյայի անցնելուն զուգահեռ Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս անցնել նաև սննդի ճիշտ ռեժիմի՝ սնվել 3 անգամ, օգտագործել շատ ջուր և միրգ-բանջարեղեն: Իսկ երեկոյան ժամերին զբոսնել։

376
թեգերը:
Հայաստան
թեմա:
Նոր տարի (35)
Ըստ թեմայի
Ինչո՞վ են աչքի ընկել Երևանի և Բաքվի տոնածառերը
Կենդանակերպի ո՞ր նշանների համար 2019 թվականը դժվար կլինի
Անհայտ, բայց շատ կարևոր. ինչ ապրանքներ են ուզում արտադրել Հայաստանում 2019 թվականին