Խոր Վիրապ

Օտարերկրացիների աչքերով. Արարատով հիացած մոսկվացիները որոշել են լողալ Սևանում

190
(Թարմացված է 09:14 11.04.2018)
Երբ լիովին ինքնաբուխ որոշում ես տոմս գնել և ճանապարհվել Հայաստան, ուղևորությունը ճակատագրական է դառնում...Չէ՞ որ անհնար է չսիրահարվել այս երկրին, կարծում են շատ զբոսաշրջիկներ, այդ թվում՝ Տատյանա Ռուսսկիխը Մոսկվայից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանը, Մինսկը և Թբիլիսին նման են նրանով, որ յուրաքանչյուր քաղաքում փորձում են հնարավորինս ջերմ ընդունել զբոսաշրջիկին, նվաճել նրա սիրտը։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց մոսկվացի ճանապարհորդուհի Տատյանա Ռուսսկիխը։

Յուրաքանչյուր երկրում ինչ-որ հիանալի բան կա, բայց Հայաստանում հիանալի է ամեն ինչ, կարծում է զբոսաշրջիկը, որն ամուսնու հետ մեկ շաբաթով եկել էր մեր երկիր։

«Մենք եղել ենք այլ հետխորհրդային երկրներում՝ Վրաստանում (Գուդաուրի, Թբիլիսի), Բելառուսում (Մինսկ, Վիտեբսկ)։ Հայաստանն արագ զարգացող երկիր է, դա երևում է, երբ համեմատում ես Երևանը մյուս մայրաքաղաքների հետ։ Ամենագլխավորը՝ բոլորը փորձում են գոհացնել զբոսաշրջիկին», — պատմեց Տատյանան։

Մոսկվացի ճանապարհորդները հինգ օրով են եկել արևի, ծիրանի և կոնյակի երկիր, իսկ տոմսերը գնել են ուղևորությունից երեք օր առաջ։

Ա՜խ, հրաշք Արարատ

Զույգը բառացիորեն սիրահարվել է Արարատ լեռան տեսարանին, և նրանց բախտը բերել է եղանակի հարցում. Անամպ, պարզ երկինքը հնարավորություն է տվել հիանալ Հայաստանի գլխավոր խորհրդանիշի վեհությամբ։

Սակայն միայն Արարատը չէ, որը հաճելիորեն ուրախացրել է ռուս ճանապարհորդներին։ Նրանք մեկնել են ավանդական ուղղությամբ՝ Գառնի և Գեղարդ։ Իսկ ահա լեռնային գեղեցկություններ կարողացել են տեսնել Խոր Վիրապ կատարած էքսկուրսիայի ժամանակ։

 

«Երևանում շրջել ենք գրեթե բոլոր հետաքրքիր վայրերով։ Կարող եմ ասել, որ հայերը բարի, լավ, բարյացակամ մարդիկ են, համեայն դեպս, մեզ նման մարդիկ են պատահել։ Նրանք շատ հյուրասեր են», — ասաց մոսկվացին։

Տատյանան հավելեց, որ Մոսկվայում ունեն հայ ընկերներ, իսկ հենց Հայաստանում ձեռք են բերել ևս մի քանիսը։

Հարց չկա

Ռուս զբոսաշրջիկները հաղորդակցման հարցում չեն բախվել բարդությունների։ Նրանց դուր է եկել, որ ամենուրեք հանդիպել են ռուսալեզու մարդկանց, լինի դա խանութ, ռեստորան կամ ցանկացած այլ վայր։

 

Տատյանայի վրա մեծ տպավորություն է թողել այն, որ Հայաստանում գործում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ ուսումն անվճար է։

Տատյանան և նրա ամուսինը հասցրել են բազմաթիվ լուսանկարներ, տեսանյութեր անել, համտեսել հայկական ազգային ճաշատեսակներ։

«Փորձել ենք լահմաջո՝ այժմ իմ սիրելի ճաշատեսակը։ Տոլման նույնպես հետաքրքիր, համով կերակրատեսակ է, սպասը և շատ մսային ուտեստներ (լուլա քաբաբ, շաուրմա, խորոված)։ Աղանդերից հրաժարվելը մեղք էր, քանի որ հայկական քաղցրավենիքները, մրգերը, չրերը և ընկույզը հիասքանչ են», — ասաց Տատյանան։

 

Հիմա Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ասոցացվում է քրիստոնեական եկեղեցիների, տուֆի, Արարատ լեռան և համեղ ուտելիքի հետ։ Ամուսնական զույգը ծրագրում է վերադառնալ Հայաստան, որպեսզի լողան Սևանա լճում և համտեսեն ամառային մրգերը։

190
Ըստ թեմայի
Օտարերկրացիների աչքերով. մոսկվացին իր համար բուսակերների Հայաստան է բացահայտել
Օտարերկրացիների աչքերով. ռուս կինը կրկին Հայաստան կգա հայկական կոնյակի պատճառով
Օտարերկրացիների աչքերով հայերն արևի են նման, Հայաստանը` ջազի. պետերբուրգցու հիացմունքը
Ինչու՞ են հայ աղջիկներն ամուսնանում օտարերկրացիների հետ