ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված` մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է ձեզ համար անհասկանալի լեզվով։
Թունաքիմիկատով աղտոտված հագուստը պետք է լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին։
Անհրաժեշտ է տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով։
Թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում։
Պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում։
Չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում (լիմոնադի շիշ և այլն)։
Խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար։
Պետք է պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս։
Թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ։
Թունաքիմիկատի խառնուրդը պետք է պատրաստել լավ օդափոխվող տարածքում։
Թունաքիմիկատի հետ աշխատելիս պետք է օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ)։ Չի կարելի փչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ։
Պետք է օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը։ Աղտոտված մաշկը և հագուստը պետք է լվանալ առատ ջրով և օճառով։
Չի կարելի օգտագործել թերություններ ունեցող սարքեր։