Եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը. տոնի ժողովրդական ավանդույթները

107
(Թարմացված է 10:20 16.09.2018)
Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։

Խաչվերացը հնուց ի վեր հայ ժողովրդի համար ամենակարևոր տոներից է եղել։ Ինչպես յուրաքանչյուր ժողովրդական տոն, Խաչվերացը նույնպես համընկնում է տնտեսական տարվա որոշակի փուլի, մասնավորաբար՝ բերքահավաքի ավարտին և աշնանացանին։ Արարատյան հայրապետական թեմի կայքում հետաքրքիր մանրամասներ են գրված այս տոնի մասին։

Մի շարք բնակավայրերում տարեպտույտը հաշվել են Խաչվերացից Խաչվերաց՝ կապված աշնանային օրահավասարի հետ։ Թեև տոնն ունի եկեղեցական օրացույցով ամրագրված օր՝ սեպտեմբերի 11-ից 17-ը հանդիպող կիրակի, սակայն որոշ բնակավայրերում տատանվել է ամսվա տարբեր օրերի։ Ուստի սեպտեմբեր ամիսը ժողովուրդը կապել է Խաչվերացի հետ և հաճախ անվանել Խաչ-խաչին ամիս։

Հայոց տարբեր ազգագավառներում տոնն ունեցել է անվան տեղական տարբերակներ՝ պայմանավորված բարբառային առանձնահատկություններով, ինչպես Սփխեչ, Սըփ խաչ, կամ ծիսական որևէ բաղադրիչով՝ Ուլնոց, Խրով, որոնք կապված են եղել տոնի ծիսական կերակրի՝ ուլի խորովուի հետ։ Տոնին նախորդում է շաբաթապահք, և քանի որ խաղողի առատ լինելու պատճառով պահքի ընթացքում շատ են խաղող կերել, ուստի հարևան քրդերը տոնն անվանել են Նան ու Տրի, այսինքն՝ Հաց ու խաղողի տոն։ Ռեհան օրհնիլ անունը կապված է ծիսական արարողության հետ, երբ երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցու բակում ծաղիկներով և առավելապես խաչի ծաղիկ համարվող ռեհանով զարդարված հանդիսավոր խաչաթափորը շրջերթով անցնում է, իսկ հոգևորականը վարդաջուր է ցողում հավատացյալների վրա։

Խաչվերացի առանցքային մաս են կազմել ուխտագնացությունները։ Ինչպես փաստում են գրավոր սկզբնաղբյուրները և բանավոր ավանդությունը, գրեթե յուրաքանչյուր բնակավայր ունեցել է տոնի իր ուխտատեղին։ Ուխտավայրերն ի հայտ են եկել դեռևս վաղ շրջանից, երբ VII դ. պարսկական գերությունից ազատագրված Խաչափայտն անցել է Հայաստանով և իր կնիքը դրել հայոց մի շարք տեղանունների վրա, դարձել նոր սրբատեղիների առաջացման առիթ։ Այդպիսիք են Կարնո աշխարհի Խաչափայտ գագաթը, Թովմա Առաքյալ վանքը։ Զորավոր սրբատեղի է եղել Կարնո լեռների ստորոտոմ գտնվող Սբ. Խաչկավանքը։ Ըստ ավանդության, երբ Հիսուսի գերեդարձվող խաչափայտն այստեղ կանգ է առնել, նույն տեղից հրաշքով սկսել է սառնորակ աղբյուր բխել։ Համաձայն մեկ այլ ավանդության՝ այս վանքը կառուցվել է Խաչափայտի մասունքի վրա, որը Հերակլ կայսրը տվել է իր զինվորներին կերակրող մի բարեպաշտ կնոջ, ով մասունքն ամփոփել է և վրան վանք հիմնել։ Վայոց Ձորի մարզում է գտնվում ամենանշանավոր ուխտատեղի Արկազի Սբ. Խաչ վանքը, որի հիմքում, ըստ ավանդության, Հիսուսի Խաչափայտից մի մասունք է ամփոփված։ Սյունիքի Ծիծեռնավանքը, Տաթևի վանքը, Շաղաթ
ի Սբ. Գևորգը նույնպես տոնի նշանավոր ուխտատեղիներ են եղել։ Հավատացյալների թափորը սրբատեղիներ է շտապել տոնից օրեր առաջ։

Նրանց շարքում շատ են եղել նաև վատառողջները, ովքեր անվերապահորեն ապավինելով Սուրբ Խաչի բժշկարար զորությանը, հաղթահարել են դժվարանց ճանապարհները։ Ցայսօր Սուրբ Խաչ անունը կրող բոլոր վանքերը, եկեղեցիներն ու սրբատեղիները տոնի գլխավոր ուխտատեղիներն են։

Ուխտավայրերում, եկեղեցական հոգեպարար արարողությանը մասնակցելուց հետո սկսվել է տոնական մատաղի բաժանումն ու ճաշակումը, որին հաջորդել է համընդհանուր ուրախությունը, երգն ու պարը, խաղային մրցությունները։ Տոնին նախորդող շաբաթվա ընթացքում արգելվել են հարսանիքները։ Սակայն նորանշաններն ու նորապսակները, ինչպես մյուս տոներին, Խաչվերացին նույնպես, հարազատների ուշադրության կենտրոնում են գտնվել և նրանց կողմից, որպես նվեր, ստացել գաթայով, հալվայով, տոնական ուտեստով և աշնանային բարիքներով լի սկուտեղներ։

Հայ ժողովրդի ընկալումներում Խաչվերացի տոնը կապվում է նաև նախնիների հիշատակման հետ, քանի որ այն մահին հաղթանակած զենք է և հավիտենական կյանք տանող ուղի։ Խաչվերացի մեռելոցին բոլորը շտապել են գերեզմաններ, որտեղ շիրիմների օրհնությունից հետո հենց գերեզմանատան տարածքում նստել են հասարակական բացօթյա հացկերույթի։ Գերեզմաններ այցելելիս անպայման խաղող են տարել։ Որոշ վայրերում մահվան մեկ տարին չլրացած հանգուցյալ ունեցող ընտանիքներում ոսպով շորվա (մսով ու ձավարով կամ յուղով ու ձավարով ապուր) են եփել կամ փայնաքոշ (համեմով հաց) թխել և որպես հոգեբաժին՝ բաժանել։

Տոնի ավանդական կերակուրներից են հարիսան, ուլի խորովուն, որից առաջինը բաժին են հանել նոր հանգուցյալ ունեցող ընտանիքներին, մատաղը, որի կենդանուն ընտրել են տոնից ամիսներ առաջ և առանձնահատուկ խնամել։

Խաչվերացը, կարծես, ազդարարել է աշնանամուտը, ինչն արտացոլվել է ժողովրդական ասույթներում. «Աստվածածնա՝ բակը մտիր, Սըբ խաչին՝ ծակը մտիր», «Խաչ՝ վերմակը առ, ներս փախիր», ինչը նշանակում է, որ եղանակն այլևս զով է, և ժամանակն է տանիքի տակ քնելու։

107
թեգերը:
Հայաստան