Տարոն Մարգարյանը «Հայաստան–Սփյուռք» համաժողովում

Տարոն Մարգարյանի 50 երանգները․ ինչ է թողել իր հետևից Երևանի քաղաքապետը

1206
(Թարմացված է 23:28 10.07.2018)
Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին հրաժարական է տվել։ Վերջին շրջանում քաղաքագլխի վարկանիշը բարձր չէր, իսկ երևանցիների ու Հայաստանի քաղաքացիների կարծիքները նրա մասին հակասական են։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Հայաստանի Հանրապետական կուսակցության բաստիոններից մեկը նախօրեին ընկավ․ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը մնացել էր իր պաշտոնում «թավշյա հեղափոխությունից» հետո, հրաժարական տվեց։

Բազմազավակ հայրը (նա` վեց երեխա ունի) ղեկավարում էր Երևանը 2011թ-ից։  Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ի դեպ, Արեյանը 14 տարի շարունակ զբաղեցնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ 2003թ-ից մինչ օրս։ Նա քաղաքապետի տեղակալ է եղել 1997-2001թթ-ին (այդ ժամանակ քաղաքապետը Վանո Սիրադեղյանն էր, որի նկատմամբ ավելի ուշ հայտարարվել է միջազգային հետախուզում)։ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է հավաքել արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության մասին։

Երեխաները կյանքի ծաղիկներն են

Քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո Մարգարյանն ասել էր, որ ուժերը կուղղորդի քաղաքի հավասարաչափ զարգացմանը։

Ժամանակի հետ Երևանի տարբեր շրջաններում վերակառուցվել են, վերանորոգվել սպորտային և գեղարվեստական դպրոցներ։ Քաղաքապետարանը նաև հոգ է տարել Երևանի որոշ դպրոցների ու մանկապարտեզների ջեռուցման համակարգի մասին։ Մայրաքաղաքի շատ բակերում Մարգարյանի հրամանով տեղադրվել կամ վերանորոգվել են մանկական խաղահրապարակներ։ Քաղաքապետարանի տվյալներով՝ մի քանի տարում կառուցվել է մոտ 80 մանկական խաղահրապարակ՝ հագեցած 400 միավոր մարզական գույքով։

Կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը Երևանի քաղաքապետարանն սկսել է իրագործել մի քանի փուլով՝ սկսած 2014թ-ից։ Կենդանաբանական այգու «բնակիչներին» պահելու պայմանները նկատելիորեն լավացել են, իսկ մայրաքաղաքի բնակիչները բազմիցս ասել են, որ այնտեղ զբոսնելն ավելի հաճելի է դարձել, տարածքը բարեկարգվել է։

Մարգարյանի օրոք ներմուծված ևս մի նորարարություն․ սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաների համար Կենդանաբանական այգու տարածքում կառուցվել է հատուկ հրապարակ, որտեղ նրանք կարող են խաղալ։

Զբոսաշրջությունը մեր ամեն ինչն է

Շուտով ամբողջ Երևանում զբոսաշրջիկների համար կբացվեն տեղեկատվական կենտրոններ։ Ճանապարհորդները կարող են մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու, օգտվել ժամանակակից լուծումներից, իմանալ, թե ինչ հետաքրքիր անկյուններ կան Երևանում։ Այս գաղափարի առաջխաղացումը նույնպես պատկանում է Տարոն Մարգարյանին։

«Վերնիսաժի» վերակառուցումը

«Վերնիսաժը» զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրերից է։ 2016թ-ից շուկայի առևտրականների աշխատանքի պայմանները բարելավվել են։

«Վերնիսաժի» վերակառուցումը, արդիականացումը և բարեկարգումը տեղի է ունեցել մասնավոր հատվածի հետ քաղաքապետարանի համագործակցության շրջանակում։

Ավելին, շուկայի մոտ կառուցվել է մեծ պուրակ (որը ժամանակավորապես կոչվում է «Խաչքարերի պուրակ»), տեղադրվել են շատրվաններ, նստարաններ, ինչպես նաև Գարեգին Նժդեհի հուշարձանը։

Շատ բնակարան չի լինում

Մարգարյանի օրոք բազմաբնակարան շենքերի շինարարությունը նույնպես չի դանդաղել, ավելի շուտ՝ հակառակը։ Հայտնվել են նորակառույցներ։

Զինվորները «մոտեցել» են ծնողներին

Նախկին քաղաքապետը ներմուծել է ծրագրեր, որոնք թույլ են տվել զինվորների ծնողներին զորամասերում այցելել իրենց որդիներին։ Այցելությունները կազմակերպել է քաղաքապետարանը։ Բացի այդ, 2015թ-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ արցախյան պատերազմի տարիներին զոհված 30 ազատամարտիկների ընտանիքներ մայրաքաղաքում ստացել են նոր բնակարաններ։

Քննադատություն, խնդիրներ և հասարակություն

Բայց Մարգարյանն անթերի չէր, և նրա հասցեին քննադատությունը երբեք չի հանդարտվել։ Նշվել է, որ Երևանում սնկի նման աճում են ճարտարապետական խնդիրները, քանդվում են հին շենքերը, այդ թվում՝ պայթեցնելու միջոցով, տարիներով չի լուծվում տրանսպորտի հարցը, ողբալի վիճակում է Երևանի բուսաբանական այգին, Մանկական երկաթուղին և այլ օբյեկտներ։

Բողոքի ակցիաներ

Տրանսպորտի վիճակը քաղաքապետարանի հանդեպ գլխավոր պահանջներից է, իսկ ներկրված չինական ավտոբուսներն այդքան էլ չօգնեցին։ Մարդիկ շարունակում էին պիկ ժամերին  (առավոտյան և երեկոյան) աշխատանքի գնալ լեփ-լեցուն տրանսպորտում։

Ուստի գների բարձրացման առաջարկը քաղաքացիների կողմից հատկապես սուր ընդունվեն։ 2013թ-ին Երևանում սկսվեցին հասարակական տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ։ Այդ ժամանակ որոշում ընդունվեց, որ 2013թ-ի հուլիսի 20-ից Երևանի  բնակիչները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում երթևեկելու համար պիտի վճարեն 150 դրամ գործող 100 դրամի փոխարեն։ Տրոլեյբուսի ուղևորավարձը պետք է կազմեր 100 դրամ 50-ի փոխարեն։ Մետրոյով երթևեկելու սակագինը նույն էր մնում՝ 100 դրամ։

Քաղաքապետարանի որոշումը հանգեցրեց բողոքի զանգվածային ակցիաների, որի հետևանքով քաղաքապետարանի նախաձեռնությունը «սառեցվեց»։

Պետք է նշել, որ 2018թ-ին քաղաքապետարանը ներկայացրեց Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը՝ մշակված WYG կոնսալթինգային ընկերության կողմից։ Որոշման մեջ նշված էր, որ 115-ի փոխարեն գործելու է 42 երթուղի, իսկ 2039 տրանսպորտային միջոցի փոխարեն՝ 939։ Ի տարբերություն գործող համակարգի՝ տրանսպորտային միջոցները պետք գործեին փոխլրացման սկզբունքով։

Սկանդալներ և ԱԱԾ

Քաղաքապետին կասկածում են «մութ» գործերի մեջ։ Այս տարվա հունիսին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է անցկարցել քաղաքապետարանում։

Անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են (և համապատասխանաբար առգրավել) փաստաթղթերի մեծ բազա, որն առնչվում է ենթադրյալ խոշոր հափշտակումների, խարդախությունների հետ։ Պարզվել է նաև, որ Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանում, ինչպես նաև նրա վերահսկողության տակ գտնվող «Երևան» հիմնադրամում եղել են պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքեր։

«Տարոն ջան, սիրուն չի»

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի արած արտահայտությունը՝ «Տարոն ջան, սիրուն չի», թևավոր է դարձել։

Մի քանի տարի առաջ Երևանում թնդում էր Մաշտոցի պողոտային հարող պուրակը քանդելու թեման, ակտիվիստները պահանջում էին ազատվել դրանցից տեղադրվող տաղավարներից, Մարգարյանն անտեսում էր պահանջը։

Սակայն մի գեղեցիկ օր այդտեղ հայտնվեց Սերժ Սարգսյանը և, ըստ էության, մի արտահայտությամբ լուծեց հարցը․ «Տարոն ջան, սիրուն չի»։ Այդ ժամանակ Սարգսյանն ասաց, որ չի կարելի անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել։ Դա եղել է 2012թ-ին, բայց դրանից հետո Սարգսյանի խոսքերը թևավոր են դարձել։

Վերելակները

Հին վերելակները Երևանի շենքերի մեծամասնության ամենակարևոր խնդիրներից են։ Եթե արտաքուստ ամեն ինչ գեղեցիկ է, ապա ներսից շատ շենքերում վերելակները ողբալի վիճակում են։ Ստացվում է, որ մուլտֆիլմերի նման հյուրեր ընդունելիս ամեն ինչ փայլում է, իսկ արկղներում, պահարաններում և գորգերի տակ աղբ է։

Շատ վերելակներ 30-40 տարեկան են, իսկ փորձագիտական գնահատականների համաձայն, իրենց ռեսուրսը չի գերազանցում 25 տարին։ Sputnik Արմենիայի թղթակիցները բազմիցս գնացել են «թեժ հետքերով», որպեսզի նկարեն բնակելի շենքերում գտնվող սարսափելի վերելակները։ Շատ բնակիչներ վախենում են իրենց կյանքի համար․ «կարող ես տեղ չհասնել, վերելակը կարող է ընկնել»։

Անցած տարի Հայաստանում վերելակները խափանվել են մոտ 120 անգամ։ Հուսանք, որ հաջորդ քաղաքապետը կլուծի այդ խնդիրը։

Աղբը

2013թ-ից Տարոն Մարգարյանը քննադատության էր արժանանում աղբահանության խնդրի թեմայով, որը տարիներով արդի է Երևանի համար։ Քաղաքային իշխանություններն այդ խնդիրը լուծեցին մրցույթի միջոցով, որում հաղթած լիբանանական Sanitek ընկերությունն իր վրա է վերցրել Երևանում աղբահանության պարտականությունները։

Ընկերությունը հին աղբամանները փոխարինել է նոր և մաքուր աղբամաններով։ Սակայն ուրախությունը երկար չտևեց։ Մինչ օրս որոշ շրջաններում աղբը օրերով մնում է լցված աղբամաններում, ինչն ամառվա շոգին անթույլատրելի է։ Իսկ կոմունալ ծառայությունների աշխատողները երբեմն թույլ են տալիս իրենց Երևանի տարբեր շրջաններում ոչ մեծ աղբ, տերևներ հավաքել և այրել հենց բակերում՝ տարածելով գարշահոտ։ Երևանի քաղաքապետարանը Մարգարյանի կառավարման տարիներին խոստացել էր լուծել աղբամանների խնդիրը, մասնավորապես, քաղաքի ծայրամասերում։

Ո՞վ է հաջորդը

Հիմա ԶԼՄ-ներում տարբեր լուրեր են պտտվում այն մասին, թե Երևանի 12-րդ քաղաքապետ կարող է դառնալ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը («Ելք» դաշինք), ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

1206
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան