Գրքեր

Գրքի փառատոն Կենդանաբանական այգում՝ Անկախության տոնին ընդառաջ

47
(Թարմացված է 23:09 17.09.2018)
Սեպտեմբերի 20-23-ը հրատարակչությունները Կենդանաբանական այգու հանրային տարածքում կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում է «Գրքի փառատոն»:

Այս մասին տեղեկացնում են Այգու հանրային կապերի ծառայությունից:

«Երևանի Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է  ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով և վերականգմամբ, այլ նաև մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի և տարբեր նախաձեռնությունների տեսքով:

Նորովի լուծումներով և նորովի մոտեցումներով Այգին փորձում է առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար:

Այս անգամ էլ Երևանի Կենդանաբանական այգին ձեռնամուխ է եղել նոր միջոցառման՝ «Գրքի փառատոնի» կազմակերպմամբ՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ:

Սեպտեմբերի 20-23-ը Հայաստանում գործող հրատարակչությունները կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ»,- ասված է Կենդանաբանական այգու տարածած հայտարարության մեջ:

Այգուց տեղեկացնում են նաև, որ զուգահեռաբար կազմակերպվելու է գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր հավաքված գրքերն ուղարկելու համար: Այցելուները կարող են իրենց հետ բերել այն գրքերը, որոնք արդեն ընթերցել են և պատրաստ են դրանք նվիրել այլ ընթերցասերների:

47
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ընտանեկան այցերի նոր փաթեթ` Կենդանաբանական այգու համար