Դիմորդներ, արխիվային լուսանկար

Հայ դպրոցականներին կրկին կանչում են Ռուսաստանում սովորելու

149
(Թարմացված է 19:14 03.12.2018)
Մեկնարկել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով ընտրությունը, որը կտևի մինչև փետրվարի 15-ը:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2018 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ ավագ դպրոցականների համար Ռոսատոմի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ճարտարագիտական օլիմպիադայի նախընտրական փուլը: Միջոցառումներն անցկացրին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ:

Օլիմպիադային մասնակցեցին ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 դպրոցականներ: Օլիմպիադայի նպատակն է բացահայտել տաղանդավոր ու նպատակասլաց դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներատեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ․ գարնանը։ Հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:

Ինչպես նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշառների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, ամեն տարի ավելանում է ճարտարագիտատեխնիկական ուղղվածության մասնագետների պահանջարկը:

«Այսօր ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ է որակավորված ինժեներների առկայությունը: Բացառություն չէ ատոմային էներգետիկան: Ներկա պահին Հայկական ԱԷԿ-ում իրականացվում են արդիականացման և մինչև 2026թ. կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նոր կայանի կառուցման հնարավորությունները։ Քանի որ ատոմային գեներացիան Հայաստանի համար հիմնականներից է, այդ պատճառով երկրին հատուկ անհրաժեշտ են ատոմային բնագավառի համար որակավորված կադրեր», - ասաց Պետրոսյանը:

Այսօր տեխնիկական մասնագիտությունների աշխարհում կարևոր է ուսման միջազգային փորձը՝ ժամանակակից գիտելիքներ ստանալու և նրանց գործնական կիրառումն ապահովելու համար: Այսպիսով, արտասահմանցիներին տրամադրվում են Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում անվճար ուսուցման ամենամյա քվոտաներ:

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, Ռուսաստանի Դաշնության քվոտաներով ուսուցումը հնարավորություն է ճարտարագիտական և հարակից մասնագիտություններով աշխարհի լավագույն կրթություն ստանալու և ատոմային առաջատար օբյեկտներում պրակտիկա անցնելու համար:

«Այսօր Ռոսատոմի գործընկեր-համալսարաններում սովորում են 17000 արտասահմանցի ուսանող 130 երկրից:Այդ բուհերի շրջանավարտները դառնում են գիտական ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիր: Ռուսաստանում այս պահին ուսում է անցնում Հայաստանի շուրջ 3000 քաղաքացի և Օլիմպիադայում մասնակցությունը տաղանդավոր երիտասարդների համար փայլուն հնարավորություն է իրենց ներկայացնելու և ռուսաստանյան առաջատար բուհերի ուսանողների շարքերը համալրելու համար», - նշեց Ռիբինսկին:

Այս պահին մեկնարկել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով ընտրությունը, որը կտևի մինչև փետրվարի 15-ը: Ցանկացողները պետք է գրանցվեն «Russia.study» կայքում, լրացնեն ձևանմուշը և Երևանում գիտության և մշակույթի կենտրոնում հարցազրույց անցնեն:

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիան միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմն 1-ին տեղում է աշխարհում (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), 2-րդ տեղում է ուրանի պաշարներով, 4-րդ տեղում` արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիան «Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական բուհերի կոնսորցիում է, որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է:

149