ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։
Այս մասին նա ասաց, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։
«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը», — ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ երկխոսությունը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։
«Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ (պետական – խմբ․), բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ», — ասել է Վարդանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց ուղղեց Վարդանյանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում չկատարեց իր առջև դրված խնդիրը։
Գործարարը պատասխանեց, որ ավելի լավ այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Փաշինյանը շարունակեց, որ ինքն էլ է ցնցված Հայաստանում գոյություն ունեցած համակարգից։ Վարչապետն իր համար բացահայտել է, որ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։
«Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդյունքը զրո է», — ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ երկու կողմերին միավորում է այն, որ նրանք նույն աշխատանքն են անում, մեկը շատ գումար է ստանում, մյուսը՝ քիչ, մեկը թանկ փողկապ է կապում, մյուսը՝ էժան։
«Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու», — ասել է Փաշինյանը։
Վարդանյանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ ավելի լավ է թվերի լեզվով խոսել, որ խոսակցությունն ավելի առարկայական լինի։
Նա հավելել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։
Վարդանյանը հարցրել է վարչապետին, կարելի է, արդյո՞ք, Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է։
«Ուղիղ ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին», — ասել է Վարդանյանը։
Փաշինյանն իր հերթին հարցով է պատասխանել Վարդանյանին. ի՞նչ անկայունության մասին կարող է խոսք լինել։ Նա զարմանում է՝ ինչո՞ւ են բոլորն արծարծում այդ հարցը։
«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա՞. այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն՝ նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն օգնում է սփյուռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հավասարաչափ կարևոր են։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա երկու առաջնորդների արդեն երրորդ հանդիպումն է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



