ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանում տարեցտարի նվազում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հանդեպ հետաքրքրությունը։ Այսօր այդ ֆակուլտետի չի փրկի անգամ այն փաստը, որ ՀՀ վարչապետ դարձավ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընկալում է որպես քաղաքական գործիչ, ոչ թե լրագրող», — ասաց Խաչատրյանը։
Հետևաբար վարչապետը դժվար թե կարողանա ազդել ապագա մասնագետների ընտրության վրա։ Նախկինում լրագրողի մասնագիտությունը կարգավիճակ էր տալիս, Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ ֆակուլտետը պահանջարկ էր վայելում։ Իրավիճակը փոխեցին համացանցն ու սոցիալական կայքերը։
Փորձագետը նշում է, որ երկրին ու ոլորտին այսօր էլ են պրոֆեսիոնալ լրագրողներ պետք։ Սակայն տեղեկատվության հիմնական հոսքը գալիս է սոցիալական կայքերից, ոչ թե ԶԼՄ-ներից։
Հայաստանում քիչ պահանջարկ ունեն ճարտարագետի, աստվածաբանի, տնտեսագետի և մի քանի այլ մասնագիտությունները։ Ամենաբարձր վարկանիշն ունեն ինֆորմատիկայի ու իրավաբանության ֆակուլտետները։
Փորձագետը կանխատեսում է, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանի բուհերում ճգնաժամ է լինելու։ Պատճառը 12-ամյա կրթական համակարգն է։
«Դիմորդները քիչ են, շատ ուղղություններում թափուր տեղեր կան։ Իրավիճակը կարգավորելու համար մոտ հինգ տարի է հարկավոր», —ասաց Խաչատրյանը։
Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները 2000-ականներին են որոշել անցնել 12-ամյա կրթական համակարգին, ու արդեն 2006 թվականին առաջին դասարանցիներին, կախված տարիքից, երկու խմբի բաժանեցին։
Այն երեխաները, որոնք 7 տարեկանում էին դպրոց գնացել, պետք է 11 տարի սովորեին հին համակարգով։ Իսկ այն երեխաները, որոնք 2006-ին 6 տարեկան էին, պետք է կրթություն ստանային նոր համակարգով և սովորեին 12 տարի։
Հայաստանի դպրոցները տարեկան 35 հազար շրջանավարտ են ունենում։ Քանի որ 2006 թվականին առաջին դասարանցիներին երկու խմբի էին բաժանել, մի խումբը (մոտ 20 հազար) 2017 թվականին ավարտեցին, մյուս խումբը (մոտ 15 հազար)` 2018-ին։
Այս պատճառով էլ բուհերում թափուր տեղեր են մնացել։ Ստացվում է, որ համակարգը գործարկել են, բայց չեն մտածել` ինչպես պետք է այն գործի հետագայում։ Արդյունքում բուհերը հայտնվել են ճգնաժամային իրավիճակում, և գրեթե բոլոր բուհերում թափուր տեղեր են մնացել, պետությունից էլ ֆինանսավորում չկա։
Փորձագետը կարծում է, որ այդ խնդրի միակ լուծումը պետական աջակցությունն է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



