ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Գլոբալ տաքացումն ու որպես դրա հետևանք` բնական աղետները Հայաստանը չեն շրջանցի։ Դրա փաստացի ապացույցը 2017 թվականի չափազանց շոգ ամառն ու 2018 թվականի տաք, չոր ձմեռն են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Հայաստանում որոշ գիտնականներ սխալմամբ կարծում են, որ գլոբալ տաքացումը կարող է շրջանցել Հայաստանը։ Ազդեցությունն ակնհայտ է. աշունն աշուն չէ, ձմեռը ձմեռ չէ, գարունը գարուն չէ։ Սեզոններն արագ են փոխվում», — ասաց Ադամյանը։
Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները տագնապալի են։ Ժամանակն է հնարավոր աղետի կանխարգելման համար որոշակի միջոցներ ձեռնարկել։ Տաքացումն ու երաշտը լուրջ վտանգ են ներկայացնում նաև կենդանական աշխարհի համար. Հայաստանում բնակվող որոշ տեսակները ստիպված են լինելու հեռանալ` կյանքի ավելի բարենպաստ պայմաններ գտնելու համար։
«Տարեցտարի տեղումները պակասում են։ Այս տարի իշխանությունները կհայտնեն մեզ, որ ջրամբարները դատարկ են, ու Սևանից լրացուցիչ ջրառի կարիք կլինի», — ասաց Ադամյանը։
Բնապահպանը համոզված է, որ Հայաստանի անտառներում դեռևս 2017 թվականի ամռանը եղած հրդեհները կլիմայական փոփոխությունների հետևանք են։
2018 թվականի միայն առաջին երեք ամիսների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում երեք հրդեհ է բռնկվել։ 2017 թվականին «Խոսրովի անտառ» ագելոցի տարածքում էր խոշոր հրդեհ բռնկվել։ Հրդեհը սկսվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող տարածքից։ Հրդեհը տարածվել էր դեպի մոտակա անտառ։
Բնապահպանը կոչ արեց ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի կլիմայական փոփոխություններին. իրավիճակը թեև կրիտիկական չէ, բայց տագնապալի է։
«Երաշտը կարող է փոխվել հորդառատ տեղումների, ինչը Երևանում ջրատար դիտահորերի բացակայության պայմաններում կարող է ջրհեղեղ առաջացնել», — ասաց Ադամյանը։
Ջրամբարներում ոռոգման ջրի պաշարի մեծ մասը գոլորշիացել է 2017 թվականի տապի պատճառով։ Չոր ու տաք ձմռան պատճառով դրանք չեն հասցրել վերականգվել։
ՀՀ ԱԻՆ տրամադրած պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի ջրամբարներն այսօրվա դրությամբ դեռ շարունակում են 80%-ով դատարկ մնալ։ Այսպես` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը հունվարի 10-ի դրությամբ 525 մլն խմ-ի փոխարեն 113 է, Արփի լճում`105-ի փոխարեն 13, Ապարանի ջրամբարում` 91-ի փոխարեն 14.8, Ազատի ջրամբարում` 70-ի փոխարեն 19.3, Մարմարիկում` 24-ի փոխարեն 2.57 մլն խմ։
Հիշեցնենք` 2017 թվականի աննախադեպ շոգի պատճառով Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված էր օգտագործել ջրամբարների գրեթե ամբողջ ջուրը գյուղատնտեսական տարածքները ոռոգելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


