Գյումրիում բացվեց ներառական սրճարան

Աշխատանքի ընդունվելու պայմանը` հաշմանդամություն. Գյումրիում ինքնատիպ փուռ–սրճարան բացվեց

154
(Թարմացված է 09:41 16.09.2018)
Գյումրին ներառական հասարակության կայացման օրինակ կարող է դառնալ տարածաշրջանի համար։ Այստեղ այսուհետ հաշմանդամություն ունեցողներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Արմենուհի Մխոյան, Sputnik. Հայրաքաղաք Գյումրու հենց սրտում՝  Աբովյան ճեմուղում, բացվեց յուրահատուկ փուռ-սրճարանը: Իր  բնույթով ինքնատիպ սրճարանն առայժմ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Աշխատանքի  անցնելու նախապայմանն այստեղ հաշմանդամությունն է:

Նմանը չունեցող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատելու են հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Այստեղ նրանք ոչ միայն հաց ու  թխվածքներ կթխեն, այլ նաև իրենք էլ կմատուցեն: Ծրագիրն իրականացնում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունն ու «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնը։ Նրանք հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու և աշխատաշուկա ուղղորդելու նպատակ ունեն։

25–ամյա Հովհաննես Մակարյանն ու 20-ամյա Միքայել Սահակյանն իրենց ընկերների հետ աշխատելու են այստեղ: Միքայելը  թխելու է, Հովհաննեսը՝ մատուցելու:  Իրենց կամքի ուժի ու նպատակասլացության շնորհիվ նրանք աշխատանք ունեն և արդեն կարող են փող վաստակել։ Փող վաստակեն ոչ միայն ծնողներին օգնելու, այլ նաև սեփական ընտանիքը կազմելու համար:

Уникальное кафе в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ներառական սրճարան Գյումրիում

«Աշխատելու եմ այս սրճարանում, համեղ սուրճ եմ մատուցելու և գումար եմ վաստակելու, որ օգնեմ ծնողներիս: Սովորել եմ, թե ինչպես պետք է մատուցել»,-ուրախությունը չթաքցնելով` Sputnik Արմենիային ասաց Հովհաննեսը: Հարցին թե սեփական ընտանիք ունենալու մասին դեռ չի մտածո՞ւմ, Հովհաննեսը շիկնելով պատասխանեց. «Երազանքներիցս մեկը կատարվեց` աշխատանք ունեմ ու կարող եմ գումար վաստակել և ծնողներիս օգնել, սա գործի կեսն է, սրանից հետո կարելի է նաև ընտանիք կազմելու մասին երազել»:

Уникальное кафе в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ներառական սրճարան Գյումրիում

Միքայելին Գյումրիում արդեն բոլորը գիտեն, շատերն են հասցրել համտեսել նրա պատրաստած համեղ հացերն ու թխվածքները: Տղայի դիմանկարով պաստառը զարդարում է սրճարանի մուտքը: Նա ևս երազում էր աշխատանքի մասին, իսկ ամուսնանալ որոշել է 3 տարի հետո:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 300 հազար եվրո է։ Այն համաֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից։  Կենտրոնի առաքելությունն է ծառայել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել ներառական հասարակության կայացմանը:

«Արեգակ» փուռ-սրճարանը, լինելով այդ առաքելության անմիջական կրողը, հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ  տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հացեր, թխվածքներ և սուրճ:

154