Գրեգոր Ադամյան

Ինչու է ֆրանսիահայ գործարարն ամեն տարի Հայաստան բերում ընկերներին. նրա երազանքի Հայաստանը

100
(Թարմացված է 20:36 11.04.2018)
Հայաստանում ֆրանսիացիներին հիացնում է այստեղի լանդշաֆտը, մաքուր օդն ու ազգային խոհանոցը։ Նրանք ակամայից դառնում են մեր երկրի դեսպանները դրա սահմաններից դուրս։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա.

Ֆրանսիահայ գործարար, «Ազատ» ամսագրի գլխավոր խմբագիր Գրեգոր Ադամյանը ամեն տարի Հայաստան է բերում իր ֆրանսիացի ընկերներին։ Դրանով, ըստ նրա, նա իր ներդրումն է անում Ֆրանսիայում Հայաստանը հանրահռչակելու գործում։

«Արդեն երկար տարիներ է, ինչ ավանդաբար Հայաստան եմ գալիս ֆրանսիացի ընկերներիս հետ։ Երկիրը նրանց հիացնում է։ Նրանք սովորաբար տուն են վերադառնում և դառնում Հայաստանի իսկական դեսպաններ ոչ միայն Ֆրանսիայում, այլև մյուս երկրներում», — Sputnik Արմենիայի հետ Լիոնում զրուցելիս ասաց Ադամյանը։

Ֆրանսիահայ գործարարի համար պատմական հայրենիքով շրջագայության երթուղին ամեն տարի անփոփոխ է մնում։ Նա աչքերի փայլով և կարոտով է հիշում Հայաստանի Գառնու տաճարը, Տաթևի ամենաերկար ճոպանուղին, այն հանգիստը, որը կարելի է վայելել` այցելելով Գեղարդի եկեղեցի, Սևանա լճի զեփյուռը։

«Մեր պատմական հայրենիքը մյուս երկրներին նման չէ։ Լանդշաֆտը, բնությունը և խոհանոցը միշտ ոգեշնչում են ինձ ու ընկերներիս, նոր գաղափարներ ու նախագծեր են ծնվում», — ասաց Ադամյանը։

Ադամյանը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր նրա տատն ընտանիքով տեղափոխվել է` փրկվելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Հայաստանի հետ կապը Ադամյանների ընտանիքը երբեք չի կորցրել։ Նրան դաստիարակել են ավանդական հայկական ոգով, նույն կերպ նա դաստիարակել է իր երեխաներին։

«Կինս հայ է, այդ պատճառով ավելի հեշտ էր երեխաներին դաստիարակել հայկական ավանդական արժեքներով։ Մենք միշտ նշում ենք հայկական տոները», — ասաց Ադամյանը։

Հայաստանում Ադամյանը տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Նրա շնորհիվ 12 տարի առաջ ֆրանսիական Գրենոբլն ու հայկական Սևանը քույր քաղաքներ դարձան։

Գրենոբլի հայկական համայնքի ջանքերով և ֆրանսիացի մասնագետների օգնությամբ Սևանի տներում արևային մարտկոցներ են տեղադրվելու։

«Ծրագիրը շուտով կյանքի կկոչվի. տների տանիքներին էլեկտրականություն արտադրող մարտկոցներ կտեղադրվեն», — ասաց Ադամյանը։

Նրա կարծիքով` դա էապես կհեշտացնի տեղի բնակչության կյանքը։ Ադամյանը, ինչպես և Ֆրանսիայի հայկական համայնքի մյուս ներկայացուցիչները, երազում է Հայաստանն ապագայում ուժեղ և հարուստ պետություն տեսնել։

Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնի մերձակայքում մոտ 100 հազար հայ է ապրում, բուն քաղաքում` մինչև 2 հազար։ Այս քաղաքը շատերը «հայկական մշակութային Փարիզ» են անվանում։ Քաղաքում հայերենով երկու ռադիոկայան է գործում, նաև հայկական ամսագիր է հրատարակվում։

Այստեղ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, դպրոց և եկեղեցի է գործում։

Լիոնի կենտրոնում` Պոնսե հրապարակում, տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Լիոնի մոտ է գտնվում «փոքր Հայաստանը». ֆրանսիացիներն այդպես են անվանում Ֆրանսիայի հայաբնակ Դեսին քաղաքը։

100
Ըստ թեմայի
Մոսկվացի գործարար Կամո Ավագումյանը «կգիրանա»` նա մտադիր է գնել մրցակցի խոշոր բիզնեսը
Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը
Գործարար Գրիգորի Ավետիսովը պաշտպանել է ռուսաստանցի մարզիկներին
Ուզում ենք ընդլայնել ֆրանսիական գործարար ներկայությունը մեր երկրում. Սերժ Սարգսյան
Լիոնի հայազգի գործարար. «Բարեգործությունը վերջացավ, մենք միամիտ չենք»