Ալեքսանդր Հոուիքամեր

Հայ երիտասարդները վախենում են ցուցադրել իրենց հմտությունները. հոլանդացին` հայերի մասին

363
(Թարմացված է 00:30 12.08.2018)
Նիդեռլանդներից Հայաստան ժամանած կամավորն էլ է տեսնում, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ է գրանցվել, և այդ հարցում քիչ չի եղել երիտասարդների դերը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ավելի քան 10 ամիս Գյումրիում կամավորություն իրականացնող Ալեքսանդր Հոուիքամերը մի շարք դրական փոփոխություններ է տեսել Հայաստանում և իր դիտարկումները ներկայացրել Sputnik Արմենիային։

«Խնդիրները լուծելը հեշտ չէ ոչ մի տեղ, կապ չունի` Հոլանդիայում ես, Բելգիայում, Գերմանիայում, թե Հայաստանում, բայց հեղափոխությունից հետո Հայաստանում մի շարք դրական փոփոխություններ են նկատվում: Ամենակարևորն այն է, որ երիտասարդները դրանից հետո իրենց ուժերին ու կարողություններին ավելի շատ վստահեցին: Փոփոխությունը հիմնականում երիտասարդների շնորհիվ է»,- ասաց նա։

Եվրոպական կամավորական ծառայության շրջանակում Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում կամավորություն իրականացնող երիտասարդը շատ է հավանել Հայաստանը, հատկապես` Գյումրին ու գյումրեցիներին:

«Այս ընթացքում տարբեր մարդկանց հետ եմ շփվել, բայց շատ եմ հավանել հենց Գյումրին: Քաղաքը տարբերվում է Հայաստանի մյուս վայրերից: Սիրեցի այս քաղաքը, քանի որ մարդիկ ավելի անմիջական են այստեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդների խնդիրներին` Ալեքսանդրը վստահեցրեց` ցանկացած խնդիր ավելի հեշտ կլուծվի, եթե երիտասարդներն ավելի ինքնուրույն ու նախաձեռնող լինեն:

«Շատ դեպքերում Հայաստանում երիտասարդները մինչ գործելը սպասում են, թե իրենց ինչ կասվի: Թեև վերջերս երիտասարդները շատ բանի հասան Հայաստանում, բայց դեռ նախաձեռնող չեն և շատ դեպքերում վախենում են ցուցադրել իրենց հմտությունները,թեև բավական կրեատիվ են»,-նշեց հոլանդացի կամավորը:

Ալեքսանդրը Գյումրիում օգոստոսի 11-ին մասնակցեց նաև երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից արդեն չորրորդ տարին իրականացվող միջոցառումը հետաքրքրել էր երիտասարդին, և նա որոշել էր մասնակցել և՛ քայլերթին, և՛ հեծանվաերթին, և՛ COLOR FEST-ին:

363