Լավաշով բրդուճներ

Վրացիները հիացած են հայկական լավաշի «բազմաֆունկցիոնալությամբ»

143
(Թարմացված է 22:15 30.03.2018)
Հայկական լավաշը ունիվերսալ է. այն կարելի է օգտագործել ամենատարբեր ուտեստներ պատրաստելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Վրացիները գնահատում են ոչ միայն հայկական լավաշի համն ու հոտը, այլև այն, որ դրանով կարելի է բազմաթիվ համեղ ուտեստներ պատրաստել։ Intermedia.ge վրացական տեղեկատվական գործակալությունը հայկական լավաշով պատրաստվող ուտեստների ցանկ է կազմել։

«Նախ պետք է լավաշը փռել սեղանին, հետո ցանկացած միջուկ ավելացնել։ Ընդ որում` բրդուճները կարող են տարբեր չափերի լինել», — գրում է հոդվածի հեղինակը։

Լավաշը կարելի է խողովակաձև կամ ծրարի պես փաթաթել։ Կախված միջուկից` դրանից կարելի է տարբեր ուտեստներ պատրաստել։ Նյութի հեղինակը 13 տարբեր ուտեստներում լավաշի կիրառման տարբերակներ է առաջարկել։

Այսպես` նա առաջարկում է լավաշը խողովակաձև փաթաթել` այն լցոնելով ծովախեցգետնի ձողիկներով, սխտորով, կանաչիով ու մայոնեզով կամ խառնել կաթնաշոռ, կանաչի, սխտոր ու խառնուրդի վրա նույնպես մայոնեզ լցնել։ Միաժամանակ նույն լավաշով կարելի է տարբեր համերի ուտեստներ պատրաստել։

Կարելի է կաթնաշոռը կամ ծովախեցգետինը փոխարինել պանրով, ստեպղին ավելացնել կամ էլ որպես հիմնական բաղադրիչ ձուկ օգտագործել։

Լավաշը որպես ավանդական հայկական ուտեստ` 2014 թվականին ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

143