ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ընկերուհուն։ Բժշկական կենտրոնի մուտքի մոտ չհասած` լսել է, թե ինչպես է մեկը հետևից հայհոյանքով «հրավիրում» լուսանկարվելու։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում` ներողություն խնդրելով մանրամասների համար։
«Չկարողացա «չլսել», ասում եմ` պատասխանատո՞ւ եք ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք ասում, կամ ինչի եք ընդհանրապես դուք… Թե՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ։ Ասում եմ` հասկանո՞ւմ եք, որ էստեղ կանայք ծննդաբերում են, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների…»,- գրել է Նազենին։
Հաղորդավարուհուն ի պատասխան, նրանցից մեկն ասել է` դե լավ, լավ, գնա արդեն։
«Դե բավական է էլի, լռելու ճար չկա, էստեղ դնում եմ տվյալ «տղաներին», նրանց նկարեցի արդեն վերևի հարկից, մեքենայի համարը` հուսալով, որ սա դաս կլինի մնացած բոլորին, ովքեր որոշեն հայհոյել, վիրավորել, ու դրանով բռնանալ որևէ աղջկա, լինի փողոցում, պատահական, տաքսու մեջ, հետիոտն թե աշխատակից… Իրենց կանանց վրա ձեռք բարձրացնող ամուսին կոչվածներից մինչև փողոցում իրենց գռեհկություն թույլ տվող վախկոտ կենդանիներ»,- նշել է Նազենին` հրապարակելով նրանց լուսանկարները։
Նա ցավով նշել է, որ բակում տղամարդիկ են եղել, բայց որևէ մեկը չի արձագանքել։Նազենին նաև մի դեպք է հիշել։ Մայրն ու հայրը կանգառում կանգնած են եղել, երբ մի մարդ սկսել է բարձրաձայն հայհոյել, հաղորդավարուհու 70 տարեկան հայրը սաստել էր, թե կանգառում կանայք կան, որոնցից մեկն էլ իր կինն է` ով է ձեզ իրավունք տվել հայհոյելու։
«Ես իմ հոր աղջիկն եմ, մենք քույրերով սովորել ենք մեզ պաշտպանել, ու էսպիսի բաները որևէ ձևով մարսելի չեն, քանի դեռ օրենք չկա՝ մարդուն պաշտպանող, ուրեմն բակի օրենքով էլ կանայք պիտի իրենց պաշտպանեն։ Հերիք է արդեն»,- գրել է հաղորդավարուհին։
Նրա խոսքով` եթե այս 4-5 տղայից մեկն իրեն նման բան է թույլ տալիս ու մյուսները չեն սաստում կամ միանգամից բերանը փակում, ուրեմն իրենք էլ այդպիսին են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտցվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։


