ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի դպրոցներն այսօր վերջապես աշխուժացան։ Տարրական դասարանների աշակերտների ծնողները կրկին կանգնեցին դպրոցների դռների մոտ և սպասեցին իրենց երեխաներին։
«Երեխաս երկրորդ դասարանում է սովորում։ Երկար դադարից հետո այսօր առաջին անգամ է դպրոցում լիարժեք դաս անցկացվում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթ Գևորգյանը։
Նրա երեխան սովորում է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող դպրոցում, այսինքն հենց այն հատվածում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում ցուցարարների պակաս չկար։ Ծնողներից ոմանք երեխաներին դպրոց չէին տանում` վախենալով, որ հետո փակ ճանապարհների պատճառով չեն կարողանա տուն հասնել։ Շատերն էլ երեխաներին դպրոց չուղարկելու իրենց պատճառն ունեին։
«Եթե ուզեինք, կարող էինք ոտքով տանել երեխաներին, բայց դպրոց չուղարկելով` փորձում էինք մեր ներդրումն ունենալ շարժման մեջ», — ասաց Լիլիթը։
Այսօր Երևանի բոլոր դպրոցներն արդեն նորմալ գործել են։ Դպրոցներից մեկի պահակը դա կապում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կոչի հետ։ Երեկ նա դիմել էր դպրոցականներին ու խնդրել «դասերը լավ սովորած դասի գնալ»։
Մերի Մանուկյանը վերջին երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ էր երեխային դպրոց ուղարկել։ Հիմա նրան մի հարց է անհանգստացնում` ինչպես են լրացնելու բաց թողած դասերը։
«Վաղը ծնողական ժողովի են կանչել, հույս ունեմ` դպրոցական խորհուրդը ճիշտ որոշում կկայացնի։ Երեխային դպրոց չէի ուղարկում, որովհետև չգիտեի` կկարողանա նրան ժամանակին վերցնել, թե ոչ, հատկապես, որ աշխատում եմ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Բուհերում սովորողները նույնպես բաց են թողել պարապմունքները։ Ոմանք դեռ չեն պատրաստվում վերադառնալ բուհ։
«Ես այսօր դասի չեմ գնացել, որովհետև ցանկացած պահի կարող եմ պետք գալ ժողովրդին, կարող է որևէ բան փոխվել, նախընտրեցի նորություններին հետևել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց չորրորդ կուրսի ուսանող Առնո Հովհաննիսյանը։
Նրանք ընկերների հետ որոշել են, որ եթե օրն առանց միջադեպերի ավարտվի, վաղվանից կսկսեն համալսարան գնալ։
Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունն իր հերթին այսօր դպրոցների տնօրեններին կոչ է արել համապատասխան միջոցներ կիրառել բաց թողած դասերը լրացնելու համար։
«Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»», — նշված նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 16-ից Երևանում քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաներ էին անցկացվում։ Քաղաքի ճանապարհները պարբերաբար փակվում էին, ինչը դժվարացնում էր երթևեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:
Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:



