Ձերբակալություն

Նպաստառու դարձնելու համար կաշառք է վերցրել. Լոռու մարզպետարանի աշխատակիցը ձերբակալվել է

63
(Թարմացված է 18:42 12.04.2018)
Չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում բացահայտված չարաշահումների գործով 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Վանաձորում քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար գումար պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք են Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը և «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը, պարզվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, 2006-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու համար, վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է գումար: Նախնական տվյալներով՝ գումարներն ստանալու գործընթացում մարզպետարանի աշխատակցին օժանդակել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձորի փոստային մասնաճյուղի աշխատակիցը:

Քննությամբ արդեն պարզվել են 5 տարբեր անձանց նպաստի տրամադրումը կազմակերպելու համար ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքեր։

Ապրիլի 11-ին ձերբակալվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի վարձատրության դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

63
Ըստ թեմայի
Կաշառք ստանալու նոր դեպք. պաշտոնյան փորձել է թմրանյութ փոխանցել կալանավորին
Որքա՞ն կաշառք են ստացել պաշտոնյաները` ծառահատման թույլտվության համար. բացահայտում է ՀՔԾ–ն
ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյային