McDonald's

Հայաստանում McDonald's կբացվի՞. վրացի գործարար Չկոնիան արձագանքել է Փաշինյանի կոչին

985
(Թարմացված է 18:35 17.05.2018)
Վրացի գործարար Թեմուր Չկոնիան Երևանում McDonald's բացելու հարցերը քննարկելու համար ստիպված կլինի կապեր հաստատել Հայաստանի նոր կառավարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացի գործարար Թեմուր Չկոնիան, որն արդեն վաղուց է փորձում Երևանում McDonald's բացել, արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտասահմանյան ներդրումների մասին կոչին։

Փաշինյանը բազմաթիվ անգամ ասել է, որ ներդրումների արագ ներհոսքի հույս ունի, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Հուսով եմ, որ արտասահմանյան ներդրումներ ասելով` վարչապետը նկատի ուներ նաև վրացի գործարարներին։ Պատրաստ եմ Թբիլիսիում կամ Երևանում հանդիպել վարչապետի հետ և քննարկել ներդրումների, մասնավորապես Հայաստանում McDonald's բացելու հարցը», — ասաց Չկոնիան։

Նա հույս ունի, որ արագ սննդի կետն ամեն դեպքում մինչև տարեվերջ կբացվի։

Չկոնիան ավելի վաղ ասել էր, որ Երևանում McDonald's-ի առաջին կետի բացման հարցը պետք է լուծվեր Հայաստանի նախագահական ընտրություններից հետո (2018 թվականի մարտ)։

Նախորդ կառավարությունը հավանություն էր տվել վրացի գործարարի նախաձեռնությանը, բայց քննարկման թեմա էր դարձել տեղի ընտրությունը։ Չկոնիան ուզում էր առաջին McDonald's-ը բացել Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի մոտ։ Սակայն այս նախաձեռնությունը դուր չէր գալիս ՀՀ քաղաքացիներին։

Ընտրություններից հետո գործարարը պետք է McDonald's-ի բիզնես պլանն ու ամբողջական կոնցեպտը ներկայացներ, որում կլինեին բոլոր հարցերի պատասխանները` տնտեսական արդյունքներ, արագ սննդի կետերի քանակ, աշխատատեղերի թիվ։

Սակայն այսօր նա, ամենայն հավանականությամբ, պետք է կապեր հաստատի երկրի նոր ղեկավարության հետ։

Չկոնիան նախատեսում է Հայաստանում McDonald's-ի յոթ ռեստորան հիմնել։ Ռեստորանը կառուցելու համար 1500 քմ մակերես ունեցող տարածք է հարկավոր։

Հայաստանում ռեստորանը բացելու հարցը որոշվում էր Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում։ Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացեց 90-ականներին։ Այժմ Վրաստանում աշխատում է McDonald's արագ սննդի մի քանի կետ։ Բացի այդ, գործարարը նաև Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։

985