ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության անդամների հետ

Նախարարների կաբինետը փախուստի՞ է դիմել. ու՞մ անիրազեկությունն է կոծկում կառավարությունը

2053
(Թարմացված է 01:21 10.08.2018)
Պետական հաստատությունների որոշակի քանակի մամուլի քարտուղարների անտեղյակության և ոչ իրավասու լինելու պայմաններում կառավարական նիստերի բաց լինելը միակ հնարավորությունն էր առաջին ձեռքերից անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար։ Այժմ այդ հնարավորությունն այլևս չկա։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողներին օգոստոսի 9-ին բավական տհաճ անակնկալ էր սպասում։ Պարզվեց, որ այսուհետ ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար կառավարության նիստերի դահլիճի մուտքը փակ է։ Նիստերին նրանք կարող են հետևել հարևան սենյակից` դրա համար նախատեսված էկրաններով։

Ինչպես լրագրողներին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Կառավարությունը վերադառնում է անվտանգության նախկին ռեժիմի, որը, նրա խոսքով, կարգավորվում է ոչ թե օրենքով, այլ անվտանգության ծառայության որոշմամբ։ Միևնույն ժամանակ Եղոյանը պնդում է, որ վերջին շաբաթների ընթացքում լրագրողները բազմիցս խախտել են սահմանված ռեժիմը։

Տեղեկացնենք Եղոյանին, որ լրագրողների կողմից անվտանգության ռեժիմ որևէ  խախտում չի եղել։ Մամուլի համար նիստերի դահլիճ հասանելիություն ապահովելը, փաստորեն, Փաշինյանի որոշումն է եղել։ Այդ քայլը էապես հեշտացրել էր լրագրողների աշխատանքը` ազատելով նրանց  պետք եկած նախարարին և այլ նյուզմեյքերներին գտնելու համար ամբողջ շենքով վազելու անհրաժեշտությունից։ Ի՞նչն է ստիպել կառավարությանը վերադառնալ նախորդ վարչապետների` Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի սահմանած հին կարգին, պարզ չէ։

Այն ժամանակ լրագրողները նույնպես աշխատում էին մամուլի կենտրոնում և հետևում նիստի ընթացքին ուղիղ եթերով։ Նրանից հետո, երբ կառավարությունը գլխավորեց Սերժ Սարգսյանը, նիստերը սկսեցին փակ ռեժիմով անցկացվել, ինչը հասարակության և լրագրողների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց։

Արդյունքում` չեղարկելով Սարգսյանի սահմանած դաժան կարգը նոր կառավարությունն այժմ որոշել է վերադառնալ Աբրահամյանի և Կարապետյանի օրոք գործողին։ Փաստորեն, նրանց ժառանգությունից ազատվելով, Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն դեպքում թողնել մեկ մնացուկ` լրագրողներից փախչելու տեսքով։

Այն հարցին, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել հենց այսօր, թեև նիստում արդեն մի քանի ամիս է աշխատանքներ են տարվում, Եղոյանը չասաց` խոստանալով քննարկել այդ հարցն անվտանգության ծառայության աշխատակիցների  հետ։ Իսկ մինչ այդ նա լրագրողներին խորհուրդ տվեց այլ վայրերում մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնել։

Այստեղ անմիջապես մի քանի հարց է ծագում, մասնավորապես, իսկ մի՞թե չի կարելի նախապես մուտքի մոտ լրագրողներին դետեկտորի օգնությամբ ստուգել նրանց մոտ առկա «վտանգավոր» առարկաները հայտնաբերելու համար, այնուհետև չսահմանափակել նրանց տեղաշարժը։ Գուցե անհրաժեշտ է նրանց հիշեցնե՞լ «թավշյա հեղափոխության» հարցում մամուլի ունեցած ներդրման մասին։

Ինչ վերաբերում է հարցազրույցներին, ապա մի շարք պետական հաստատությունների և գերատեսչությունների մամուլի քարտուղարների, իսկ որոշ դեպքերում նաև երկրի առաջին դեմքերի խոսնակների անիրազեկության և ոչ իրավասու լինելու պայմաններում, նիստերի դահլիճում ներկա գտնվելը լրագրողներին հնարավորություն էր տալիս հասցեագրել հարցն անմիջապես նրանց պետերին։ Այժմ, երբ մամուլին ամեն կերպ «պարսպում» են «ժողովրդի ծառաներից», միակ ելքը` վազել և յուրաքանչյուր նախարարի առանձին բռնելն է։

Լրագրողների դժգոհությունը Փաշինյանի մամուլի քարտուղարին այսօր ստիպել է պարզաբանում տալ Facebook–ի իր էջում։  Ըստ էության` կրկնելով այն, ինչ նա ասել էր ցերեկը, Եղոյանն ավելացրել է, որ եթե պարզվի, որ պաշտոնատար անձինք` օգտվելով շենքի դասավորվածությունից, ժամանակ առ ժամանակ խուսափում են լրագրողներից, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Սակայն որոշումը չի ենթադրում, որ նիստերի դահլիճը ճեպազրույցների վայր է դառնալու։

2053
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն «առանց թիակների նավում». ինչպես Փաշինյանի կառավարությունը դուրս կգա պարտքի փոսից
Փաշինյանի կառավարությունը դեռ չի պատասխանել ամենակարևոր հարցին․ տնտեսագետ
Կառավարությունը վճարել է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքի մի մասը
Որքա՞ն ծամոն է ծամում Հայաստանը. Կառավարությունը զարմացած է, բայց չի առարկում