Մանե Մխիթարյան

«Ամենախիստ հանդիսատեսը... թութակն է». 13–ամյա Մանեն գիտի հաջողության բանաձևը. լուսանկարներ

100
«Շելկունչիկ» հեռուստամրցույթի մասնակից Մանե Մխիթարյանի ամենաբծախնդիր ուսուցիչը թութակն է։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Մոսկվայի Գնեսինների անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում այս օրերին ասեղ գցելու տեղ չկա. միջանցքներում իրենց հերթին են սպասում ամբողջ Ռուսաստանից և աշխարհի տարբեր երկրներից (Հայաստանից մինչև Ավստրալիա) ժամանած պատանի երաժիշտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները։

«Շելկունչիկ» մրցույթը բաժանված է երեք մասի` լարային, փողավոր և հարվածային գործիքներ, դաշնամուր։ Ելույթներն ամեն օր են` 10։00-ից մինչև 22։00–ն։ Առաջին փուլի ժամանակ հանդիպեցինք Հայաստանի մասնակցին` 13 տարեկան Մանե Մխիթարյանին, որը դեռ ուշքի չէր եկել ժյուրիի գնահատականներից և իր ելույթի քննարկումից հետո։

«Շատ էի հուզվում։ Կարող էի ավելի լավ ելույթ ունենալ, բայց ձեռքերս դողում էին։ Տանը, երբ պատրաստվում էի մրցույթին, ավելի լավ էի նվագում», – խոստովանեց Մանեն։

Թե ինչու չի կարողանում ազատվել հուզմունքից, ինքն էլ չի հասկանում. մրցույթներին մասնակցելը նրա համար սովորական բան է։ Առաջին անգամ բեմ է դուրս եկել 5 տարեկանում, ելույթ է ունեցել Գյումրիում անցկացվող միջազգային մրցույթում և մրցանակ ստացել որպես ամենաերիտասարդ մասնակից։

Участница XIX Международного телевизионного конкурса юных музыкантов Щелкунчик Мане Мхитарян
© Sputnik / Алексей Стефанов
Մանե Մխիթարյան

«Այն ժամանակ ընդհանրապես չէի հուզվում։ Պարզապես վերցրի ջութակը, դուրս եկա և սկսեցի նվագել։ Բայց չեմ էլ հիշում` ինչ էի նվագում», – ասում է Մանեն։

2013 թվականին Գյումրու նույն բեմում նա առաջին տեղը գրավեց երաժիշտ–կատարողների միջազգային V մրցույթ–փառատոնում, իսկ մեկ տարի անց Երևանում Plazing For Change դասական երաժշտության փառատոնում կրթաթոշակ ստացավ, որն օգնում է նրան հասնել նպատակին։

«Ուզում եմ հայտնի ջութակահարուհի դառնալ», – վստահ ասում է Մանեն։

Երազանքի իրականացման համար դեռ շատ անելիք ունի։ Նա սովորում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում և մշտապես հղկում է վարպետությունը։ Դպրոցում` ուսուցիչ Ալեքսանդր Կոսեմյանի, իսկ տանը... թութակի հետ։

«Երբ ջութակ եմ նվագում, թութակն ինձ ուշադիր լսում է և ձայնակցում։ Բայց հենց սխալ եմ անում, անմիջապես սկսում է գոռալ։ Ամեն ինչ զգում է։ Ստիպված դադարեցնում եմ նվագս ու նորից եմ սկսում», – ծիծաղում է Մանեն։

Հաճախ է պատահում, որ երեխաները երաժշտությամբ են զբաղվում ծնողների չիրագործված երազանքն իրականություն դարձնելու համար։ Մանեի դեպքում ամեն ինչ հակառակն էր. նրա մայրը` Գոհարը, աշխարհագրական գիտությունների թեկնածու է, հայրը` Վարդանը` պատմական գիտությունների թեկնածու։ Երաժիշտ դառնալու մասին նրանք չեն երազել, պարզապես հայրը միշտ սիրել է դասական երաժշտություն լսել։

Участница XIX Международного телевизионного конкурса юных музыкантов Щелкунчик Мане Мхитарян
© Sputnik / Алексей Стефанов
Մանե Մխիթարյան

Մանեն մոտ 4 տարեկան էր, երբ լսեց ջութակի նվագը, և նրան այնքան դուր եկավ երաժշտությունը, որ խնդրեց իրեն ջութակի դասերի տանել։ Մանեն ասում է, որ այդ օրվանից հաճույքով պարապում է` ի տարբերություն ավագ եղբոր, որը պատրաստվում է ծրագրավորող դառնալ և չի հասկանում քրոջ ոգևորությունը։ Երբ Մանեն նվագում է տանը, նա պարզապես ականջակալ է դնում։ Բայց նույնը չես ասի այն բազմաբնակարան շենքի հարևանների մասին, որտեղ ապրում է Մխիթարյանների ընտանիքը։

«Տանը ամեն օր փորձ եմ անում և սիրում եմ պարապել գիշերը։ Գիշերվա 12-ին սկսում եմ նվագել այնքան ժամանակ, մինչև սովորում եմ հերթական ստեղծագործությունը։ Իսկ հարևաննե՞րը։ Հարևանները, իհարկե, զայրանում են, խփում պատերին։ Բայց առավոտյան մենք իրար բարևում ենք, և նրանք ոչինչ չեն ասում», – խոստովանում է Մանեն։

Երաժշտության աշխարհի պրոֆեսիոնալները կարծում են, որ «Շելկունչիկ» պատանի երաժիշտների XIX միջազգային հեռուստամրցույթին մասնակցելն արդեն իսկ մեծ հաղթանակ է։ Մանեն երկրորդ փուլ չանցավ, բայց չի հուսահատվում։

«Կարևոր չէր, թե ինչ կստանամ Մոսկվայում։ Ուզում էի մասնակցել «Շելկունչիկ» մրցույթին և ցույց տալ ինձ։ Եվ ես դա արեցի», – ասում է Մանե Մխիթարյանը։

«Շելկունչիկ» պատանի երաժիշտների XIX միջազգային հեռուստամրցույթը մեկնարկել է Մոսկվայում դեկտեմբերի 4-ին և կտևի մինչև ամսի 11-ը։ Մրցույթը պատանի երաժիշտների համար մասնագիտական հետագա կարիերայի հեռանկար է բացում. երեխաներն ընդունվում են Ռուսաստանի լավագույն երաժշտական ուսումնական հաստատություններ, հայտնի երաժիշտների աջակցությամբ մասնակցում են Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող համերգներին, ամենահեղինակավոր երաժշտական ֆորումներին և փառատոներին։ Եզրափակիչ փուլում մասնակիցները սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Չայկովսկու անվան համերգասրահում։

100
Ըստ թեմայի
Հայրս դրանից հետո 2 ամիս հետս չէր խոսում. Քրիստինա Սին` իր «հայկական» մանկության մասին
Սիրուշոն հանդիպել է Spice Girl–ի «հայ հարսի» և սուպերմոդել Հայդի Քլումի հետ
Քիմ Քարդաշյանն ու Շերը ցանկանում են Հայաստան գալ. տեսանյութ
«Դու ինձ դուր եկար»․ Նագիևը սիրո խոստովանություն արեց Արփի Աբգարյանին․ տեսանյութ